Լրահոս
Օրվա լրահոսը

Բերանը կարած վանաձորցին արդարացվել է

Ապրիլ 25,2013 10:40

Ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանը որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

 

 

Օրերս խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու  եւ ապօրինաբար հրազեն կրելու, պահելու մեջ մեղադրվող վանաձորցի Շալիկո Մանուչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է` հանցակազմի բացակայության հիմքով:

 «8 ամիս Շալիկո Մանուչարյանը կալանքի տակ մնաց, կալանքի որոշումները միշտ բողոքարկվում էին, սակայն ապարդյուն: Շալիկոն ճարահատյալ հացադուլ հայտարարեց, կարեց բերանը, բողոքի ակցիաներ կազմակերպվեցին Վանաձոր քաղաքում` դատարանի առջեւ, դատախազության դիմաց: Հերթական անգամ, երբ դատարանը  բավարարեց կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը, Լոռու մարզի դատախազության որոշման համաձայն` Շալիկո Մանուչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց ստորագրությամբ չհեռանալու մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում վերհիշում է Շալիկո Մանուչարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը (լուսանկարում): 

Նա ասում է, որ դեռ այն ժամանակ պատկան մարմինները ընդունել էին, որ չեն կարողանում ապացուցել Շալիկո Մանուչարյանի մեղքը` փաստելով, որ այժմ էլ  ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանի կայացրած որոշումը եկավ ապացուցելու իր պաշտպանյալի անմեղությունը:

«Քննիչը որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` հիմնավորելով, որ գործի օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի քննությամբ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել Շալիկո Մանուչարյանի կողմից նշված հանցանքը կատարելու վերաբերյալ` փաստելով, որ սպառվել են այդ ուղղությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: Դրանից ելնելով որոշել են Մանուչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, եւ խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, նույնպես վերացվել է»,-տեղեկացնում  է փաստաբանը:

Նա բացատրում է, որ Շալիկո Մանուչարյանն այժմ  քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն ձեռք է բերել արդարացվածի դատավարական կարգավիճակ եւ ունի արդարացվածի բոլոր իրավունքները` հատուցում ստանալու, դիմելու գրավոր ներողության, մամուլում հոդվածները հերքելու պահանջով:

«Մենք  կդիմենք այդ քայլին, թե ոչ, պետք է որոշի իմ պաշտպանյալը, ով դեռեւս իր դիրքորոշումն այդ մասին չի հայտնել»,-փոխանցում է փաստաբանը` հավելելով, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կասեցվել է, նախաքննությունը շարունակվում է:

«Իրական հանցագործի բացահայտման խնդիրն արդեն ոստիկանությանն է, թող պարզեն, թե ով է իրական հանցագործը»,-ասում է Ռուբեն Հակոբյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930