Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյան, անձրեւի ու քամու ժամանակ էլ վայր չեն դրել Արցախի դրոշը

Ապրիլ 25,2013 14:14

Arcax«Մեզ համար դժվարություն չի եղել, քանի որ նպատակը մեր հայության արդարության ձայնը հնչեցնելն էր»,- ասում է Վահան Փիլոսյանը, որն իր եղբայրների եւ ընկերների հետ ապրիլի 18-ից ոտքով դուրս է եկել Արցախի Մարտակերտի շրջանից եւ ապրիլի 24-ին հասել Ծիծեռնակաբերդի բարձունք։

Նրանք նախապես հաշվարկել են, թե օրական ինչքան ճանապարհ պետք է անցնեն ապրիլի 24-ին Երեւանում լինելու համար։ Ամեն օր քայլել են գրեթե 60 կիլոմետր, բայց չեն ընկրկել ոչ մի րոպե։ Ուխտավորների խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում, նաեւ Վարդենիսում ու Սեւանում եղանակն ամենեւին գարնանային չի եղել։ Ձյան, անձրեւի, լեռնային քամու դեպքում անգամ տղաները ոչ մի պահ վայր չեն դրել Արցախի դրոշը։

«Հետաքրքիր էր մարդկանց արձագանքը։ Զարմանում էին, բայց նաեւ մեզ խրախուսում ճանապարհը շարունակելու համար»,- մեզ հետ զրույցում պատմեց Մհեր Փիլոսյանը։ Երեկ նրանց հանդիպեցինք Կոմիտասում, որտեղից էլ ոտքով իջնում էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրա ընկերոջ՝ Հարությունի ներկայացմամբ՝ այս արդարության քայլերթով ուզում էին ցույց տալ, որ տարիները ոչ մի նշանակություն չունեն, եւ որ միեւնույն է՝ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Տղաները մանկավարժներ են, դասավանդում են դպրոցում։ Սերգեյ Եփրեմյանը պատմության ուսուցիչ է, որի խոսքով՝ երբ դուրս էին գալիս գյուղից, աշակերտների ոգեւորությունն աննկարագրելի էր։ «Բոլորն ուզում էին մեզ հետ գալ։ Համոզված եմ, տարիներ հետո նաեւ նրանք կհետեւեն մեր օրինակին։ Այն ժամանակ գուցե արդեն Թուրքիան իր մեղքը ընդունած լինի»,- ասաց Սերգեյ Եփրեմյանը։

ԿԱՐԻՆԵ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930