Հ. Թամամյանն իրեն մասնակիորեն մեղավոր ճանաչեց:
Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվեց Իջեւանի բնակիչ,1981 թ. ծնված Հունան Թամամյանի դատավարությունը: Նա մեղադրվում էր այն բանի համար, որ 2012թ . հունիսի 28-ին Իջեւան քաղաքի «Մարմար» ռեստորանում, լինելով ալկոհոլային հարբածության վիճակում, վիճաբանել է Իջեւանի բնակիչ, 30-ամյա Խորեն Հովհաննիսյանի հետ, դանակով հարվածել վերջինիս կրծքավանդակի ձախ մասին, որի հետեւանքով Խ. Հովհաննիսյանը Իջեւանի բժշկական կենտրոն տանելու ճանապարհին մահացել է:
Հ. Թամամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ 268 հոդվածի 1-ին մասով («Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի»): Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Ապրիլի 18-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռեց ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Հունան Թամամյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել, նրան ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչել եւ դատապարտել 9 տարի ազատազրկման:
Կարդացեք նաև
Դատարանը որպես Հ. Թամամյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առել, որ նա երիտասարդ է , իրեն մասնակիորեն մեղավոր է ճանաչել, նախկինում դատված չէ, խնամքի տակ ունի մինչեւ 14 տարեկան երկու երեխա, հանցագործությամբ կատարված վնասը 1.2 միլիոն դրամի չափով կամովին վերականգնել է: Դատարանը որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Սույն դատավճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ