Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այազ Մութալիբովը հրաշալի նվեր է արել հայերին

Ապրիլ 25,2013 13:43

Արամ Գասպարի Սարգսյանը՝ «Կոլցո» օպերացիայի մասին

Ադրբեջանի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Այազ Մութալիբովի՝ Ադրբեջան վերադարձը ուղեկցվեց սկանդալային հայտարարություններով, որոնց, սակայն, անհասկանալիորեն հայկական կողմը դեռեւս չի արձագանքել: Հիշեցնենք, որ Մութալիբովը ներում ստացավ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների կողմից եւ Ադրբեջան վերադարձավ հուլիսի 7-ին, քանի որ հանդես եկավ մեղայականով եւ սկսեց գովել Ալիեւների կլանը: Այսպես. Ադրբեջանի նախկին նախագահը հայտարարել էր, որ ինքն է պարտադրել, որպեսզի Գորբաչովն իրականացնի «Կոլցո» օպերացիան: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով այդ տարիներին զբաղեցնում էր ՀՀ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, կարծում է, որ Մութալիբովի սույն հայտարարությունը իրեն հերոսացնելու հերթական փորձն է, որը պատահական չի արվել եւ ոչ էլ հայերին հաճոյանալու համար: Մութալիբովի մոտիվացիան, ըստ մեր զրուցակցի, եղել է սեփական հարցերը կարգավորելը, մանավանդ, որ նա ականատեսն է եղել «սաֆարովյան այլանդակության»՝ ադրբեջանական փառաբանման: Մութալիբովի այդ հայտարարությանն Արամ Սարգսյանը դեռ այն ժամանակ էր արձագանքել, սակայն, զարմանալիորեն, ոչ հայկական, ոչ Մինսկի խմբի համանախագահներ կողմից դա որեւէ արձագանք չստացավ: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Արամ Սարգսյանն այդ տարիներից եւ հանդիպումներից որոշ դրվագներ հիշեց. «Շահումյանի հարցով եւ «Կոլցո» օպերացիայի հետ կապված՝ արդեն հանդիպել էի ԽՍՀՄ ուժային կառույցների ղեկավարների հետ: Նաեւ Գորբաչովին պետք է հանդիպեի, որպեսզի պարտադրեինք հայերի դեպորտացիան կասեցնել, հատկապես՝ Անաշիդ, Էրքեջ, Բուզլուխ գյուղերից, որն արդեն սկսվել էր: Քաղբյուրոյի նիստից առաջ պարոն Մութալիբովը մոտեցավ ինձ՝ խնդրելով Գորբաչովի հետ իմ հանդիպումը երեք օրով հետաձգել՝ խոստանալով այդ երեք օրերի ընթացքում կասեցնել հայերի դեպորտացիան»: Արամ Սարգսյանը չի համաձայնվում՝ պատճառաբանելով, որ եթե Մութալիբովը կասեցնի հայերի տեղահանումը, ինքը Գորբաչովին անպայմանորեն կտեղեկացնի այդ մասին: «Այն ժամանակ ես չէի կարող իմանալ նրա խորամանկությունը, որ ինքը դրա կազմակերպիչն էր, եւ հասկանալով, որ արդեն հակազդեցություն կա, հնարավոր է կասեցվի՝ նա փորձեց չեզոքացնել նաեւ իմ կողմից հնարավոր վտանգը: 1991 թվականի հուլիսի վերջին մեզ հաջողվեց կասեցնել Շահումյանի հանձնումը»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դա կարող են վկայել նաեւ Շահումյանի ներկայացուցիչները՝ Վոլոդյա Աղաջանյանը, Գուրգեն Մելիքյանը: Գորբաչովի կեցվածքն այս ամբողջ պատմության ընթացքում, ըստ Արամ Սարգսյանի, եղել է հետեւյալը. «Ինքը պատասխանատու է ոչ միայն «Կոլցո» օպերացիայի համար, այլեւ այն ամբողջ գործընթացների, որոնք սկսվեցին իր, այսպես ասած, վերակառուցումից հետո, երբ նա տնտեսական վերափոխումների փոխարեն՝ բաց թողեց ամեն ինչ»:

Մութալիբովի հայտարարությունների առիթով Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը պահանջել էր ՀՀ իշխանություններից նախապատրաստել բոլոր միջազգային իրավական նորմերին համապատասխան իրավական ակտեր՝ Միխայիլ Գորբաչովին եւ Այազ Մութալիբովին պատասխանատվության կանչելու ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարան: Այս նախաձեռնությունը Արամ Սարգսյանը լուրջ է համարում միայն «մեծ փաստագրական նյութի» առկայության պարագայում. «Դրա համար անհրաժեշտ է իրավաբանների խումբ ստեղծել, լուրջ նախապատրաստվել: Բայց Մութալիբովի այդ հայտարարության մեջ կար շատ կարեւոր քարոզչական կոմպոնենտ: Ես այդ ժամանակ ասացի, որ ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է նոտա ուղարկել Մինսկի խմբի համանախագահ, ինչու ոչ՝ Մինսկի խմբի անդամ բոլոր երկրներին: Փաստորեն, առաջին անգամ մարդն իր վրա պատասխանատվություն է վերցրել, որ այնպիսի օպերացիա է կազմակերպել, ինչպիսին էր «Կոլցոն», ինքը դրան գնացել է գիտակցաբար, ինչի արդյունքում եղել են էթնիկական զտումներ, այդ շրջանները «մաքրել» են հայերից եւ այլն: Մարդը խոստովանություն է արել, ինչը հնարավոր չէր պատկերացնել»: Բայց Գորբաչովին միջազգային դատարան հրավիրելու համար բավականաչափ լուրջ նախապատրաստական հիմք է պետք, քանի որ վերջինիս անունը միջազգային ասպարեզում մի փոքր այլ իմիջ ունի. նրան համարում են տոտալիտար ռեժիմի քայքայող, Բեռլինյան պատի քանդող, ժողովրդավարության ծիլերը ԽՍՀՄ-ում ներդնող եւ այլն: Արամ Սարգսյանն առաջարկում է, որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, Գորբաչովին պատասխանատվության հրավիրել նախ ՌԴ դատարանում: Բայց այդ գործընթացները պետք է լուրջ՝ առնվազն ՀՀ ԱԳՆ-ի մակարդակով արվեն:

Ադրբեջանական մամուլը, ըստ Արամ Գասպարիչի, որը մշտապես արձագանքում է ղարաբաղյան թեմայով իր հայտարարություններին, ոչ մի կերպ չանդրադարձավ իր վերը արված հայտարարությանը, ինչը, թերեւս, հասկանալի է: Բայց անհասկանալի է, որ հայաստանյան պատկան պետական մարմինները ցայսօր չեն արձագանքում: Սարգսյանը ՀՀ ԱԳ փոխնախարարներից մեկին այդ առիթով իր զարմանքն է հայտնել. «Լավ, իմ անձի հետ չի կապված: Կա մարդ, ով այդ ամբողջի մասնակիցն է եղել ու ասելիք ունի: Գոնե մեկ անգամ չհարցրիք՝ մի քիչ մանրամասները պատմեք: Այս անտարբերությունից պարզապես ապշած եմ: Չեմ կարողանում հասկանալ այս քաղաքական գծի իմաստը: Ադրբեջանցիները բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում են, որպեսզի մեզ վարկաբեկեն: Բայց նույն Մութալիբովը մեզ այդպիսի հիանալի նվեր է տվել: Ինչո՞ւ չենք խոսում: Որեւէ պաշտոնական անձ որեւէ բառ չասաց այս հարցի վերաբերյալ»: Սարգսյանը սա համարում է «տգիտության կամ բացարձակ անտարբերության» դրսեւորում:

Այս իրողությունների ֆոնին Արամ Սարգսյանին խնդրեցինք գնահատականներ տալ նաեւ օրերս հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության՝ 2012 թվականին մարդու իրավունքներին վերաբերող զեկույցի ղարաբաղյան մասում արված դիտարկումներին: Հիշեցնենք, որ ի թիվս այլ կոշտ դիտարկումների՝ զեկույցում նաեւ ներառված է «հայ անջատողականներ» տերմինը: Արամ Սարգսյանի համար բնավ զարմանալի եւ անակնկալ չէին պետքարտուղարության կողմից այդ զեկույցում արված դիտողությունները: Զարմանալին այն է, որ նախկինում հայաստանյան ընտրությունների վերաբերյալ ավելի մեղմ էին արտահայտվել, մինչդեռ այս զեկույցում աննախադեպ կոշտ դիտողություններ եւ շեշտադրումներ էին հայտնվել: Սա մեր զրուցակիցը պայմանավորում է Հայաստանի իշխանությունների՝ ավելի շատ դեպի հյուսիս ուղղված հայացքով: Պարոն Սարգսյանի գնահատմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարությունն այսպիսով զգուշացնում է, որ պատրաստ էին աչք փակել այդ իրողությունների վրա, եթե ՀՀ իշխանությունը շարունակեր արեւմուտք-հյուսիս քաղաքական բալանսը: Մյուս կողմից՝ Արամ Սարգսյանը նկատում է, որ եթե Հայաստանի իշխանությունը չի կարողանում իր երկրի ներսում սոցիալ-տնտեսական կայունություն ապահովել, ինչի արդյունքում ժողովուրդը փախչում է երկրից, ԱՄՆ-ը կարող է նաեւ մեր երկիրը չդիտարկել այնպիսի գործոն, ինչպես մյուս հարեւաններին: Նա ոչ պակաս կարեւոր է համարում ՀՀ ներկայիս եւ ԱՄՆ-ի իշխանությունների հարաբերությունները. «Ինչո՞ւ էի ես կռիվ տալիս Վարդան Օսկանյանի կոմպլեմենտարիզմի հետ: Սիլի-բիլիով չի, պետք է հստակ ասվի, որ մեր ազգային անվտանգության եւ պետական շահից ելնելով՝ մենք այս քայլերն ենք անում: Գործընկերների հետ պետք է ազնիվ հարաբերություններ ձեռք բերել»: Ինչ վերաբերում է զեկույցի Ղարաբաղի հատվածին, մեր զրուցակիցը հիշեցնում է, որ ԱՄՆ-ը երբեք էլ չի ասել, որ չի ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուստի այդ պարագայում ընկալելի է «հայ անջատողականներ» տերմինը: Նա հիշեցնում է, որ արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ իրենք խոսում են ԼՂ հարցի կարգավորման կոնցեպտի մասին, բայց ՀՀ արտաքին գերատեսչությունը լռում է. «Ամեն անգամ, երբ ուզում ենք որեւէ մեկին մեղադրել, հայելու մեջ պետք է նայենք»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930