Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շրջապատված եմ գեղեցկությամբ եւ հորս ավանդած կտակն է ինձ ուղեցույց». Տիգրան Ներսիսյան

Ապրիլ 25,2013 14:32

«Կյանքը պայքար է: Նետվիր պայքարի մեջ: Ազնիվ պայքար մղիր: Շուրջդ քեզ նման մարդիկ են, միշտ բարի եղիր նրանց հանդեպ: Թող գեղեցիկը, բարին ու ճշմարիտը լինեն քեզ առաջնորդ: Օն հառաջ…»,- Բաբկեն Ներսիսյանի այս խորհրդով եմ կյանք մտել, այս խոսքերով եմ առաջնորդվել: Իմ հոր կողմից ինձ ավանդած այս կտակն է եղել ուղեցույց, որով ես մտել եմ արվեստի աշխարհ, ստեղծել եմ ընտանիք, ձեռք բերել ընկերներ, ապրել ու ստեղծագործել ազնիվ: Ազնիվ եղել մերձավորի, հայրենակցի նկատմամբ: Իմ երկրի անկախության քսանմեկ տարիների բոլոր զրկանքները, տառապանքները կրել եմ ես իմ ընտանիքով անտրտունջ, ինչպես իմ բոլոր հայրենակիցները, մեկ օր իսկ չբացակայելով հայրենիքից: Հայրս՝ Բաբկեն Ներսիսյանն է ձեռքիցս բռնած տարել թատրոն, ինը տարեկանում բեմ եմ բարձրացել, եւ Մայր թատրոնը դարձել է ինձ համար սրբավայր, աղոթատեղի: Իմ առաջին եւ վերջին ուսուցիչը եղել է հայրս՝ թե կյանքում, թե արվեստում: Երեսուն տարի է՝ ինչ բեմում եմ: Եվ երջանիկ եմ եղել ու կամ, որովհետեւ բեմ եմ բարձրացել մեծ վարպետների հետ, մեծ արտիստների հետ. Բ. Ներսիսյան, Ա. Ասրյան, Մ. Սիմոնյան, Մ. Մկրտչյան, Ս. Սարգսյան, Վ. Վարդերեսյան: Հրաշալի դերասանական աստղաբույլի կողքին եմ եղել բեմում՝ Գ. Նովենց, Լ. Հովհաննիսյան, Մ. Ղարագյոզյան, Շ. Ղազարյան, Հ. Ավագյան, Ժ. Ավետիսյան, Ա. Գասպարյան ու էլի շատ շատերը: Եվ այսօր ինչ-որ գորշ, ապաշնորհ, անտաղանդ, մանրախնդիր մարդիկ համակված են մի պարզ տենչանքով, ընդհանրապես արվեստի դաշտում, բեմում, էկրանին, ամենուր չտեսնել Տիգրան Ներսիսյանին եւ Նելլի Խերանյանին, մարդիկ, որոնց համար մեր ներկայությունն իսկ իրենց չորացած ուղեղներում լոկալ բնույթի արյան զեղումներ են ծնում, որովհետեւ մեր ստվերն իսկ իրենց հիշեցնում է, թե որքան փոքր են իրենք, անօգնական, անզոր եւ ապաշնորհ: Եվ այդ խղճուկ խմբակին միացած դու՝ Կարեն Ջանիբեկյան, որ իմ՝ վերը նշված մեծ արտիստների եւ հրաշալի դերասանների ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ խմբում չես եղել ու չես էլ կարող լինել: Դու այսօր պատերազմ ես հայտարարում Ներսիսյանների ընտանիքին: Քեզ իրավունք ես վերապահում որոշել Տ. Ներսիսյանի եւ Ն. Խերանյանի շնորհքի, տաղանդի աստիճանը: Չգիտեմ ով, բայց դու չէ, որ պետք է որոշես այն: Այն որոշել են հազարավոր մարդիկ, որոնք գնահատում, հարգում եւ սիրում են մեզ՝ մեր հանդիսատեսը, մեր ժողովուրդը, այն որոշել են պրոֆեսիոնալները, թատերագետները, որոնք մեր աշխատանքին գնահատական են տվել: Եվ այդքան սուտ, կեղծիք եւ հերյուրանք տարածել հանրության մեջ, թե մենք ենք այն արտիստները, որ թույլ չենք տալիս եւ քեզ, եւ մնացյալներին ինքնահաստատվելու, բեմ բարձրանալու: Մենք ենք, որ թույլ չենք տվել Շահվերդյանի ղեկավարման տասներեք տարիների ընթացքում քեզ դեր ստանալ եւ խաղալ:

Ամիսներ առաջ Վանաձորում բեմի վրա Շահվերդյանի հետ արդեն ողջագուրվում էիք եւ սիրո խոստովանություններ անում, չկարողացա՞ր պարզել մեղավորներին համբույրի պահին: Այն դեպքում, երբ այսօր թատրոնի խաղացանկի քսաներեք ներկայացումներից միայն վեցում ենք զբաղված ե՛ւ ես, ե՛ւ Նելլին, ու միշտ է այդպես եղել՝ վերջին քսան տարում: Այն դեպքում, երբ մեր կենսագրության ողջ ընթացքում ոչ մի հանգամանքում, ոչ մի պարագայում, ո՛չ գեղարվեստական ղեկավարից, ո՛չ բեմադրիչից երբեք ոչինչ չենք խնդրել, ոչ մի դեր, իրենք են առաջարկել, իրենք են վստահել եւ ավելին՝ հրաժարվել ենք բազմաթիվ անգամներ:

Գնացեք խաղացեք, ստեղծեք, արարեք, ո՞վ է ձեզ խանգարում: Թե՞ այնքան տկար եք, անզոր ու վտիտ, որ բեմում հայտնվելիս մկան ծակին հարյուր թուման եք տալիս: Եվ այդ իմ ո՞ր դերերն էին, քո պատկերացմամբ, որ սխալ էին տրվել ինձ եւ պետք է տրվեին քեզ՝ Աբեղա՞ն, Թեհլերյա՞նը, Ռասկոլնիկո՞վը, Կալիգուլա՞ն, թե՞ Արշակ թագավորը: Գուցե այսօր բեմադրվելիք Ռիչարդը, որի մասին պատմելով ակնհայտորեն ստում ես ու խեղում պատմությունը: Փառք Աստծո, ամբողջ ստեղծագործական խումբը եւ բեմադրիչ Արթուր Սահակյանը ողջ եւ առողջ են, եւ գիտեն իրական պատմությունը: Երեւի սերնդային եւ տարիքային չափումներն են խառնել քո մեջ, չեմ կարծում, որովհետեւ այսքան թույն ու մաղձ թափելով քո կրտսերի վրա, քո հոր ընկերոջ զավակի վրա, ապավինում ես միայն քո տարիքին, որ նա կլռի, որ նա չի խոսի: Բայց եթե լայն բացեիր աչքերդ, կտեսնեիր, որ քո դիմաց տասնյոթ տարեկան պատանյակներ չէ, որ կանգնած են, այլ գուցե իրենց կյանքի մեծ մասն ապրած մարդիկ, կենսագրություն ունեցող մարդիկ, բանաստեղծը կասեր՝ «իմ տարիքում դեղձենին երեք անգամ մեռած կլիներ»: Իսկ եթե իրականության զգացողությունդ կորցնելու պատճառն այն է, որ մեր ընկերն է Աննա Աղասարյանը, այստեղ դու ոչինչ անել չես կարող: Եվ ես շատ ուրախ եմ եւ հպարտ, որ մեր ժամանակների լավագույն դրամատուրգներից մեկը եւ մեր քաղաքի ամենագեղեցիկ կանանցից մեկը մեր ընկերն է, մեր ընտանիքի ընկերը: Եվ եթե դու՝ Կարեն Ջանիբեկյան, պատերազմ ես հայտարարում Ներսիսյանների ընտանիքին քո այդ ատրճանակով, որ թույն է կրակում եւ հրապարակավ հայտնում, որ զզվում ես մեզնից, անվարան ընդունում եմ քո պատերազմի հրավերը եւ ասում՝ քո թույնի դեմ ես գեղեցկությամբ կպատասխանեմ, որովհետեւ ես երջանիկ մարդ եմ: Ես շրջապատված եմ գեղեցկությամբ: Իմ տանը մի շատ գեղեցիկ կին կա եւ երկու հրաշագեղ աղջիկներ: Սա ենք մենք, սա է մեր ընտանիքը: Եվ եթե դու զզվում ես մեզնից, մենք ընդհակառակը՝ խղճում ենք քեզ… Երբ հայտնվես այնտեղ, ի՞նչ ես պատասխան տալու Բաբկենին ու Ժենյային, ո՞նց ես նայելու նրանց աչքերի մեջ: Չկասկածես՝ պահը անխուսափելի է: Այսքանը…

ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ,

ՀՀ վաստակավոր արտիստ

Պատրաստ ենք տպագրել նաեւ Կարեն Ջանիբեկյանի տեսակետը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բեատրիս says:

    Տիգրան Ներսիսյան եվ Նելլի Խերանյան, մենք հարգում եվ սիրում ենք ձեզ, գնահատում’ ձեր աշխատանքը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930