Լրահոս
Օրվա լրահոսը

Խաժամուժը՝ լրագրողի դեմ

Ապրիլ 25,2013 13:30

«Ստեղ չի կարելի նկարել»՝ ինձ ուղղված այս արտահայտությունը ես առաջին անգամ լսեցի 1990 թվականի օգոստոսին: Մեսրոպ Մովսեսյանը եւ ես նկարահանում էինք ՀԱԲ-ի հետ կապված իրադարձությունները: Տեխնիկայի տան մոտ հավաքվել էր զինված մարդկանց մի խումբ, իսկ «Էրեբունի» հյուրանոցի մոտ՝ զինված մարդկանց մեկ այլ խումբ, եւ երկու խմբերի ներկայացուցիչներն էլ ինքնաձիգը ձեռքներին մեզ «հորդորում էին» չնկարահանել: Ինչպես այս դեպքում, այնպես էլ հետագայում, ինձ այնքան էլ չէր հետաքրքրում՝ այս կոնֆլիկտում եւ մնացած վեճերում ով է ճիշտ, ով՝ սխալ, մեզ պետք էր հավասարաչափ ներկայացնել երկու կողմերի տեսակետները, ինչը մենք ի վերջո արեցինք: Վստահ եմ, որ նույնիսկ այսօր՝ 23 տարի անց, ՀՀՇ-ի եւ ՀԱԲ-ի «հետնորդները» կընդվզեն այդ հավասարակշռության դեմ եւ կասեն, որ ճիշտը հենց իրենք էին: Բայց լրագրողի համար կարեւորը իրադարձությունները ֆիքսելն է՝ մնացածը համեմունքներ են:

Այդ պատմությունը հիշեցի նախորդ օրը իմ երիտասարդ գործընկեր Հակոբ Կարապետյանի դեմ կիրառված բռնության կապակցությամբ: Բնականաբար, թաղի խուժանին, որը տվյալ դեպքում կազմակերպում էր Տարոն Մարգարյանի հանդիպումը բնակչության հետ, որեւէ մեկը չէր հասկացրել, որ նման պարագայում ոչ ոք իրավունք չունի լրագրողին արգելել նկարահանումներ կատարել: Չնայած ես հասկանում եմ, «Տուրբոն» (Աշոտ Պապայանը) եւ «տուրբոյատիպ» մնացած խաժամուժը վատ են զգում, երբ իրենց գործունեությունը հրապարակային է դառնում՝ հավանաբար, հոգու խորքում ամաչում են, թե ինչպես են վաստակում իրենց «հացի փողը»: Բայց վստահ եմ՝ իրենց կուսակցությունում՝ ՀՀԿ-ում, կան մարդիկ, որոնք ի վիճակի են այդ ամենը բացատրել, որոնք գիտեն, որ համացանցի այսօրվա զարգացման պարագայում «տուրբոների» ոչ այնքան հաճելի, մեղմ ասած, դեմքերի պատկերները, միեւնույն է, կտարածվեն եւ կտիրաժավորվեն, գիտեն նաեւ, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Թե ինչու չեն բացատրում՝ չգիտեմ, հավանաբար՝ զլանում են:

Ինձ համար բացարձակապես միեւնույն է՝ հարձակման ենթարկված լրագրողը ilur.am-ից է, թե slaq.am-ից, լուսաբանվող քարոզարշավը ՀՀԿ-ինն էր, թե, ասենք, ՀՅԴ-ինը՝ իշխանությունն ու ընդդիմությունը, հեղափոխականներն ու պահպանողականները այնքան հաճախ են փոխվում տեղերով, որ չես էլ հասցնում աչքդ թարթել: Ինձ համար կարեւոր է, որ մենք՝ լրագրողներս, կարողանանք ֆիքսել իրականությունը եւ դա փոխանցել հասարակությանը, իսկ «համեմունքները» թող տան քաղաքական գործիչները կամ քաղաքականացված մարդիկ՝ կարեւոր չէ: Այդ առումով ուզում եմ ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի վրա: Ի՞նչ է, այդ միջադեպի ժամանակ Հակոբը միա՞կ լրագրողն էր, ում ձեռքը տեսախցիկ կար: Պատկերացրեք, ինչ կլիներ, եթե խուժանի գործողությունները նկարահանվեին 10 տեսախցիկներով եւ հետո եթեր տրվեին: Նրանք կհամարձակվեի՞ն խլել 10 լրագրողի տեսախցիկները:

…60-ական թվականների ամերիկյան կարճամետրաժ ֆիլմ կար՝ «Միջադեպ»՝ թե ինչպես երկու տականքներ ներխուժում են մետրոյի վագոն եւ սկսում հերթով ահաբեկել տասնյակից ավելի մարդու: Բայց ամեն մեկը փորձում է լուծել միայն իր խնդիրը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Բորիս says:

    Սա Շարմազանովի մեկնաբանության կրկնությունն է, իբր անկողմնակալ վերաշարադրանքով/ադապտացիա/…

  2. Համլետ says:

    Արամ,շատ փնտրեցի համացանցում,բայց չգտա կոնկրետ օրենքի այն պահանջը,ըստ որի արգելվում է զբաղեցնել պետական բարձր պաշտոն՝ ՀՀ բանակում չծառայած արական սեռի անձանց:Խնդրում եմ,եթե հնարավոր է հրապարակեք օրենքի համապատասխան կետը:
    Հ.Գ.
    Դա ինձ հետաքրքրում է Տարոն Մարգարյանի մասով,քանզի հաստատ գիտեմ,որ նրա ,,թունդ,, նժդեհական հայրիկը, հետևելով Նժդեհի ,,պատգամներին,,՝ ժամանակին բալիկին հեռու պահեց Հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը տալու ,,գլխացավանքից,,…

  3. Մարգար Մախսուդյան says:

    ——Թե ինչու չեն բացատրում՝ չգիտեմ, հավանաբար՝ զլանում են:—-
    Կարծում եմ, այս նախադասությունը ավելի սազական կլիներ ՛՛ԽՆԴԻԿ՛՛-ին:
    Իսկ ոստիկանություն բա՞ռը ինչու տեղ չէր գտել հոդվածում: Ճիշտն ասած, մտածեցի, թե չեմ նկատել՝ Ctr+F- ով փնտրեցի ավա՜ղ, նա չկար..
    Սիրուն չի, Արամ, հեչ սիրուն չի…

  4. Spartak says:

    Չի կարելի այդքան մանրախնդիր լինել:Հետաքրքրվեք ԱԺ պատգամավորների ԲՈՒՀ-ից ստացած դիպլոմներով, օլիգարխների և նրանց երեխաների զինծառայությամբ:

  5. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Վիրավորանքներին պարտավորված չեմ, չէ՞, պատասխանել:

  6. Կարո Մելիքյան says:

    Այստեղ, լրագրողը փորձում էր խառնվել թայֆայի գործերին՝և,հետևաբար՝,պատժվեց….։

  7. Մ․Բ․ says:

    Հարգելի Արամ,

    Տատս պատմում էր, որ երբ բոլշևիկները եկան իշխանության, ժողովուրդը դա կոչեց “խուժանի կառավարություն”։ Հավանաբար այն պատճառով, որ բոլշևիկները մեծապես հենվեցին “խուժանի” վրա և՛ իշխանության հասնելու համար և՛ այդ իշխանությունը պահելու համար։ Ընդհանրապես, հեղափոխության մեջ, լինի դա սոցիալիստական թե բուրժուական, “խուժանի” դերակատարությունը շատ մեծ է, մանավանդ եթե “գաղափարականները” կարողանում են նրանց “ճիշտ” օգտագործել։ Սակայն որոշ ժամանակ անց, երբ “գաղափարականները” արդեն ամրապնդել են իրենց իշխանությունը, նրանք սկսում են իրենցից վանել “խուժանին”, գոնե առերևույթ։ Եվ “Խուժանը” ստիպված իջնում է ընդհատակ, ինչպես տիղմը ջրավազանում, պատրաստ նոր ցնցման հետ նորից վեր բարձրանալու ։ Հայաստանում “խուժանը” իր դերակատարությունը դեռ չի ավարտել։ Ցավոք, մոտ քսան տարի առաջ գրված այս ոտանավորը դեռ մինչև հիմա արդիական է։

    Հայրենիքիս
    Կայծակը շանթեց, որոտաց երկինք,
    Խուլ շառաչյունով պոռթկաց քամին –
    Լճակս փոքրիկ հուզելով ալիք
    Տրվեց խելահեղ վայրի հողմերին։

    Եվ ալիքները՝ գոռ, շռնդալից,
    Փլվեցին թափով ծաղկուն ափերին,
    Կորզելով ափից ամեն թեթև բան
    Տարան խառնեցին ճերմակ փրփուրին։

    Ալեբախության հուժկու զարկերից
    Ցնցվեց սարսուռով հատակը լճի,
    Դարերով նստած տիղմը ելավ վեր
    Ու պղտորվեցին ջրերը վճիտ։

    Երկիր իմ գողտրիկ, Հայրինիք լուսե,
    Այդ դու էիր որ, հանց լճակ փոքրիկ,
    Փայփայելով վառ գալիքի հույսեր
    Տեղի տվեցիր մոլի տարերքին․․․

    Դեռ քանի տարի պիտի սպասեմ
    Մինչև ջրերդ զուլալվեն կրկին։

  8. Maxim says:

    Արամ Աբրահամյանից պահանջում ենք, որ սուրը վերցնի և գնա բոլոր անարդարությունների դեմ
    պայքարի, իսկ մենք վերը նշված ծածկանուններով քաջերս ջախջախիչ կքննադատենք նրա ամեն մի
    գործողություն: Կարող ենք նաև նրան վիրավորանքներ հասցնել, քանի որ նա հաստատ բանդա չունի որ փորձի մեզ վնաս տա, և այդ մասին չի էլ մտածել: Կասեմ ավելի՝ որ նույնիսկ հայհոյանք տալ չի իմանա, էլ չեմ ասում ԱԺ-ում մարդ ունենա և բաժակաճառերով անձնական հարցեր լուծի:
    Այնպես որ,՝ առաջ,- ,,Արդյոք ովքեր են, ինչ կտրիչներ են, Մասիսը վկա, հայոց քաջերն են,, որը հենց
    մեր մասին է:

  9. Maxim says:

    Մեկնաբանությունս կուզեի մեկնաբանել, թեկուզ հնչում է որպես տաֆտալոգիա:
    Թող մեզանից յուրաքանչյուրս՝ Արամ Աբրահամյանի նամուսն ու թասիբը, նաև համարձակության մեկ
    հազարերորդական մասն ունենա, հրապարակավ ասի այն ՝ ինչ որ մտածում է: Ամոթ է,՝ Հայկական
    տարբերակով ,,վարիանտով,, ուղղորդվենք: Մենք մեզանից պետք է ամաչենք, որ ավազակապետութ-
    յան բուրգը քանդվի, երկերեսանությանբ մենք էնք կառուցել այդ բուրգը, որի փլատակների տակ էլ
    մենք ենք մնալու:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930