Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զ. Փոստանջյանը ԵԽԽՎ-ից հիշեցնում է թուրքական իշխանություններին. «Չենք դադարելու պահանջել հատուցում»

Ապրիլ 24,2013 19:43

 

«Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որն իրականացվել է երիտթուրքերի կողմից Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին»,-ԵԽԽՎ-ում իր գրավոր ելույթում այսպիսի հայտարարություն է արել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա իր ելույթը ԵԽԽՎ ամբիոնից պետք է հնչեցներ հատուկ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վերնաշապիկով, սակայն Զարուհի Փոստանջյանի հերթն այդպես էլ չհասավ, ուստի նրա ելույթի տեքստը կցվել է նիստի արձանագրությանը:

Զ. Փոստանջյանը մասնավորապես գրել է. «Այս սահմռկեցուցիչ փաստը բնութագրվում է հայերեն եղեռն բառով: Ձեզ բոլորին կոչ եմ անում հատուկ ուշադրություն հրավիրել այն բոլոր պահանջների վրա, որոնք ներկայացնում է ոչ միայն Հայաստանն, այլև ողջ մարդկությունը: ԵԽ-ի բազում երկրներ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, և արդեն ժամանակն է, որ Թուրքիան էլ ճանաչի այդ ոճրագործությունը: Ես բոլոր հայերի անունից փոխանցում եմ Թուրքիայի իշխանութուններին, որ մենք երբեք չենք դադարելու պաշտպանել մեր իրավունքները, պահանջելու ենք հատուցում և մեր հողերի ու մեր քաղաքակրթության վերադարձը: Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Զոհերի հիշատակի ոգեկոչման ամենակարևոր ճանապարհներից մեկը պահանջատիրությունն է ու այլոց կոչ անելը՝ ճանաչել անցյալի ոճրագործությունները»:

Զ. Փոստանջյանն իր ելույթում հիշատակել է այն, որ Կիլիկիայի Մեծի Տանն Արամ Կաթողիկոսը բանաձևել է հայ ժողովրդի պահանջները երեք բառով՝ հիշել, հիշեցնել ու պահանջել: Նա մի առիթով նշել է. «Մենք հարյուրավոր տարիներ շեշտում ենք հայոց ցեղասպանության կատարման փաստը, մոմավառություններ կազմակերպում, գրքեր հրատարակում՝ այդպիսով տոգորելով երիտասարդ սերնդին հիշել զոհվածներին ու վառ պահել նրանց հիշատակը: Հարյուրավոր տարիներ մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացրել, հայոց ցեղասպանության փաստի մասին մարդկանց հիշեցրել բողոքի ցույցերի, քարոզչության միջոցով: Բայց արդեն ժամանակն է պահանջել նաև հատուցում»:

Տիկին Փոստանջյանն իր ելույթի գրավոր տեքստում փաստել է, որ Աուշվիցի հուշարձանը ԵԽ պատվիրակներին և այցելուներին է դիմավորում՝ որպես Հոլոքոստի զոհերի միջազգային օրվա խորհրդանիշ: Այնուհետև Հայաստանի պատվիրակության անդամը առաջարկել է ստեղծել նաև Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև 1915-ին Օսմանյան կայսրությունում  ցեղասպանված մյուս ազգերի ներկակացուցիչների հիշատակը հավերժացնող հուշարձան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930