Նա հանդես կգա ազգային տարազով
Անի Ոսկանյանը սովորել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում, եւ չնայած մասնագիտությամբ միջազգայնագետ է, սակայն առայժմ աշխատում է հյուրանոցային ոլորտում:
«Առավոտի» հետ զրույցում Անին պատմեց, որ երկրորդ մասնագիտությամբ էլ պարուհի է՝ շուրջ 10 տարի է՝ պարում է, մասնակցել է բազմաթիվ փառատոների՝ Իսպանիայում, Լեհաստանում, Գերմանիայում եւ այլուր:
Հայաստանում եւ արտերկրում Անի Ոսկանյանը ներկայացնում է հայկական ժողովրդական պարը, բայց իրեն փորձել է նաեւ այլ ոճերում:
«Մայիսի 1-ին պատրաստվում եմ մեկնել Թուրքիա (Բոդրում), որտեղ տեղի է ունենալու Think Once, Think Twice, Think Dance-2 միջազգային պարային փառատոնը: Ես այնտեղ լինելու եմ EVS կամավոր մեկ ամսով, որի ընթացքում պիտի ներկայացնեմ Հայաստանի մշակույթը, պատմությունը, ինչպես նաեւ պարային համար՝ ազգային տարազով»,- հայտնեց Անի Ոսկանյանը: Նա տեղեկացրեց, որ փառատոնին կմասնակցեն շուրջ 40 երկրից 3000 պարողներ, փառատոնի կազմակերպիչները Հայաստանից Անիին են ընտրել՝ ուսումնասիրելով իր ուղարկած տվյալները:
Տեղեկացանք, որ աղջիկը 8 տարի պարել է «Նաիրի» համույթում, որը նախկինում «Մուշ» էր կոչվում: «Փառատոնի շրջանակներում պետք է նաեւ այլ ոճի պարեր էլ ներկայացնել, ինչի համար էլ եմ պատրաստվել»,- ասաց մեր զրուցակիցը: Որպես կամավոր նա առաջին անգամ է մասնակցում Բոդրումի միջազգային պարային փառատոնին եւ ուրախ է, որ հենց իրեն է վերապահված այդ միջոցառման շրջանակներում ներկայացնել Հայաստանի մշակույթը, ավանդույթները եւ պատմել ծննդավայրի մասին:
Նա հավելեց, որ շփումները կայանալու են անգլերեն, եւ լավ է, որ մասնագիտության բերումով լեզվական խնդիրների չի հանդիպի, բացի այդ, էությամբ շփվող, ընկերասեր եւ հետաքրքրասեր անձնավորություն է:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ