Այս կուսակցությունները միասին որոշել են պայքարել ընտրակեղծիքների դեմ
Այսօր քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը բանավեճ էր կազմակերպել ԲՀԿ, ՀԱԿ եւ «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ընտրակեղծիքների դեմ պայքարելու մեթոդների մասին:
ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը վստահեցրեց, որ հանձնաժողովների հենց իրենց անդամներն էին, որ հնարավորինս նվազեցրեցին նախագահական ընտրություններում կեղծիքները: Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին՝ նա ասաց. «Մենք փորձում ենք այն քաղաքական ուժերի հետ, որոնք նույնպես շահագրգռված են ընտրակեղծիքների դեմ պայքարի գործում, սա համարենք համագործակցություն՝ կոնկրետ ընտրատեղամասում ստեղծելու այնպիսի միջավայր ու մթնոլորտ, որ ընտրակեղծիքներ անելու փորձերը կանխվեն, չստացվեն»:
Նա ասաց, որ այս պահին կոնսուլտացիաների մեջ են այլ քաղաքական ուժերի հետ, եւ ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» մասնակցում են դրանց. «Արդեն մի քանի հանդիպումներ ենք արել, խորհրդակցություն ենք արել, թե տվյալ անդամը որքան կկարողանա գործուն միջոցերով զսպել ընտրակեղծիքները: Նոր Նորք շրջանում վստահ եմ, որ կփորձենք ամեն բան անել, որ չլինի այնտեղ որեւէ կեղծիք»: Վլադիմիր Կարապետյանը նաեւ նշեց, որ այսօրվա հանդիպումից հետո «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ կքննարկեն, թե ինչպես կարող են համագործակցությունն ավելի սերտ դարձնել:
Կարդացեք նաև
Վլադիմիր Կարապետյանը վստահ է, որ հանձնաժողովի 8-ից 4 անդամը կարող են այնպես անել, որ չլինեն ընտրակեղծիքներ եւ արդյունքում ունենալ հնարավորինս օրինական ընտրություններ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ