Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարև Երևան»-ի ցուցակի առաջին եռյակը թանկարժեք գույքի սիրահար չէ

Ապրիլ 25,2013 14:40

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին եռյակը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի համաձայն, թանկարժեք գույքի սիրահար չէ: Նրանք չունեն նաև արժեթղթեր և այլ ներդրումներ:

Ավագանու այս թեկնածուներն ունեն մեկական բնակարան և ավտոմեքենա, իսկ ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը՝ նաև հողամաս: Նրանք բոլորն ունեն վարձատրվող աշխատանք, հետևաբար՝ եկամուտներ: Դրամական միջոցներ ունի միայն ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բախշյանը:

Ըստ ԿԸՀ-ից «Փաստինֆո»-ին տրամադրված հայտարարագրերի, «Բարև Երևան» դաշինքի առաջին հորիզոնականը զբաղեցնող «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դոցենտ, 39-ամյա Արմեն Մարտիրոսյանը Երևանում 65 քմ մակերեսով բնակարանի համասեփականատեր է և 0,084 հա մակերեսով հողամասի սեփականատեր:

Ա.Մարտիրոսյանը հայտարարագրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 1996թ.-ի արտադրության «Opel Vectra B» ավտոմեքենա:

«Ժառանգության» փոխնախագահի եկամուտները 2012թ.-ի մարտի 1-ից մինչև 2013թ.- մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում գոյացել են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից ստացած 1 մլն 208 հազար 147 դրամ աշխատավարձից և 2012թ.-ի մարտ-մայիս ամիսներին Ազգային ժողովի աշխատակազմից ստացած 741 հազար դրամ ԱԺ պատգամավորի աշխատավարձից:

Դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը Երևանում 42 քմ մակերեսով բնակարանի համասեփականատեր է և 2001թ.-ի արտադրության «Honda CR-V 2.01» ավտոմեքենայի սեփականատեր:

«Ժառանգության» վարչության անդամը 2012թ.-ի մարտի 1-ից մինչև 2013թ.- մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար որպես եկամուտներ հայտարարագրել է 2012թ.-ի սեպտեմբերից Կրթության ազգային ինստիտուտից ամսական ստացած 185 հազար դրամ աշխատավարձը, ՀՀ կենսաթոշակային հիմնադրամից՝ ամսական 35 հազար կենսաթոշակը և ամսական 310 հազար դրամ «Հոկտեմբերի 27-ի» զոհի այրու թոշակը, 2012թ.-ի մարտ-մայիս ամիսներին Ազգային ժողովի աշխատակազմից՝ 741 հազար դրամ ԱԺ պատգամավորի աշխատավարձը:

Ա.Բախշյանի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ եղել են 600 հազար դրամ և 21 հազար ԱՄՆ դոլար:

Դաշինքի երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մելտեքս» ՍՊԸ-ի, այն է՝ «Ա1 պլյուս»-ի, տնօրեն, անկուսակցական, 63-ամյա Մեսրոպ Մովսեսյանը Երևանում 100 քմ մակերեսով բնակարանի և 1999թ.-ի արտադրության «Mersedes Benz E-300» ավտոմեքենայի սեփականատեր է:

Մ.Մովսեսյանը որպես եկամուտ հայտարարագրել է «Մելտեքս» ՍՊԸ-ից ստացած 180 հազար դրամ ամսական աշխատավարձը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930