Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյան – Իշխանություն 0:1. Գագիկի առաջին կորուստը

Ապրիլ 25,2013 10:18

Ապրիլի 24-ի հայաստանյան ավանդական լրահոսը «խառնվեց» ոչ ավանդական տեղեկատվությամբ, որ ստացվեց Ծիծեռնակաբերդից, սակայն որը կապ չուներ Ցեղասպանության տարելիցի կամ հայ-թուրքական հարաբերության հետ: Կամ՝ կապ ուներ այնքանով, որքանով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակիցների հետ այցելել էր Ցեղասպանության զոհերի հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելու:

Երբ ԲՀԿ նախագահը փորձել է հեռանալ հուշարձանից, ոստիկանները նրան թույլ չեն տվել հեռանալ այն ճանապարհով, որտեղից մինչ այդ հեռացել էին պաշտոնատար անձինք, և որը ավտոկանգառին ամենամոտ ճանապարհն է: Գագիկ Ծառուկյանը ստիպված է եղել գնալ այն ճանապարհով, որով սովորական քաղաքացիներն էին հեռանում հուշարձանից:

Այս դրվագը երեկ ըստ էության վերածվեց բավական աղմկոտ տեղեկատվության, առավել ևս, որ ԲՀԿ-ականները իրենց վրդովմունքն էին հայտնել տեղի ունեցածի, ոստիկանների գործողությունների կապակցությամբ: Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, և Ծիծեռնակաբերդում, և հետո որևէ աղմուկ չի բարձրացրել, իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետն էլ ֆեյսբուքյան էջում գրառում էր արել և ասել, որ ոստիկանները ընդամենը հասարակական կարգն են պաշտպանել, և պետք չէ այդ ամենը քաղաքական, նախընտրական շահարկումների ենթարկել:

Սակայն պարզ է նաև, որ առանց քաղաքականության այստեղ երևի թե յոլա գնալ չի լինի: Ինչպիսին էլ եղել են ոստիկանների գործողությունների դրդապատճառները կամ մոտիվները, միևնույն է՝ ակնհայտ է, որ տեղի ունեցածը թողնելու է իր քաղաքական նստվածքը Գագիկ Ծառուկյանի համար, քանի որ մինչև այսօր նրա համակիրների, նրա հետևից գնացողների համար Ծառուկյանը բացում էր բոլոր դռները, և նրա առաջ արգելապատնեշներ չկային: Իսկ հիմա պարզվում է, որ ոստիկանները նրան կարող են թույլ չտալ օգտվել պաշտոնյաների հնարավորություններից:

Եվ սա տեղի է ունենում բոլորի աչքի առաջ ու հայտնվում լրահոսի ամենապահանջված դիրքերում: Ըստ որում, հետաքրքրական է, որ դեպքը տեղի է ունենում Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո, որի առիթը վարչապետի նշանակման համար ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցելու սահմանադրական դրույթն էր: Ամենայն հավանականությամբ, այդ խորհրդակցությունն անցել է բավական սառը մթնոլորտում, և Սերժ Սարգսյանը որոշել է հարմար առիթի դեպքում Գագիկ Ծառուկյանին ցույց տալ իր տեղը: Իսկ առիթն էլ առաջացել է ապրիլի 24-ին:

Ընդ որում, կա ևս մի հետաքրքրական նրբերանգ: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ նման վերաբերմունք է դրսևորվում այն բանից հետո, երբ Վարդան Օսկանյանը հանդես եկավ ԲՀԿ-ին ուղղված հորդորով՝ սեպտեմբերին հայտարարել ընդդիմություն լինելու մասին: Երևի Սերժ Սարգսյանը փորձում է Գագիկ Ծառուկյանին ակնարկել, թե ինչ է նրան սպասվում ընդդիմություն լինելու պարագայում: ԲՀԿ նախագահը հայտարարել է, որ պատրաստ է կորուստների: Եվ ապրիլի 24-ին նա, ըստ էության, առաջին կորուստը ունեցավ, որը, իհարկե, նյութական չէր, սակայն տվյալ պահին երևի թե առավել կարևոր էր, քանզի նյութական կորուստները Գագիկ Ծառուկյանի համար ռեալ վտանգ կարող են դառնալ միայն նմանօրինակ կորուստներից հետո, երբ նա այլևս հասարակության շրջանում վերջնականապես կկորցնի անպարտելիի իր իմիջը:

 Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930