Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրապետական մրցույթ` գեղական մակարդակով

Ապրիլ 25,2013 14:11

Առավոտյան շրջանից բարեկամուհիս զանգեց ու ասաց, որ երկու ժամ հետո Ստեփանակերտում, Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի երկրորդ հարկում ասմունքի հանրապետական մրցույթ է՝ դպրոցականների միջև։ «Աղջիկս էլ է մասնակցելու։ Եթե ժամանակ ունենաս, կգաս, մենք արդեն ճանապարհին ենք»։

Այդ ժամերին համեմատաբար ազատ էի և որոշեցի ներկա գտնվել միջոցառմանը։ Թատրոնի երկրորդ հարկում գտնվող փոքր դահլիճը լեփ-լեցուն էր։ Բեմի առջևի մասում երեխաներն էին նստած՝ խմբերով, շրջան առ շրջան՝ Մարտունուց, Հադրութից, Ասկերանից, Մարտակերտից, Շուշիից, հեռավոր Շահումյանից ու մայրաքաղաք Ստեփանակերտից։ Այսինքն՝ երեխաները տասնյակ ու հարյուրավոր կիլոմետրեր են հաղթահարել, իրենց ուսուցիչների ու հարազատների հետ եկել մասնակցելու հանրապետական մրցույթի։

Բեմ հրավիրեցին առաջին ասմունքողին, ապա երկրորդին, երրորդին, չորրորդին… Առաջին անգամ էի նման բանի ականատես լինում։ Բեմը, որտեղից ելույթ էին ունենում աշակերտները, լրիվ մթության մեջ էր, դահլիճը՝ լուսավորված։ Նույնիսկ ամենահետամնաց երկրներում սովորաբար հակառակն է լինում՝ լուսավորում են բեմը, իսկ դահլիճը թույլ լուսավորված է լինում կամ՝ լրիվ խավարում։ Սկզբում կարծում էի, թե սա ժամանակավոր թյուրիմացություն է և շուտով կուղղեն սխալը։ Բայց այդպես չեղավ։ Երևի կազմակերպիչները ժամանակ չեն ունեցել 200 վատանոց 1-2 լամպ կախելու բեմի վերնամասից, կամ գուցե տեղյակ չեն եղել, որ սովորաբար բեմը լուսավորված է լինում։

Մի հետաքրքիր անհեթեթություն ևս։ Երիտասարդ հաղորդավարը, որ ավելի շատ շոու վարողի, քան դպրոցական մրցույթ ղեկավարողի տպավորություն էր թողնում, պատանի ասմունքողների համար «ռեգլամենտ» սահմանեց՝ 2 րոպե, որպեսզի հասցնեն լսել բոլոր մասնակիցներին։ Եվ ի՞նչ՝ խնայված ժամանակը 4-5 անգամ տրամադրեցին ինչ-որ համույթի և այլ (նույնիսկ ցանկություն չունեցա ճշտելու, թե ովքեր են) կատարողների, որոնց ներկայացրած «ֆոնոգրամայով» կատարումները ռաբիսից ցածր մակարդակի էին։ Մեկն էլ երգեց ռուսերեն ինչ-որ «Վրեմյա» երգ։ Չմոռացան նաև Լուի Արմստրոնգի «Let my people go» երգը։ Հա, ամենակարևորը՝ մրցույթը նվիրված էր Արցախյան շարժման 25-ամյակին։

Վերջում շատ «պրոֆեսիոնալ» ժյուրին ամփոփեց արդյունքները։ Բայց ավելի լավ է այդ մասին լռեմ։ Որպես եզրափակիչ խոսք, ասեմ, որ գեղեցիկ ու հաջողված արտասանություններ քիչ չէին, բայց վերջիններիս գրեթե չտեսա մրցանակակիրների մեջ։ Աստիճաններով իջնելիս լսեցի հիասթափված մի ուսուցչուհու խոսքը. «Այսքան ճանապարհ ենք կտրել, խեղճ երեխաների հետ եկել այս ներկայացումը դիտելո՞ւ։ Երեխաներիս այլևս չեմ բերի այստեղ…»։

 

Ա. ԱԴԱՄՅԱՆ

ք. Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930