Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունը շարունակվում է

Ապրիլ 25,2013 14:53

Հայոց ցեղասպանության չընդունումը միջազգային կառույցների կողմից անպատժելի է դարձնում նաեւ այսօր իրականացվող ցեղասպանությունները: Այսօր բավական բարդ իրադրության առաջ են կանգնած Իրաքում բնակվող ազգային փոքրամասնությունները: Իրաքում բնակվող ազգային փոքրամասնություններից անելանելի դրության մեջ են հայտնվել ասորիները եւ եզդիները:

Անդրադարձը եզդիների իրավիճակին մեզ ստիպեց այն հանգամանքը, որ 2007 թվականի ապրիլի 23-ին Իրաքի Մոսուլ քաղաքում հրապարակային գնդակահարվեցին ազգությամբ 24 եզդիներ: Ոճրագործությանը միայն մեկ ընտանիքից զոհ գնաց 10 մարդ, որոնցից մեկը՝ 10 տարեկան երեխա:  24 այս եզդիները, ինչպես նաեւ հարյուրավոր այլ եզդիներ, Իրաքում սպանվել են իրենց ազգային պատկանելության համար: «Ինչպես հայտնի է՝ իսլամիստները եզդիներին համարում են անհավատներ եւ այդ իսկ պատճառով նրանց դիտարկում են՝ որպես թշնամիներ: Ըստ իսլամական օրենքների՝ անհավատ են կոչվում այն մարդիկ, ովքեր չունեն Սուրբ գիրք, իսկ այն, որ եզդիներն ունեն Սուրբ գիրք, դա ապացուցված է, եւ այստեղ ի հայտ է գալիս ծայրահեղ իսլամիստների սուտ քարոզչությունը: Իսկ իրականում եզդիներին իրենց պատմական հայրենիքից (Իրաքի հյուսիսից) արտաքսելու եւ սպանելու այլ պատճառներ կան: Դրանք հիմնականում վերաբերում են նավթահանքերին, որոնք առկա են եզդիներով բնակեցված տարածքներում»,- «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասաց «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ նախագահ Բորիս Մուրազին:

Ինչպես հայտնի է՝ Իրաքը ԱՄՆ ներխուժումից հետո բաժանվեց մասերի եւ այդ երկրում տիրապետող դիրք գրավեցին քրդերն ու արաբները: Եզդիներով բնակեցված տարածքները, ավելի քան յոթ շրջան՝ Քիրկուկ, Շանգալ, Բաշիկա, Խանկին, Շեյխան, Բահզան եւ Քիլկեւ, չեն մտնում ոչ քրդերի եւ ոչ արաբների տիրապետության տակ: Դրանք վիճելի տարածքներ են, որոնց ճակատագիրը պետք է որոշի տեղի ազգաբնակչությունը: Իսկ տեղի ազգաբնակչությունը ցանկանում է լինել որպես առանձին միավոր, որը դուր չի գալիս ոչ արաբներին եւ ոչ քրդերին: Այս երկու կողմերը փորձում են իրավիճակը իրենց օգտին փոխել եւ առաջին հերթին ահաբեկումով են ցանկանում  տեղի բնակչությանը տեղահան անել, իսկ դրա փոխարեն այդ տարածքներում բնակություն են հաստատում քրդերն ու արաբները: «Կարելի է ենթադրել, որ այդ հալածանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ թվային գերակշռությունը չի անցել քրդական կամ արաբական կողմի օգտին: Իսկ Իրաքի եզդիաբնակ այդ տարածքներից արդեն իսկ գաղթի ճանապարհն է բռնել ավելի քան 500 000 մարդ»,- ասում է «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ նախագահ Բորիս Մուրազին։

Նրա ձեւակերպմամբ, ապրիլի 23-ին 24 եզդիների սպանդը տեղի է ունեցել տեղի ոստիկանության եւ ահաբեկիչների համագործակցության արդյունքում. ծայրահեղ իսլամիստները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենց համար կարեւոր չէ մարդու իրավունքը եւ ժողովուրդների պատմությունը:

ՍԻՐՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930