Մրցույթի հաղթողը կստանա 10.000 ԱՄՆ դոլար
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ: Մրցույթի կազմակերպիչների խոսքով, մրցույթին կարող են մասնակցել բոլոր ՍՊՀ երկրները, բացի՝ Ռուսաստանից:
«Միջոցառումն արդեն սկսվել, զուգահեռ անց է կացվում ԱՊՀ բոլոր երկրներում: Անց են կացվում տեղական մրցույթներ, որոնց համար ձեւավորվել են տեղական ժյուրիներ»,- այսօր այս մասին «Նովոստի Արմենիա» լրատվական կենտրոնում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենի խոսքով՝ հունիսի 12-13-ը Երեւանում անցկացվելիք մրցույթի եզրափակիչ փուլից հետ հաղթողը կստանա 10 հազար ԱՄՆ դոլար, իսկ տեղական մրցույթների հաղթողները կստանան՝ 500-ական ԱՄՆ դոլար:
Կարդացեք նաև
Aravot.am-ը պարոն Ենգիբարյանից հետաքրքրվեց, թե արդյոք Ադրբեջանից մրցույթին մասնակցելու հայտ կա՞ ներկայացված:
Նա պատասխանեց. «Ադրբեջանից հայտ չկա, չենք էլ ակնկալում, որ կլինի: Ուրախ կլինեինք, որ լիներ, բայց երեւի չեն մասնակցի»:
Բ. Ենգիբարյանի պնդմամբ, բավական ակտիվ է Տաջիկստանը, որն արդեն մասնակցության 10 հայտ է ներկայացրել:
Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպվել է mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ինչպես նաեւ՝ Nokia ընկերության եւ Ֆինլանդիայի կառավարության կողմից:
Աշոտ ԱԹԱՅԱՆ