Լույս է տեսել Ռոբերտ Դավթյանի «Հայաստան-Ֆրանսիա.Հայագիտական հետազոտություններ» գիրքը: Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռոբերտ Դավթյանը մի շարք գրքերի, ուսումնասիրությունների հեղինակ է: Նրա արվեստաբանական գործունեության ընթացքում ծնվել են նաեւ երաժշտական արվեստին նվիրված հոդվածներ ու գրքեր: Շուրջ չորս տասնամյակ է՝ հեղինակը զբաղվում է նաեւ Սփյուռքի երաժշտական կյանքի լուսաբանման հարցերով: Նրա համառ ու երկարատեւ հետազոտական աշխատանքի շնորհիվ ընթերցողին է ներկայացվում մեկ գիրք, որտեղ ֆրանսահայ մշակութային կյանքին համատեղ անդրադարձել է երաժշտական կոլեկտիվների գործունեությանը: Աշխատանքը կատարվել է Երեւանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանի հայագիտության եւ հրատարակչության բաժնում 2010-12թթ.: Ամփոփ բնութագրումներով եւ սեղմ շարադրմամբ ընթերցողին է ներկայացվում ֆրանսահայ համայնքի հին ու նոր մշակութային կյանքի յուրօրինակ պատկերները: Այն իր մեջ ներառում է համայնքի սերտ առնչությունները Հայաստանի հետ, ներկայացնում ստեղծագործող անհատների կենսագրական ու ստեղծագործական դիմանկարները:
Ֆրանսահայ համայնքի հետ անձնական հանդիպումների, նամակագրական կապերի ընթացքում էլ ծնվեց «Հայաստան-Ֆրանսիա քաղաքականություն, մշակույթ» գիրքը: Սա ճիշտ գնահատականն է այն կապերի, որոնց միջոցով ազգային արվեստը ստեղծվում ու գնահատվում է հատկապես օտար ունկնդիրներին ներկայացնելու համար: Գրքի առաջին հատորում ներկայացված են Հայաստան-Ֆրանսիա քաղաքական առնչությունները, իսկ երկրորդ հատորում՝ Հայաստան-Ֆրանսիա քաղաքականությունը, մշակույթը:
ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ