Անցյալ տարվա դեկտեմբերի 18-ից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում է գտնվում Ռազմիկ Վիրաբյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ոչ մի տեղ չաշխատող Ռազմիկ Վիրաբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, ընդգրկվելով ծանր հանցագործություններ կատարելու համար Արա Կարապետյանի («Կոշիկի աշխարհ» ընկերության պատասխանատու) և Արմեն Նիկողոսյանի կողմից ստեղծված կազմակերպված խմբում, Արսեն Սողոմոնյանի, հայր եւ որդի Բագրատ եւ Արսեն Սողոմոնյանների, Հայկ Մելքոնյանի հետ մասնակցել է հանցավոր համագործակցությանը: Ի դեպ, չորս տուժողների մեջ է «Ոսկու շուկայից» Վաղարշակ Վարդանյանը, որի հետ կապված դրվագով էլ մեղադրվում է Ռ.Վիրաբյանը:
Դատարանն ավարտել էր գործի քննությունը, եւ դատական վիճաբանությունների այս փուլում այսօր սպասվում էր մեղադրական եւ պաշտպանական կողմերի ճառերը:
Մինչ ճառը, ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացրեց թիվ 11 տեղամասի տեսուչի կնիքով կնքված բնութագիրը, համաձայն որի, իր պաշտպանյալը հարեւանների գնահատմամբ դրսեւորել է անբասիր վարք:
Կարդացեք նաև
Մեղադրողը ներկայացրեց արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կողմից ապրիլի 22-ի թվագրությամբ տրված Ռ.Վիրաբյանի բժշկական քարտը, պատմությունը: Համաձայն այդ տեղեկանքի, Ռազմիկ Վիրաբյանը «Երեւան-Կենտրոնում» անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին ենթարկվել է բուժզննման, գանգատվել է սրտի ծակոցներից, զարկը 160/100 է, ունի ձախ ծնկի արտրիտ: Սակայն այդ նույն բժշկակական տեղեկանքում արձանագրվել էր, որ ՔԿՀ-ում գտնվելիս չի գրանցվել առողջության հետ կապված մի այնպիսի վիճակ, որը կխոչընդոտեր Վիրաբյանի մասնակցությունը քննչական գործողություններին:
Այսօր երկրորդ մեղադրողը՝ Հովսեփ Սարգսյանը, հարգելի բացակայում էր դատական նիստից, ուստի մեղադրական ճառը կհրապարկվի մայիսի 7-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ