Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Խղճի եւ կրոնի ազատությունն ու հայրենիքի նկատմամբ պարտքի համատեղումը

Ապրիլ 25,2013 15:04

«Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական հիմնախնդիրները» թեմայով  խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության , ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հիշեցրեց, որ առաջին ընթերցմամբ ընդունված համապատասխան օրենսդրության քննարկումների ժամանակ բուռն քննարկումներ են եղել:

Վիճելի հարցերը վերաբերվում են խղճի եւ կրոնի ազատության եւ ՀՀ ազգային անվտանգության գերակայության խնդիրներին: Այդ պատճառով էլ կազմակերպվել են խորհրդարանական այս լսումները`շահագրգիռ շրջանակների կարծիքները լսելու եւ ըստ այդմ նաեւ երկրորդ ընթերցման ժամանակ համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն իր ելույթում նկատեց, որ խոսքի եւ կրոնի ազատության իրավունքի եւ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու պարտավորության խնդիրը մեր առջեւ ծառացել է ՀՀ Սահմանադրության կարգավորումներից ելնելով եւ ոչ թե միջազգային կազմակերպությունների կողմից է առաջադրվել, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Հրայր Թովմասյանը մանրամասնորեն անդրադարձավ այս հարցի կարգավորումն ապահովող նախկին եւ գործող օրենսդրական դաշտին, խոսեց  հակասություններից եւ բացթողումներից:
Նկատենք, որ այս հարցում առանցքային են համարվում հարցի`ՊՆ-ի գերատեսչության ներքո գտնվելը եւ ծառայության ժամկետների սահմանումը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այժմ խղճի եւ կրոնի դավանանքի պատճառով զինծառայությունից խուսափելու գործերով նախաքննության փուլում ունենք 26 գործ, դատարաններում`23, 34 անձ քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում: Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ այս մարդկանց տեղը ՔԿՀ-ն չէ, եւ մենք պարտավոր ենք գտնել այն տեղը, որտեղ կարելի է օգտագործել այս անձանց ներուժը:

Նա նաեւ ներկայացրեց, որ նախագիծը տարանջատում է այլընտրանքային զինվորական ծառայությունը եւ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը, քանի որ կրոնի դավանանքի համոզմունքները կարող են մի դեպքում ընդհանրապես բացառել զինված ուժերում ծառայելը, մեկ այլ դեպքում՝ չբացառել զինված ուժերում ծառայելը, բայց բացառել զենք կրելը: «Մենք զինված ուժերում ունենք տարբեր աշխատանքներ, որոնք կապված չեն զենք կրելու հետ, եւ վերջինս կարող է ծառայություն իրականացնել`առանց զենք կրելու: Իսկ մյուս մասի մոտ, երբ բացառվում է երկուսն էլ, մենք պետք է լուծումներ գտնենք»,- ասաց նախարարի պաշտոնակատարը` հավելելով, որ այլընտրանքային աշխատանքային ծառայության համար սահմանվում է 36 ամիս` ներկայիս 42 ամսի փոխարեն, իսկ այլընտրանքային զինվորական ծառայության համար սահմանվում է  30 ամիս, գործող 36 ամսվա փոխարեն:

Նա նկատեց, որ այս տարբերակները պատժիչ բնույթ չպիտի կրեն, ու հենց դրանով է պայմանավորված սովորական զինծառայությունից ժամկետների նման տարբերությունը: Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ փոխվել է նաեւ այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ձեւավորման կարգը: Եթե նախկինում այն հիմնականում զինված ուժերի կողմից էր կառավարվում, ապա այժմ ՊՆ-ի ներկայացվածությունը նվազագույնի է հասցված`ի շահ քաղաքացիական հաստարությունների մասնակցության: Հանձնաժողովներում ներգրավված կլինեն գերատեսչությունների փոխնախարարները: Հստակ կանոնակարգվում է նաեւ պարտադիր զինծառայությունից այլընտրանքային զինծառայության անցնելու դիմում ներկայացնելու, այն քննարկելու ընթացակարգը, ժամկետները եւ այլն: Վերացվել է այլընտրանքային աշխատանքային ծառայության նկատմամբ կիրառվող զինվորական վերահսկողությունը: Վերահսկողություն իրականացնող մարմինը սահմանելու է կառավարությունը: Հրայր Թովմասյանն այս մոտեցումը համարում է ճկուն, որը հնարավորություն կտա կառավարությանը կողմորոշվել`տվյալ պահին այդ ներուժի օգտագործման արդունավետությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930