Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես ծիծաղելի վիճակում չհայտնվել

Ապրիլ 25,2013 14:24

Ապրիլի 22-ին մեր համալսարանի հոգեբանության, փիլիսոփայության եւ քաղաքագիտության առաջին կուրսեցիները քննարկեցին հեռուստատեսության եւ մամուլի լեզվին առնչվող մի քանի հարցեր։ Նրանք կարդացել էին հոդվածներ, դիտել հեռուստատեսային հաղորդումներ եւ գրառումներ արել։

Դասախոսը՝ բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը, նախ ներկայացրեց հյուրերին՝ Մարգար եւ Էլիզ Շարապխանյան ամուսիններին, մանկավարժական գիտությունների թեկնածու Թամար Ալեքսանյանին եւ բանասիրական գիտությունների թեկնածու Ռոլանդ Ավետիսյանին։ Նա ասաց, որ այս քննարկման նպատակը ոչ միայն նկատած թերությունների մասին խոսելն է, այլեւ այդ օրինակների քննարկման միջոցով մեր խոսքի թերությունները շտկելը։ Մ. Խաչատրյանը նշեց, որ Արամ Հայկազի պատմվածքների «Ապրող ծառ մը» ժողովածուի շնորհանդեսին մասնակցած ուսանողները հնարավորություն ունեցան Կամո Տեր-Պետրոսյանի կատարմամբ լսել մի քանի պատմվածք եւ մեկ անգամ էլ արեւմտահայերեն կենդանի խոսք լսելու ցանկություն հայտնեցին։ Շարապխանյան ամուսինների խոսքը դրա հնարավորությունը կտա բոլոր ներկաներին։

Շարապխանյան ամուսինները ուշադրություն հրավիրեցին այն խնդրին, որ մայրենին չիմանալու պատճառով մեզանից շատերը փաստորեն աղավաղում են նաեւ ռուսերենը, երբ «հայացնում» են առարկաների անունները։

Մարգար Շարապխանյանը շատ ուսանելի մի պատմություն պատմեց «ընկույզ» բառի գործածության մասին եւ խնդրեց այդ օրինակը հիշելով՝ խուսափել ծիծաղելի իրավիճակներում հայտնվելուց, ավելի բծախնդիր լինել բառագործածության հարցերում։

Տիկին Էլիզ Շարապխանյանը խոսեց արեւելահայերեն եւ արեւմտահայերեն մամուլում անհասկանալի բառաձեւերի գործածության մասին։ Նա պատմեց շատ հետաքրքիր դեպքեր, երբ մայրենիի չիմացությունը փաստորեն քողարկվում է օտար լեզուների բառերի անտեղի գործածությամբ։ Նա հույս հայտնեց, որ երիտասարդներն ավելի ուշադիր կլինեն մայրենի լեզվի մաքրության հարցերում։

Ուսանողները հատուկ քննության նյութ դարձրին «կիսվեց իր ապրումներով» անմիտ արտահայտությունը, որի քննության ժամանակ նման բազմաթիվ արտահայտություններ հիշատակեցին։

Ելույթ ունեցած ուսանողները ներկաների ուշադրությանը հրավիրեցին խոսքի՝ իրենց նկատած վրիպումները։

Թամար Ալեքսանյանը շեշտեց այն հանգամանքը, որ մենք մեր բանավոր խոսքը հաճախ հարմարեցնում ենք խոսակցի խոսքի մակարդակին։ Նա խնդրեց ու պահանջեց, որ ամեն մեկս վերահսկենք մեր խոսքը եւ դրանով օգնենք մայերենիի մաքրության գործին։

Ամփոփիչ խոսքում Մ. Խաչատրյանը ուսանողներին հանձնարարեց իրենց կարդացած հոդվածներում նկատած վրիպումները, բառագործածության սխալներն ուղղել եւ ներկայացնել հաջորդ դասին։ Նա նաեւ հանձնարարեց վերընթերցել Մովսես Խորենացու «Ողբը» եւ Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հոդվածը, որոնց քննությամբ զբաղվելու են ապրիլի 30-ի դասի ժամանակ։ Ուսանողները ստացան տնային աշխատանքին վերաբերող նյութերի կրկնօրինակները։

ՎԻԿՏՈՐՅԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

հոգեբանության 2-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930