«Ես նախագահին երկու փաթեթ եմ ուղարկել, բայց առայժմ ոչ մի արձագանք չի եղել, ես տեղեկացրել եմ, որ Հայաստանում ուժեղ կոռուպցիա է գնում»,- այսօր «Իրատես de facto» ակումբում ասաց «Հակակոռուպցիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը:
Մարգարյանը նաեւ նշեց, որ իրենք մոսկովյան գործնկերներին Ռոբերտ Քոչարյանի մասին նամակ են ուղարկել, որն այժմ Ռուսաստանի գլխավոր դատախազի ձեռքում է. «Այս քայլին ենք դիմել, քանի որ նրա օբյեկտներից մի մասը հենց այնտեղ է, այդպես ենք արել, որ նրա օբյեկտները ստուգեն, ու այսպես շարունակելու ենք թե’ Ֆրանսիայի, թե’ Ավստրիայի եւ թե այլ երկրների հետ համագործակցել»:
Մարգարյանի խոսքով՝ իրենք բազմաթիվ փաստաթղթեր ունեն այն մասին, թե ինչպես են որոշ պաշտոնյաներ հասել իրնց այսօրվա ունեցվածքին, ինչն անթույլատրելի է եւ իր համար անհասկանալի, այդ պատճառով էլ այդ մասին պետք է բարձրաձայնել:
Վերջերս ՀԱԿ-ը լքած Մարգարյանը ասաց, թե կոռուպցիայի սկիզբը դրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Նա, անուններ տալով, նշեց. «Իսկ որտե՞ղ է այժմ Վանո Սիրադեղյանը, առաջին դղյակը Երեւանում հենց նա’ կառուցեց»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի դիտարկմանը՝ չե՞ք վախենում, որ Ռոբերտ Քոչարյանը ձեզ դատի կտա զրպարտության համար, ասաց. « Ոչ, ի՞նչ զրպարտություն, ես փաստեր ունեմ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ