Մալարիան աշխարհի շատ երկրների առողջապահական հիմնախնդիրներից է և մնում է մանկական մահացության հիմանական պատճառներից մեկը: Չնայած վերջին ժամանակաշրջանի հաջողություններին, երկրագնդի բնակչության մոտ կեսն ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ մալարիայով վարակման մշտական վտանգ կա: Այսօր 104 երկրներում, որտեղ բնակվում է շուրջ 3.3 միլիարդ մարդ, անապահով են մալարիայի առումով: Ամեն տարի աշխարհում արձանագրվում է մալարիայով հիվանդացության ավելի քան 200 հազար դեպք, իսկ մահացության թիվը հասնում է շուրջ 700 հազարի, որի 86%-ը` 5 տարեկանից ցածր երեխաների շրջանում: Մալարիան լայնորեն տարածված է արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում և բարեխառն կլիմայական գոտու որոշ շրջաններում:
Վերջին շրջանում մալարիայի համաճարակային իրավիճակը բարդանում է նաև այս հիվանդության դեղորայքակայուն ձևերի տարածման և մոծակների՝ միջատասպան նյութերի նկատմամբ կայունության առաջացման պատճառով:
Հայաստանում մալարիան տարածված է եղել դեռ հին ժամանակներից և բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.: 1994 թվականից Արարատի և Արմավիրի մարզերում սկսել են արձանագրվել մալարիայի տեղական դեպքեր: Միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2006թ. սկսած համակարգված և բազմոլորտ պայքար ծավալեց մալարիայի դեմ, ինչի արդյունքում հանրապետությունում տեղական ծագման մալարիայի դեպք չի արձանագրվել:
Հայաստանը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առաջին երկիրը դարձավ, որին հաջողվեց հասնել հիվանդության էլիմինացմանը` երկրի տարածքում մալարիայի տեղական դեպքերի վերացմանը: 2011թվականին այս փաստը, համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգի, վկայագրվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից. Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչվեց որպես մալարիայից ազատ տարածք: Մալարիայի էլիմինացման մեր երկրի փորձն այսօր կիրառվում է տարածաշրջանի այլ երկրներում՝ ի կատարումն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրների կողմից 2005թ.վավերացված տաշքենդյան հռչակագրի, որի նպատակն է մինչև 2015 թվականը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրներում վերացնել մալարիան:
Սկսած 2007 թվականից ամեն տարի ապրիլի 25-ին ամբողջ աշխարհը նշում է մալարիայի դեմ պայքարի միջազգային օրը որպես մալարիայի դեմ պայքարի, արձանագրած արդյունքների գնահատման և ամփոփման օր:
Այս տարի ԱՀԿ ընդգծում է շարունակական ներդրումների և կայուն քաղաքական ուշադրության անհրաժեշտությունը՝ աշխարհում մալարիայի կանխման և վերահսկման համար: 2010 թվականին ՄԱԿ-ի հռչակած գլոբալ նպատակներն են` կանխարգելման և բուժման մատչելի ծառայություններ տրամադրել մալարիայի վտանգին ենթարկվող բոլոր մարդկանց և 2015 թվականին հասնել մալարիայից մահվան դեպքերի բացառմանը:
Մեր երկիրը մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման գործում մեծ հաջողությունների է հասել հետևողական քաղաքականության, շահագրգիռ կառույցների, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ քաղաքացիական բնակչության համակարգված ու համագործակցված աշխատանքի շնորհիվ:
Մալարիայի համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհում մալարիայի դեմ պայքարող բոլոր ուժերին։
ՀՀ առողջապահության նախարարություն