«ԵԽԽՎ կանոնադրության համաձայն այդ հայտարարություններն ընդամենը արտահայտում են ԵԽԽՎ այն պատգամավորների տեսակետը, ովքեր ստորագրել են այդ հայտարարության տակ: Դա ԵԽԽՎ պաշտոնական տեսակետ չէ, այլ ընդամենը հռչակագրային հայտարարություն»,-Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսպիսի գնահատական տվեց ԵԽԽՎ-ում այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարության տարածման փաստին:
Հայտարարության տակ ստորագրել են ԵԽԽՎ-ի Հայաստանի, Սերբիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի 21 ներկայացուցիչ: Հայտարարության տեքստում նշված է. «Ցեղասպանությունների ճանաչումը քայլ է, որն առաջնորդում է մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները կանխարգելելուն: Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը փաստագրված և հաստատված է մամուլի ու ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով, հայտարարություններով` Միացյալ Ազգերի կազմակերպության, Եվրախորհրդարանի, ԵԽ անդամ պետությունների խորհրդարանների` այդ թվում Շվեդիայի, Լիտվայի, Գերմանիայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Սլովակիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Բելգիայի, Կիպրոսի, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, ԱՄՆ 43 նահանգների, Չիլիի, Արգենտինայի, Վենեսուելայի, Կանադայի, Ուրուգվայի և Լիբանանի կողից: Վեհաժողովի՝ ներքոստորագրյալ անդամներս կոչ ենք անում ԵԽԽՎ-ի անդամ բոլոր պետություններին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, որ հետագայում կհանգեցնեն Թուրքիայի իշխանությունների կողմից մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործության ճանաչմանը, և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը` նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը» (թարգմանությունն` ըստ civilnet.am-ի):
Շարունակելով զրույցը` տիկին Զոհրաբյանն ասաց. «Ժամականին ես ինքս էլ որպես սկսնակ պատգամավոր շատ ոգևորված էի այդ հայտարարություններով, ուզում էի` որքան հնարավոր է նման հայտարարությունները շատ մտնեն շրջանառության մեջ: Բայց ցավոք դա մի խումբ մարդկանց կարծիքն է արտահայտում, իրակական ուժ չունեցող դեկլարացիա է: Եթե մենք կարողանանք նմանօրինակ հայտարարությունների տակ ոչ թե 26, 27 ստորագրություն ստանալ, որոնց մի մասը մեր անդամներն են, այլ 70-80 անձի ստորագրություն, այսինքն` ինչքան շատ պատվիրակներ ներգարվվեն, այնքան լավ, այնքան մեծ կլինի հավանակությունը, որ հետագայում հնարավոր կլինի արդեն բանաձևերում ներառել այդ հայտարարությունները: Ցավոք, այս պահին այդ կարգի հայտարարությունների տակ ստորագրում են մինչև 30-35 ոչ ավել պատվիրակներ: Ինքս չեմ ուզում թերագնահատել բանավոր հայտարարությունների արժեքը ,և կրկնում եմ, որ պիտի աշխատենք, ու եթե մեր լոբբինգը ճիշտ տարվի, ապա հնարավոր կլինի ավելի շատ պատգամավոր ներառել, որոնք կպաշտպանեն մեր տեսակետը: Ինչ վերաբերում է Հայաստանի պատվիրակության աշխատանքին, ապա ես պատվիրակության աշխատանքը գնահատում եմ նորմալ, այն ԵԽԽՎ ամենաակտիվ և արդյունավետ աշխատող պատվիրակություներից մեկն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ