Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է որդուս մահվան վերաբերյալ թիվ 20101112 քրեական գործը, ինչին անդրադարձել է « aravot.am»-ը: Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, թե իբր Ալվինա Հարությունյանը վրաերթի է ենթարկել որդուս՝ Նարեկ Զարգարյանին և նա մահացել է: Նույն հոդվածով էլ Ա.Հարությունյանը մեղադրվում է:
Դեռևս մինչև քրեական գործը դատարան ուղարկելը բազմաթիվ դիմումներ եմ գրել ՀՀ Նախագահին, ՀՀ գլխավոր դատախազություն, որոնցով հայտնել էի, որ քրեական գործը ճիշտ չի քննվում, անհասկանալի պատճառներով պաշտոնատար անձինք հովանավորում են Ա.Հարությունյանին և ճիշտ չեն որակում նրա կողմից կատարված հանցագործությունը: Ավաղ, իմ դիմումներին այդպես էլ որևէ մեկը ընթացք չտվեց: Հիմա արդեն քրեական գործը դատարանում ավարտման փուլում է, դատարանում էլ պարզվել է, որ Ալվինա Հարությունյանն իրականում կատարել է անուղղակի դիտավորությամբ սպանություն, ինչրպես նաև առանց հափշտակելու նպատակի առևանգել է մեր ավտոմեքենան: Փաստաբանս՝ Երեմ Սարգսյանը, ինձ բացատրել է, որ եթե անգամ դատավորը համոզված լինի, որ մեր դիրքորոշումը ճիշտ է, մինևնույն է, չի կարող Ա.Հարությունյանի մեղադրանքը ծանրացնել, եթե մինչև գործի ավարտը դատախազը չփոխի մեղադրանքը և ճիշտ չորակի այն:
Արդեն հոգնել եմ մեր պետության պաշտոնյաներից արդարություն խնդրելուց, նույնիսկ իմաստ չեմ գտնում կրկին մանրամասն նշել դեպքի հանգամանքները, քանի որ միշտ այդ մասին նշել եմ, դատախազության աշխատողները շատ լավ տեղյակ են դրանցից, բայց մինչև հիմա օբյեկտիվ գնահատական չեն տալիս այս հանցագործությանը:
Խնդրում եմ գոնե այս անգամ պատշաճ ձևով արձագանքեք իմ դիմումին և հանձնարարեք, որպեսզի համապատասխան պաշտոնյաները պատասխանատվությամբ մոտենան իրենց պարտականություններին և ցուցաբերեն մասնագիտական, այլ ոչ թե հայեցողական մոտեցում:
Կարդացեք նաև
Ալվինա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Զարգարյանների ընտանիքին պատանող և Նարեկ Զարգարյանի կողմից օգտագործվող «Համմեր» մակնիշի ավտոմեքենան առանց վարորդական վկայականի և ոչ սթափ վիճակում վարել է տվյալ պայմանների համար սահմանված առավելագույն արագությունը գերազանցող մոտ 100-120 կմ/ժ արագությամբ, որի հետևանքով ավտոմեքենայից ձախ կողնակից կառչած Նարեկ Զարգարյանը վայր է ընկել և մահացել: Այս արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն այդ մեղադրանքն առաջադրելիս հաշվի չեն առնվել քրեական գործով պարզված մի շարք կարևոր հանգամանքներ: Անմեղության կանխավարկածը չխախտելու նպատակով չեմ անդրադառնա Ալվինա Հարությունյանի մեղավորության կամ անմեղության հարցին, բայց քանի որ արդեն անցել ենք դատական վիւճաբանությունների փուլին, ուստի չեմ կարող չնշել, որ քրեական գործում գոնե առկա է ապացույցների բավարար համակցություն, որը վկայում է, որ Ալվինա Հարությունյանն այդ «Համմեր» մակնիշի ավտոմեքենան վարել է առանց Նարեկ Զարգարյանի թույլտվության, նրա կամքին հակառակ, այն պարագայում, երբ Նարեկ Զարգարյանը կառչել է ավտոմեքենայի ձախ կողնակից և գոռոցներով պահանջել է, որ Ալվինա Հարությունյանը կանգնեցնի ավտոմեքենան: Նշվածը նույնպես վկայում է այն մասին, որ Ալվինա Հարությունյանն ավտոմեքենան վարել է Նարեկի կամքին հակառակ:
Այսպիսի արարքը լրացուցիչ որակման է ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը/փախցնելը/ առանց հափշտակելու նպատակի, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով/:
Ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է նաև, որ Ալվինա Հարությունյանը, հաստատապես իմանալով, որ Նարեկ Զարգարյանը կառչած է ավտոմեքենայից, որն ինքը 0.71 տոկոս ալկոհոլային խմածության վիճակում վարում է նվազագույնը 100-120 կմ/ժ արագությամբ, այն էլ մոտ 2 կմ տարածություն այդ ձմեռային սառը եղանակին, չի կանգնեցրել ավտոմեքենան կամ չի դադաղեցրել դրա ընթացքը, մինչև Նարեկը Զարգարյանն ուժասպառ լինելով վայր է ընկել և մահացել:
Նման պայմաններում մեղսունակ անձը չի կարող չգիտակցել, որ եթե չկանգնեցնի ավտոմեքենան, ապա դրանից կառչած անձը կարող է վայր ընկնել և մահանալ: Եթե անգամ ավտոմեքենայի վարորդը չի ցանկանում, որ դրանից կառչած անձը վայր ընկնի և մահանա, սակայն այնուամենայնիվ չի կանգնեցնում ավտոմեքենան, չի փորձում կանխել վտանգը և գիտակցաբար թույլ է տալիս, որ կառչած անձն ուժասպառ լինելով կամ այլ պատճառով վայր ընկնի և մահանա, ապա այս դեպքում գործ ունենք ոչ թե մեղքի անզգույշ ձևի հետ, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն այդպիսի արարքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված և հետևաբար արարքը պետք է որակվի ոչ թե ՀՀ քրեական օրեսնգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այլ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` որպես անուղղակի դիտավորությամբ կատարված սպանություն: Նախաքննության ընթացքում բազմիցս միջնորդել ենք, որ Ա.Հարությունյանին մեղադրանք առաջադրվի այդ հոդվածներով, սակայն այդ միջնորդություններն առանց որևէ պատճառաբանության մերժվել են: Դատաքննության սկզբում այս նկատառումներից ելնելով նաև բացարկ հայտնեցի դատախազին, նշելով, որ նա շահագրգռված է գործի ելքով` հօգուտ մեղադրյալի, քանի որ մեղադրանքը ճիշտ չի որակել, ուստի նրա մասնակցությունը այդ քրեական գործով դատաքննությանն արդեն իսկ բացառում է տուժող կողմի համար արդար դատաքննության իրականացումը և այդ դատաքննությունը տուժող կողմի համար ձևական բնույթ է կրում, քանի որ նույնիսկ եթե դատաքննության ընթացքում դատարանը նույնպես համոզվի, որ Ալվինա Հարությունյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 183-րդ հոդվածներով, այլ ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններ, իր կարգավիճակից ելնելով չի կարող Ալվինա Հարությունյանի մեղքը ծանրացնել և նրան մեղավոր ճանաչել այդ հոդվածներով նախատեսված հանցագործությունները կատարելու համար:
Քանի որ դեպքն իր բնույթով եզակի է և այն անուղղակի դիտավորությամբ սպանություն որակելու առումով գուցե որոշ պաշտոնյա-իրավաբանների համար անսովոր է, հնարավոր է նաև իրավական առումով ոչ այդքան ընկալելի, սակայն միևնույն ժամանակ դժվար է պատկերացնել, որ դատախազը, ինչպես նաև նրա վերադաս դատախազներն իրոք չեն կարողանում ճիշտ իրավական գնահատական տալ Ալվինա Հարությունյանի` նույնիսկ որակման առումով իրավական որևէ բարդություն չներկայացնող` ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված արարքին: Տրամաբանական հարց է առաջանում, մի՞թե Ալվինա Հարությունյանի արարքը` նրա կողմից Նարեկ Զարգարյանի ավտոմեքենան նրա կամքին հակառակ վարելը և այլ վայր տեղափոխելը դատախազությունն ամբողջությամբ օրինաչափ է համարում և իրոք չեն ընկալում, որ նրա արարքը պարունակում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմ: Հույսով եմ, որ դատախազն այնուամենայնիվ մինչև դատաքննության ավարտը կօգտվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված իր լիազորությունից և կփոփոխի առաջադրված մեղադրանքը:
Կամելա ՍԱՖԱՐՅԱՆ