«Մայիսի 4-ին լրանում է մեր արժանավոր զավակներից մեկի` գործարար, բարերար, հին ժամանակին ամենահարուստ և ամենաառատաձեռն մարդու` Միքայել Արամյանցի 170-ամյակը»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում այս մասին խոսեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը:
«Լոռվա ձոր» հայրենակցական միությունը նույնպես իր մասնակցությունը կունենա այս միջոցառումներին, քանի որ, ըստ Սերգո Երիցյանի, Միքայել Արամյանցը այն շատ քիչ մեծահարուստներից և բարերարներից է, ովքեր կարողացան ժամանակին Հայաստանում ներդրումներ կատարել և օգտակար լինել Հայաստանի համար:
Նման բարերարների համար հիմնական սկզբունք է դարձել «Օգնության ձեռք մեկնի՛ր կարիքավորին». «Սկզբունքորեն նրանք օգնում էին բոլոր նրանց, ովքեր իրենց դիմում էին և նրանք իրականացնում էին ազգանպաստ, հայանպաստ, մեր մշակույթին, կրթությանը, սոցիալական ոլորտին նպաստող ծրագրեր: Այն, ինչ ժամանակին երևի թե պետականություն չունեցող ժողովրդի համար գուցե պետությունը պիտի աներ, բայց այս պարագայում հայ մեծ բարերարների ավանդը շատ մեծ է. նրանք կառուցում էին դպրոցներ, ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ, ջրատարներ էին կառուցում: Նրանք անում էին այն, ինչ տվյալ պահին անհրաժեշտ էր հայ բնակչության համար տվյալ ժամանակահատվածում»,- նշեց Սերգո Երիցյանը:
Կարդացեք նաև
Հոբելյանական հանդիսություննեը կսկսվեն Միքայել Արամյանցի ծննդավայրից` Արցախի Քյաթուկ գյուղից: Հանդիսություններին իր մասնակցությունը կունենա Միքայել Արամյանցի ծոռը Լոնդոնից` Ալեքսանդր Ջանոևը:
Միքայել Արամյանցի 170-ամյակի առթիվ մայիսի 3-ին Ստեփանակերտի մշակույթի պալատի նախասրահում կբացվի լուսանկարների ցուցահանդես, որում կներկայացվի նրա կյանքն ու գործունեությունը: Այնուհետև տեղի կունենա «Միքայել Արամյանց» տեսաֆիլմի առաջին ցուցադրությունը:
Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված միջոցառումները կկազմակերպվեն նաև Երևանում: Մայիսի 3-ին «Բարերարների պուրակում» ծաղկեպսակ և ծաղիկներ կդրվեն, այնուհետև «Էրեբունի պլազա» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի կունենա Վահե Անթանեսյանի «Միքայել Արամյանց. կյանքի և գործունեության դրվագներ» գրքի շնորհանդեսը: Միքայել Արամյանցի ծննդյան օրը` մայիսի 4-ը , կնշվի նաև Թիֆլիսում:
Հոբելյանական միջոցառումների կազմակերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունը, ԼՂՀ մշակույթի նախարարությունը, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը, «Փյունիկ» հիմնադրամը և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը:
Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ