Ռուզաննա Առաքելյանը չի կարծում, որ դա կխանգարի ՀՅԴ-ի քարոզարշավին
Այսօր «Զարկերակ» ակումբում նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Ռուզաննա Առաքելյանն ասաց, որ այս ընտրությունները ՀՅԴ-ի համար բացառիկ նշանակություն ունեն:
Տիկին Առաքելյանի գնահատմամբ՝ իրենց քարոզաշավը բավականին լավ է անցնում, բայց կա վախի մթնոլորտ. «Ի՞նչ է նշանակում վախեցնել մադկանց, որպեսզի նրանք գնան հանդիպման այս կամ այն քաղաքական ուժի հետ: 21-րդ դարում այսպիսի մթնոլորտ ստեղծել, ես կածում եմ սա մեր ժողովրդի բարոյական նկարագիրը խաթարող գործունեություն է»:
Ռուզաննա Առաքելյանը նաեւ հորդորեց՝ գնացեք 8-րդ, 9-րդ թաղամաս, գնացեք Դավիթաշեն, Ավան, կտեսնեք վթարային շենքեր, որտեղ մարդիկ ստիպված ապրում են, որովհետեւ ուրիշ ելք չունեն այդտեղից դուրս գալու. «Վիճակագրությամբ այսօր Երեւանը էկոլոգիական իմաստով մեր տարածաշրջանում վերջիններից է: Աղետի առաջ է կանգնած: Որքան էլ ասում ենք՝ այգիներ են ավելացել, բայց այդուհանդերձ սրճարաններն էլ են չէ՞ ավելացրել, ինչի՞ հաշվին են ավելացել՝ ծառերի հաշվին: Ստացվում է, որ մեր Երեւանը գեղեցկացնում ենք՝ վնասելով մեր ժողովրդի առողջությունը»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ Արմեն Ռուստամյանի հայրիկի անժամանակ մահը կարո՞ղ է ինչ-որ տեղ քարոզարշավին վնասել, որովհետեւ մեր տեղեկություններով՝ շատ հանդիպումներ այս օրերին հետաձգվել են, Ռուզաննա Առաքելյանը պատասխանեց. «Սկզբնական շրջանում մեր ընկերոջ՝ Հրաչ Մուրադյանի (Պռոշյանի սպանված գյուղապետի-խմբ.) մահը մեզ համար անսպասելի էր, մեր ժողովրդի գոնե այն հատվածի համար, ում արժեհամակարգի մեջ ազատամարտիկը չափանիշ էր: Մենք հրապարակային հանդիպումներ ունեցել ենք: Իսկ Արմեն Ռուստամյանի հայրիկի հետ կապված՝ կարծում եմ ինքը 3-4 օր հետո գոնե ԶԼՄ-ներով, հարցազրույցներով, ենթադրում եմ, որ ինքը նորից կսկսի աշխատանքի անցնել: Ինքը շատ կամային անձնավորություն է, սկզբունքային, հպարտ եմ, որ հենց ինքն է մեր ցուցակը գլխավորում: Այնքան սկզբունքային է, այնքան կարեւորն անկարեւորից կարողանում է տարբերել, որ կարծում եմ, այն, ինչ իր հետ կատարվել է, բնականաբար, դա իր ցավն է: Եվ ինքը դա ոչ թե կհաղթահարի, այլ կդնի իր հոգու մի անկյունում եւ կշարունակի իր գործը: Երեւի մի 3-4 օրից, որովհետեւ հատկապես վերջին շաբաթը կամ վերջին օրերը շատ ենք կարեւորում»:
Նա խոսելով քարոզարշավային հանդիպումների մասին, ասաց, որ իրենք չեն խռովում, քանի մարդ ուզում է գա, ուզում է 3 հոգի լինեն: Լրագրողներից մեկը դա լսելով՝ աչքով տվեց, ինչից դժգոհեց ՀՅԴ անդամը՝ ասելով՝ «իզուր աչքով տվեցիք, այդպես չի եղել: Համենայնդեպս ուզում էի, ասել, որ նույնիսկ եթե քիչ մարդիկ են լինում, մենք հանդիպում ենք, մեր ասելիքն ասում ենք»:
ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը վստահեցնում էր, որ այն թիմերը, որոնք կանգնել են Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման կողքին, կզղջան: Մեր հարցին՝ կարո՞ղ է լինել ՀՅԴ-ի կողմից որեւէ զղջում այդ առումով՝ Ռուզաննա Առաքելյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ով ինչի համար կզղջա, բայց նույնիսկ եթե 100 մարդ կարող է հրապարակում հավաքվել, ՀՅԴ-ն չի կարող նրանց կողքին չլինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ