Լրահոս
Օրվա լրահոսը

Անասնակերերը վտանգավոր են նաեւ մարդու առողջության համար

Ապրիլ 25,2013 14:07

Ըստ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Բախչագուլյանի՝ չստուգված անասնակերերը կարող են ոչ միայն կենդանիների հիվանդությունների եւ անկման պատճառ դառնալ, այլ նաեւ վնասել մարդու առողջությունը:

Անցյալ տարի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է կերերի 228 նմուշի հետազոտություն, որից 92 նմուշում անաէրոբները, աղիքային խմբի մանրէները եւ բորբոսասնկերը գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունը: Այս մասին ՀՀ կառավարությանը հայտնել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրաամ Բախչագուլյանը: Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, ՀՀ կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը այս հարցը կներկայացնի վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով «Անասնակերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել եւ հաստատել կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական, անօրգանական, թունավոր, անցանկալի նյութերի ցանկը:

Նշենք, որ այսօր ոչ մի իրավական ակտով մեր երկրում չեն կարգավորվում ՀՀ ներմուծվող, արտահանվող, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում արտադրվող անասնակերում, լրացակերերում, կերային խառնուրդներում, կերային հավելումներում ու կենդանիների կերակրման համար օգտագործվող նյութերում եւ արտադրանքում անցանկալի նյութերի առավելագույն թույլատրելի քանակները: Ուստի գյուղատնտեսության նախարարությունը, «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի համաձայն, անասնաբուժական վերահսկողություն իրականացնում է նաեւ կերերի եւ լրացակերերի արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման եւ վերամշակման ընթացքում, մեր երկրի պետական սահմանի անցման կետերում երկրի տարածք ներմուծվող եւ երկրից արտահանվող կերերի, լրացակերերի նկատմամբ: «Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում դեռեւս առկա չեն նորմատիվ իրավական ակտեր, որոնք սահմանում են կերարտադրության նպատակով օգտագործվող անցանկալի նյութերի առավելագույն թույլատրելի չափանիշները, այն է՝ բացակայում են ուսումնասիրության համար ելակետային ցուցանիշները, ուստի մինչ այժմ հնարավոր չի կատարել անասնակերում անցանկալի նյութերի փորձաքննություն»,- նկատում է Ա. Բախչագուլյանը: Ըստ նրա՝ 2012 թվականին կերեր, կերի հետ շփվող նյութեր եւ կերային հավելումներ են մեր երկիր ներկրվել Բելգիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Վրաստանից:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների վստահեցմամբ՝ կենդանիների կերակրման ընթացքում օգտագործվող կերերում, կերի հետ շփվող նյութերում եւ կերային հավելումներում գտնվող անցանկալի նյութերը ներթափանցելով կենդանիների օրգանիզմ եւ կուտակվելով նրանց օրգանիզմում՝ կարող են ոչ միայն կենդանիների հիվանդությունների եւ անկման պատճառ դառնալ, այլ նաեւ վտանգավոր դարձնել կենդանական ծագման սննդամթերքի օգտագործումը մարդու առողջության եւ կյանքի համար:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930