Երեւանի վարչական շրջաններից մեկում, ըստ մեզ զանգահարած քաղաքացու, ՀՀԿ ներկայացուցիչները ընտրողների անձնագրային տվյալներն են հավաքում։ «Ամեն շենքից մեկին լիազորում են, որ նա այդ գործողությունը կազմակերպի։ Ամբողջ թաղամասով էդ գործը գնում է արդեն։ Հիմա անձնագրերն են հավաքում, դրանց տվյալները, որ հետո փող տան։ Ասում են 5000 դրամ են տալու»,- պատմեց ահազանգողը, նշելով, որ ընտրակաշառք խոստացողները, որքան էլ զարմանալի է, չեն պարտադրում անպայման ՀՀԿ-ին ընտրել, միայն ասում են՝ ում կուզեք՝ ընտրեք, միայն մասնակցեք ընտրություններին։ Սույնի վերաբերյալ պարզաբանումների համար դիմեցինք ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանին։
– Պարոն Սահակյան, ինչի՞ համար է դա արվում։ Միգուցե կուսակցությունը մտավախություն ունի, որ փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները Երեւանում է՞լ կկրկնվեն։
– Դրանք հերյուրանքներ են, որ տարածվում են։ Նախ՝ մենք փետրվարի 18-ի տվյալներից շատ գոհ ենք եւ գոհ կլինենք նաեւ այս ընտրություններից։ Իսկ պրովոկացիաներ միշտ էլ պատրաստ ենք լսելու։
– Դուք վստահ եք, որ բնակիչները պրովոկացիա՞ են անում։
Կարդացեք նաև
– Ոչ։ Ինչ որ մարդիկ կան, որ պրովոկացիա են անում ՀՀԿ-ի դեմ։ Եթե փաստեր լինեն, կարող ենք գնալ բացահայտումների։ Բայց դրանք խոսակցություններ են առայժմ։ Կոնկրետ որեւէ մեկը բան չի ասում։ Իհարկե, տարբեր առիթներով զանգում են նաեւ մեր շտաբ, ասում են, որ իքս կուսակցությունը նման բան է անում։ Անհեթեթ ենք համարում դա, որովհետեւ, ըստ էության, նման բան չկա։ Չեմ բացառում, որ կարող են նաեւ դեպքեր լինել՝ այս կամ այն կուսակցության, թեկուզ մեր մոտ, բայց նման արձանագրում կոնկրետ մեր մոտ չկա։
– Իսկ ինչու՞ չեք բացառում, որ ՀՀԿ-ի մոտ էլ կարող է նման բան լինել։
– Այսինքն ինչ-որ մարդիկ կան, մեր անունից փո՞ղ են բաժանում… Ես չեմ հասկանում։ Ո՞նց կարող է էդպիսի բան լինել։
– Ըստ ահազանգողի, անձնագրային տվյալներն են վերցնում եւ գումար խոստանում։
– Իմաստ չունի անձնագրային տվյալներ վերցնեն, որովհետեւ անհեթեթություն է։ Անձնագրային տվյալները վերցնեն, որ ի՞նչ անեն, ի՞նչ է տալու դա։ Սովորություն է, որ եկել է մինչ օրս, նույն բանը փորձում են կրկնել։
– Բայց փաստ է, որ ամեն մի շենքում ՀՀԿ-ի հետ սերտ կապեր ունեցող մեկը զբաղվում է բնակիչների տվյալները հավաքագրելով։
– Ես կարծում եմ՝ բոլոր կուսակցություններն էլ դռնեդուռ մտնում են, բուկլետ են բաժանում, փորձում են քարոզել։ Դա խախտում չի համարվում։ Ինչ վերաբերում է 5000 դրամ ընտրակաշառքին, ես ավելի մեծ թվեր եմ լսել այս կամ այն կուսակցության մասին։
– Իսկ Հանրապետականի մասին չե՞ք լսել։
– Իհարկե, զանգում են, ինչպես դուք եք հիմա զանգում։ 5 էլ են ասում, 10 էլ են ասում։ Ինչքան ընտրություններին մոտենա, ավելի մեծ թվեր կասեն։ Բայց կոնկրետ փաստ որեւէ դեպքում չի արձանագրված։ Առավելեւս, որ ամբողջ ազգաբնակչությանը հայտարարվում է ոստիկանության, դատախազության հեռախոսահամարները, որ մարդիկ զանգեն եւ փաստեն, որ էսինչ տեղը փող են բաժանում։ Մի քանի կառույցների հսկողության տակ է՝ եւ դատախազության, եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի։
– Պարոն Սահակյան, ուշագրավ մի հանգամանք էլ կա։ Ընտրողների տվյալները հավաքագրող մարդիկ չեն պահանջում պարտադիր ՀՀԿ-ին ընտրել, այլ միայն մասնակցել։ Տարոն Մարգարյանի՝ այգիների բարեկարգումը, խաղահրապարակների հիմնումն ու կակաչների տնկումը մի՞թե ընտրությունների մասնակցություն չի ապահովում։
– Տարոն Մարգարյանը որեւէ բակ չի սարքում, դա քաղաքապետարանն է սարքում։ Համ էլ էդքան մարդկանց ո՞նց են կաշառելու։ Հաղթողին առնվազն 200-300 հազար ձայն է անհրաժեշտ, էդքան գումար պիտի ծախսեն, որ հաղթե՞ն։ Դա անիմաստ եմ համարում։
– Եթե հաշվենք, 2-3 միլիոն դոլար է անում։ ՀՀԿ-ն այդ հնարավորությունն ունի։
– Մեզնից յուրաքանչյուրը միշտ էլ 1000-2000 քվե ապահովում է մեր աշխատանքի, մեր փոխհարաբերությունների շնորհիվ։ Էնպես որ, պիտի այլ տեղ որոնել նման զրույցները։
Մեր զրույցում Գալուստ Սահակյանն ասաց, որ ՀՀԿ-ն կարեւորում է ընտրություններում բարձր մասնակցությունը։ Եվ դա կուսակցության համար կարեւոր է յուրաքանչյուր ընտրության ժամանակ։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
«Հայկական ժամանակ»
– Իմաստ չունի անձնագրային տվյալներ վերցնեն, որովհետեւ անհեթեթություն է։ Անձնագրային տվյալները վերցնեն, որ ի՞նչ անեն, ի՞նչ է տալու դա։
Տալու է նա, որ ՛՛գումար բաժանողը՛՛, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ընտրակավատը, իր վերադասին հաշվետվություն տալիս ապացույցներ ունենա, որ փողը չի յուրացրել, ահա՛ թե ինչ անի: