Հասարակությունը նոր-նոր է սկսել զգալ կառավարության առաջարկով 2012թ. դեկտեմբերին ԱԺ-ի կողմից ընդունված հարկային փոփոխությունների փաթեթի հետեւանքները։ Հատկապես «Շրջանառության հարկի մասին» օրենքը մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար դարձել է իսկական գլխացավանք: Բանն այն է, որ ընկերություններն այս տարվա հունվարի 1-ից պարտադիր սոցիալական վճարի եւ եկամտահարկի փոխարեն պետք է յուրաքանչյուր եռամսյակ վճարեն շրջանառության հարկ։ Եվ ահա ապրիլին եկել է շրջանառության հարկը վճարելու ժամանակը։
Օրենքով սահմանված դրույքաչափի համաձայն՝ առեւտրական եւ արտադրական գործունեությունից եկամուտների դիմաց պետք է վճարել 3.5%, վարձակալությունից ստացված եկամուտների համար՝ 10%, նոտարական գործունեությունից եկամուտներից՝ 20%, իսկ այլ գործունեության եկամուտներից՝ 5%:
Մանր ու միջին ձեռնարկատերերը պնդում են՝ օրենսդրական այս փոփոխություններից հետո իրենք ավելի շատ հարկ են վճարում, քան առաջ։ Օրինակ, եթե առաջ խանութպանը վճարում էր մոտ 2% շահութահարկ, ապա հիմա ստիպված է եռամսյակը մեկ վճարել շրջանառության 3,5%-ի չափով։ Այլ կերպ ասած՝ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը, որն առիթը բաց չի թողնում հայտարարելու Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի զարգացման եւ այդ «ոլոլորտին» օգնելու անհրաժեշտության մասին, իր քայլերով ճիշտ հակառակն է անում, հարկային պարտավորությունների խստացման հետեւանքը լինելու է մանր ու միջին ձեռնարկատերերի սնանկացումը։
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի բնութագրմամբ՝ լավագույն դեպքում այս հարկատեսակի համար պետք է 2-2,5 տոկոս դրույքաչափ սահմանվեր, այլապես դա բեռ է դառնում փոքր ու միջին բիզնեսի համար։ «Այն իրավիճակում, երբ կտրուկ նվազել է առեւտուրը, երբ դեռ չի վերականգնվել տնտեսությունը, ճիշտ չէ հարկային բեռի բարձրացումը եւ փոքր սուբյեկտների նկատմամբ հարկային բեռի էլ ավելի խստացումը»,-ասաց Մինասյանը՝ հավելելով, որ նման քայլերով կառավարությունը հրաժարվում է փոքր ու միջին բիզնեսի աջակցման ծրագրերից։ Ա. Մինասյանի կարծիքով՝ օրենսդրական այս փոփոխությունների հետեւանքով տեղի կունենա մի կողմից գնաճ, մյուս կողմից՝ աշխատատեղերի կրճատում եւ գործազրկության աճ։ Նրա խոսքով՝ շրջանառության հարկը կհանգեցնի նաեւ համախառն ներքին արդյունքի նվազեցմանը։
Կարդացեք նաև
Եվս մեկ կարեւոր հանգամանք. հարկային այս փոփոխություններն ուղղակիորեն առնչվում են նաեւ լրատվամիջոցներին, որոնք եւս պետք է եռամսյակը մեկ շրջանառության հարկ վճարեն։ Օրինակ, եթե բոլորին հայտնի առաջատար թերթերի խմբագրությունները նախկինում ամսական վճարում էին, ասենք, 200-250 հազար դրամ, ապա հիմա, սրան գումարած, ամեն եռամսյակ պետք է վճարեն նաեւ 500-600 հազար դրամ շրջանառության հարկը։ Սա, թերեւս, լուրջ հարված է հատկապես տպագիր լրատվամիջոցներին, որոնք, ի տարբերություն էլեկտրոնայինների, փոքր շահույթ ունեն, սակայն մեծ շրջանառություն։ Դեռ ավելին, այս հարկատեսակը դամոկլյան սրի նման կախված է ոչ թե իշխանական, այլ ազատ եւ ընդդիմադիր լրատվամիջոցների գլխին, քանի որ սպառում ունեն հենց ազատ լրատվամիջոցները։ Արդյունքում՝ չի բացառվում, որ շատ լրատվամիջոցներ պարզապես սնանկանան, ինչն էլ կհանգեցնի մեդիաոլորտում մենաշնորհի հաստատման։ Մի երեւույթ, որին իշխանությունները ձգտում են աննախադեպ հետեւողականությամբ։
«Սպասեք։ Սա դեռ ամենը չէ»,- ազդարարում է հայտնի գովազդը։ Իրոք, սա դեռ ամենը չէ։ Տիգրան Սարգսյանի կառավարությունը նոր անակնկալներ էլ է պատրաստել։ 2012թ. վերջին խորհրդարանը կրկին կառավարության նախաձեռնությամբ ընդունեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը դրոշմապիտակներ, ասել է թե՝ ակցիզներ է սահմանում նաեւ գարեջրի ու ոչ ոգելից խմիչքների՝ հյութերի, հանքային, գազավորված ու բնական ջրերի համար։ Ինչպես նշված է օրենքում, այդ ապրանքների վրա օտարման, այսինքն՝ վաճառքի ցանկացած փուլում պետք է լինի դրոշմապիտակ։ Իսկ դրոշմապիտակները պետք է ձեռք բերվեն հարկային տեսչություններից։ «Դրոշմապիտակի արժեքը որոշվում է տվյալ նմուշի դրոշմապիտակի արտադրության, պահպանության, օգտագործումից հանելու հետ կապված ծախսերից»,- ասված է օրենքում։ Նոր կարգը կսկսի գործել այս տարվա հուլիսի 1-ից։ Ասել է թե՝ առայժմ գարեջրի, հյութերի ու հանքային ջրերի արտադրությամբ զբաղվողներն իրենց մաշկի վրա ամբողջությամբ չեն զգացել հարկային բեռի խստությունը։ Բայց այդ օրը հեռու չէ: Թե ինչ հետեւանքներ կունենան այս դրոշմապիտակները, դժվար չէ կռահել, նախ՝ միանգամից տեղի կունենա նշված ապրանքների գնի բարձրացում, ինչն էլ կհանգեցնի դրանց սպառման ծավալների նվազմանը։ Բնականաբար, այստեղ եւս առաջին հարվածը կհասնի փոքր ու միջին ձեռնարկատերերին։
Արման ԳԱԼՈՅԱՆ
«Ժողովուրդ»