Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Արգենտինայում

Ապրիլ 25,2013 11:41

Ապրիլի 23-24-ը Բուենոս Այրեսում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:

Ապրիլի 23-ին Բուենոս Այրեսի կենտրոնական տաճարում` Կատեդրալում, տեղի ունեցավ հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջկրոնական արարողություն: Արարողությունը համատեղ կատարեցին Հայաստանեաց առաքելական եկեղեցու, Հայ կաթողիկե եկեղեցու և Արգենտինայի կաթոլիկ եկեղեցու կրոնական առաջնորդները և հոգևոր ներկայացուցիչները: Արարողությունից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում տաճարում գտնվող հայկական խաչքարի մոտ, որը տաճարում տեղադրվել է 2005 թվականի ապրիլի 24-ին, այն ժամանակվա Բուենոս Այրեսի կարդինալ Բերգոլիոյի՝ ներկայիս Հռոմի պապ Ֆրանսիսկոյի աջակցությամբ: Ներկա ավելի քան 1000 հյուրերի թվում էին արգենտինյան տեղական իշխանությունների, արգենտինահայ կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև արգենտինահայ վարժարանների տնօրինությունը և աշակերտությունը:

Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում  մատուցվեց սուրբ պատարագ և կատարվեց հոգեհանգստյան արարողություն` նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Արարողությունից հետո ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Այնուհետև Արմենիա անունը կրող փողոցում տեղի ունեցած արարողությանը ելույթներով հանդես եկան Արգենտինայի մարդու իրավունքների փոխքարտուղար Լուիս Իպոլիտո Ալենը, Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, արգենտինյան հայտնի դերասանուհի Վիրջինիա Ինոչենտին:

Իր խոսքում դեսպան Մելիքյանը նշեց, որ այսօր աշխարհասփյուռ հայությունը կրկին իր բողոքի և արդարության վերականգնման պահանջի ձայնն է բարձրացնում համայն մարդկության առջև՝ հիշեցնելու և զգուշացնելու, որ հետագա հանցագործությունների կրկնությունից խուսափելու միակ ճանապարհը դա հանցագործության ճանաչումն ու դատապարտումն է։ «Մերժման, ուրացման և ժխտողական քաղաքականությունը միանշանակ դատապարտված է և անհեռատես է ի սկզբանե, և վաղ թե ուշ Թուրքիան պետք է գիտակցի այս հանգամանքը և առերեսվի սեփական պատմության հետ», – նշեց նա։ Դեսպանն իր երախտագիտության խոսքն ուղղեց Արգենտինյան կառավարությանը հայ ժողովրդի դեմ իրականցված ոճրագործության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև տասնամյակներ առաջ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ընտանիքներին բարեկամաբար ընդունելու համար, որոնց զավակներն այսօր արդեն իրենց հսկայական ներդրումն ունեն երկրի հասարակական, մշակութային, տնտեսական, գիտական և կրթական կյանքում։

Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի դաշնային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, բազմաթիվ լրագրողներ, արգենտինահայեր:

Վերոհիշյալ միջոցառումները լուսաբանվեցին արգենտինյան մի շարք առաջատար զանգվածային լրատվության միջոցներով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930