Գյումրու Շիրակացի փողոցում երեկ հնչած կրակոցներից վնասվել է նաև Հարություն Խաչատրյանի լեզուն, գնդակը վնասել է այն: Նրա լեզուն, քիմքը , շուրթը կարված են, վերքեր ունի, խոսում է մեծ դժվարությամբ, ասածից էլ բան չի հասկացվում: Այսօր մեզ հետ զրույցում այսպես նկարագրեց տուժողի վիճակը նրան վիրահատող բժիշկը`Գյումրիի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Խաչատուր Կարապետյանը:
Նա ասաց, որ հետագայում Հարություն Խաչատրյանի խոսելու ունակությունը կվերականգնվի, քանի որ այդ ամենը վերականգնվող է: Բժիշկը նաև տեղեկացրեց, որ Քավոր Հարութին հիվանդանոց են տեղափոխել ծանր շոկային վիճակում, հրազենային վիրավորումով: «Հարությունի մոտ կա բազուկի վնասվածք, ուներ միջանցիկ հրազենային վիրավորում բազկի ամբողջ երկայքնով, մուտքը արմնկային, ելքը` ուսահոդ, գնդակը շարունակաբար ուսահոդից անցել էր դեպի ծնոտը` վնասելով բերանի խոռոչը և լեզուն: Ուներ բազկի հրազենային կոտրվածք միջին երրոդականի հատվածում` բազամաբեկորային ոսկրային դեֆեկտով և ուներ նյարդի վնասում, արյան կորուստ և ծանր տրավմատիկ շոկ »-, տեղեկացրեց բժիշկը:
Նա նաև ասաց, որ վիրահատության ժամանակ տեղազննել են նյարդի բեկորները, նյարդի ամբողջականությունը պահպանված է եղել, միայն թե սեղմումներ է ունեցել, հետագա բուժումով պետք է վերականգնվի ձեռքի ֆունկցիան, ոսկրաբեկորների դեֆեկտն էլ հաջողվել է փակել, դրվել է արտաօջախային համակարգ, կատարվել է ֆիքսացիա: Հիվանդին վերակենդանացման բաժնից արդեն տեղափոխել են հիվանդասենյակ, որն, ի դեպ, շրջափակված էր ոստիկաններով: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Մենք հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է քավոր Հարութը հաշմանդամ մնա, որին ի պատասխան բժիշկն ասաց. «Նրա կյանքին վտանգ չի սպառնում, էդպես գնահատենք վիճակը, հաշմանդամության խնդիրն էլ հետո կերևա, որովհետև ոսկորի հետ խնդիր ունի, եթե հաջողվի առանց թարախային բորբոքման և առանց բարդությունների այս ընթացքը տանել, եթե հաջողվի ոսկորի սերտաճումն էլ իրականացնել, նյարդի կենսունակությունն էլ վերականգանել, ապա հաշմանդամություն չի լինի»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ