Տարոն Մարգարյանը, որը կարծում է, թե բոլորը կարծում են, որ իրենից ավելի խելացի ու ճաշակով քաղաքապետ աշխարհի երեսին չկա, իր նախընտրական ծրագրում սպառնում է շարունակել «նոր այգիների հիմնադրումը», «զբոսայգիների վերականգնումը»…:
Սա սպառնալիք է առանց չափազանցության։ Այն, ինչը Տարոն Մարգարյանն ու իր ՀՀԿ-ական թայֆան համարում են «նոր այգիների հիմնադրում» ու «զբոսայգիների վերականգնում», դա աղետ է, իսկ դրա շարունակությունը՝ սպառնալիք մայրաքաղաքի համար։ Դրանում համոզվելը դժվար չէ, ընդամենը պետք է մի քիչ ուշադիր լինել եւ վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ Երեւանում վերջին 10-15 տարիներին։ Երեւանը անվերադարձ կորցրեց Օղակաձեւ զբոսայգին։ Նախկինում այդտեղ տեղակայված ժամանակավոր սրճարաններին փոխարինեցին երկաթբետոնյա հսկայական կառույցներ եւ զբոսայգին վերածվեց էլիտար զվարճատեղիի, որտեղ նաեւ ծառեր կան։ Իսկ զբոսայգին ու զվարճատեղին, դրանք տարբեր՝ շատ տարբեր բաներ են։ Երեւանի ամենամեծ՝ Հաղթանակ զբոսայգում կառուցվեց հսկայական հյուրանոց։ Ու զբոսայգին այժմ ոչ այնքան զբոսայգի է, որքան հյուրանոցի «տնամերձ»։ Հաղթանակ զբոսայգու դիմաց գտնվող գեներալ Բաբայանի՝ Սարալանջի փողոցներով ու Ազատության պողոտայով սահմանափակված հսկայական այգին, որը իր չափերով համեմատելի է Հաղթանակ զբոսայգու հետ, հիմա գրեթե ամբողջությամբ կառուցապատված է։ Սա մեր էլիտար գեներալների, խոշոր գործարարների եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թաղն է։ Այդտեղ այլեւս այգի չկա։ Այս, մեղմ ասած, տխուր ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Հիմա կասեք՝ դրանք արվել են Քոչարյանի օրոք։ Այո, ժամանակագրական առումով դա արվել է 2001– 2002 թվականից սկսված։ Իսկ հիմա քաղաքի «կառավարման գաղափարախոսության» մեջ ինչ որ բան փոխվե՞լ է։ Այդ հարցին պատասխանելու համար բերենք ընդամենը մի օրինակ։ Մեկ տարի առաջ՝ 2012 թվականի մարտին Տարոն Մարգարյանը կառավարության նիստում ներկայացրեց Դալմայի այգիների միջով ավտոճանապարհ կառուցելու ծրագիրը։ Ներկայումս կառուցվող այդ ավտոճանապարհը իրար է կապելու Լենինգրադյան փողոցը (ՄՀՀ-ի մոտից) եւ Իսակովի պողոտան (ԱՍՆ դեսպանատան մոտ): Սա վերջին տարիներին մայրաքաղաքային խոշոր ծրագրերից ամենախայտառակն է։ Ու դրա պատճառը միայն այն չէ, որ այդ ավտոճանապարհի նպատակահարմարությունը զուտ տրանսպորտային իմաստով՝ կասկածելի է։ Ավելի էական է այն, թե ինչ նպատակով եւ ինչ պայմաններով է կառուցվում այդ ճանապարհը։ Ճանապարհի կառուցման արժեքը 3.7 միլիարդ դրամ է։ Բայց շինարարության գումարը քաղաքապետարանը տալու է ոչ թե «կենդանի փողով», այլ հողատարածքով՝ 5.3 հեկտար հենց Դալմայի այգիներում։ Այսինքն այդ ավտոճանապարհի միակ նպատակը դրա մոտ կառուցվելիք 5.3 հեկտար տարածք զբաղեցնող շենքերի սպասարկումն է։ Իսկ սա նշանակում է, որ Տարոն Մարգարյանը որոշել է հիմնահատակ կառուցապատել Դալման, ինչը քաղաքաշինական ոչ մի ծրագրով նախատեսված չէ։ Հարկ է նշել, որ կառուցապատողը «Սահակյանշին» ընկերությունն է, որին ընտրել է Տարոն Մարգարյանն անձամբ։ ՀՀ Ֆինանսների ու Տարածքային կառավարման նախարարությունները դեմ էին արտահայտվել այդ նախագծին, առաջարկում էին գոնե մրցույթով որոշել կառուցապատողին, կամ գոնե ճանապարհը կառուցել վերջացնել եւ հետո հարակից տարածքները աճուրդով վաճառել։ Բայց նույնիսկ այդ առաջարկները չանցան։ Թերեւս չարժե նույնիսկ նշել, որ այդ նախագիծը կառավարության օրակարգ մտավ առանց որեւէ հանրային քննարկման, ոչ ոք չգիտեր, որ նման «փայլուն» քաղաքաշինական ծրագիր կա։ Ավելին՝ կառուցվելու է եւս մի ճանապարհ, որը Մալաթիա-Սեբաստիան է կապելու Իսակովի պողոտայի հետ։ Փորձեք կռահել, թե քանի հեկտար է Տարոն Մարգարյանը կառուցապատման տակ դնելու դրա համար։ Ու շուտով, շատ շուտով Դալմայի այգիների տեղում վեր կխոյանան շուշաթղթած, բետոնից ու ապակուց կառուցված, Տարոն Մարգարյանի ու նրա թիմակիցների ճաշակին ու մտահորիզոնին հարիր շենքեր։ Նույն ճաշակով մեկը տարիներ առաջ դրանց ասում էր «բոնբոներկա»։
Քաղաքային այգիներն ու կանաչ տարածքները կառուցապատելը աշխարհի ամենահեշտ գործն է։ Մանկապարտեզի երեխային էլ, եթե քաղաքապետի պաշտոնում դնեն, առաջին բանը, որ մտքով կանցնի, դա այգիներում ու զբոսայգիներում շենքեր կառուցելը կլինի, մանավանդ եթե այգիները գտնվում են քաղաքի կենտրոնին մոտ։ Ձրի հողը հատկացնում ես, այդտեղ շենք է կառուցվում, հետո քառակուսի մետրը թանկ գնով վաճառում ես։ Լիքը եկամուտ ես ստանում։ Բայց դրանից հետո քաղաքը դադարում է քաղաք լինելուց եւ վերածվում է բնակավայրի, որտեղ մարդիկ ծնվում են ու մի քանի տասնյակ տարուց մեռնում են։ Իսկ որպեսզի նրանք ապրեն, շատ ու շատ բաներից բացի՝ նաեւ պետք է քաղաքային այգիներ լինեն։ Իսկ Տարոն Մարգարյանը որոշել է դրանք կառուցապատել եւ Երեւանը վերածել բնակավայրի, որտեղ մի երկու հատ ծառ կա, մի քանի հատ ծաղիկ, ու մեկ էլ նոր տարուն տոնածառ են զարդարում։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»