Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ է ցանկանում սեպ խրել երիտՀՀԿականների եւ տարեցների միջեւ

Ապրիլ 25,2013 12:20

Գագիկ Ծառուկյանին ուղղված ոստիկանների ասածում Մկրտիչ Մինասյանը միտում չի տեսնում` պրոտոկոլ է ընդամենը:

 

Դեռ անցած տարվա սկզբներից` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախապատրաստական փուլերից, սկսեցին խոսակցություններ շրջանառվել` ՀՀԿ-ում` երիտհանրապետականներ եւ տարեցների հակասությունների մասին: Այդ խոսակցությունները ժամանակ առ ժամանակ ակտիվանում են, նոր երանգներ ու դրսեւորումներ ստանում: Մասնավորաբար, վերջերս մամուլում կրկին տեղեկություններ են շրջանառվում, որ Երեւանի ավագանու ՀՀԿ-ի շտաբում եւս երիտասարդներն ամեն ինչ իրենց ձեռքն են վերցրել` անուշադրության մատնելով ավագների կարծիքը, մոտեցումները եւ հորդորները:

Երեւանի ավագանու ՀՀԿ-ի շտաբի աշխատանքներում ներգրավված Մկրտիչ Մինասյանն այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում նախ հումոր արեց` «հիմա ես որո՞նց մեջ եմ», ապա ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Ես տարեցների մեջ ամենատարեցն եմ, երիտասարդների մեջ` ամենաերիտասարդը, բայց ես նման հակասություններ չեմ տեսել: Չկա նման բան: Կարող է՝ որոշ մարդկանց մոտ ցանկություներ կան, որ էդպես լինի, բայց ես իրավիճակին տիրապետում եմ եւ նման բան չեմ տեսնում»:

Հետաքրքրվեցինք` իբրեւ շտաբի աշխատանքներում ներգրավված անձ, երբեւէ իրեն անտեսված, իր կարծիքն արհամարված չի՞ զգացել, որովհետեւ, ինչպես ժողովուրդն է ասում` ծուխն առանց կրակ չի լինում: «Ես, Ռազմիկը Զոհրաբյան, Գագիկը Մելիքյան, ով կարծեմ երիտասարդ չի, չէ՞, շտաբի աշխատանքներում ներգրավված ենք եւ այդ աշխատանքների ամենօրյա մասնակիցներից ենք: Մենք շտաբում լիարժեք դերակատարում ունենք, մեր կարծիքը միշտ էլ հաշվի է առնվում: Ասեմ, որ շտաբը կառավարվում է շատ դեմոկրատական սկզբունքներով, բոլոր ոլորտների հետ կապված հարցերը լսվում են, քննարկվում, ուսումնասիրվում եւ ընթացք տրվում: Ի՞նչ մասին է խոսքը` չեմ կարողանում հասկանալ: Ինչ-որ մարդկանց մտքի վարժանքն է կամ էլ ինչ-որ մարդիկ ցանկանում են, որ էդպես ներկայացվի, բայց, իրականում, նման բան չկա»:

Հետաքրքրվեցինք` որոշումները կայացնելու հարցում տարեց ՀՀԿ-ականների, թե՞ երիտասարդների կարծիքն է դոմինանտ լինում: Մեր զրուցակիցը կրկնեց, որ քննարկումները դեմոկրատական սկզբունքով են լինում եւ դոմինանտը լինում է այն կարծիքը, որն այդ պահի առավել ճիշտ է: Նա հատուկ ընդգծեց, որ շտաբի պետի կողմից առանձնահատուկ վերաբերմունք կա ավագ գործընկերների նկատմամբ, քանի որ նրանք նաեւ փորձառու են ու ինքն այդ առանձնահատուկ վերաբերմունքն իր նկատմամբ զգում է ամեն օր: Հիշեցնենք, որ ՀՀԿ ավագանու շտաբը ղեկավարում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Պարոն Մինասյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինքն ինչպե՞ս է վերաբերվում երեկ Ծիծեռնակաբերդու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին. միթե՞ ոստիկանները չէին ճանաչել պարոն Ծառուկյանին, որ թույլ չէին տվել իր մեքենային մոտենալ, թե՞ դա այլընտանքային վերաբերմունք էր այլընտրանքային քաղաքական ուժը ղեկավարող անձի նկատմամբ: Մկրտիչ Մինասյանն ասաց, որ երեկ ինքն ականատեսն է եղել նաեւ նրա, թե ինչպես են ոստիկանները տարբեր մարդկանց, այդ թվում նաեւ ՀՀԿ-ականների, ովքեր երկրի կառավարման գործում լուրջ դերակատարում ունեն, զգուշացնում են, թե ո՞ր ճանապարհով կարելի գնալ, որով` ոչ. «Այնպես որ, դա մտածված կամ կանխամտածված բան չէր: Ամեն ինչին պետք չէ էդպես նայել: Գագիկ Ծառուկյանը երկրորդ քաղաքական կշիռ ունեցող խմբակցության, կուսակցության ղեկավարն է ու այդքանով էլ նա արժանանում է գնահատանքի: Իսկ եթե բաներ կան, որ որոշոկի կանոններ են պահանջում, ուրեմն, այդպես պետք է լինի, դա պրատակոլ է ընդամենը: Միտումնավորություն, համենայնդեպս, ես չեմ տեսնում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930