Դանիել Իոաննիսյանը համաձայն չէ ԿԸՀ-ի որոշման հետ:
Երեկ ԿԸՀ-ն մերժեց «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացրած քարոզչական խախտումները՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից կատարված:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԿԸՀ-ի որոշումը՝ դիմում ներկայացրած «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ԿԸՀ-ն խախտումներ գտել է, սակայն հրաժարվել է օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկել: Դանիելի խոսքերով՝ «Օրինակ, «Հայրենիք» կ/թ-ի շենքի վրա տեղադրված 6 քմ-ն գերազանցող ԲՀԿ-ի քարոզչապաստառների համար Վարչական իրավախախտումների օրենսգրքում շատ հստակ ամրագրված պատասխանատվություն է նախատեսվում: ԿԸՀ-ից չստացա պատասխան, թե ինչու չեն տուգանում ԲՀԿ-ին»:
ՀՀԿ-ի՝ սխալ տեղերում փակցված խախտումների հետ կապված ԿԸՀ-ի նիստի ժամանակ ներկայացվել են ապացույցներ, որ դրանք արդեն հանվել են: Օրինակ, Տարունց փողոցում խանութների վրայից հանվել են Տարոն Մարգարյանի քարոզչապաստառները, «Հյուսիսային համալսարանի» շենքի վրայից նույնպես հեռացրել են դրանք. «Ինձ ներկայացրեցին տեսանյութ, որում արդեն չկային պաստառները, ինձ ասացին, որ եթե անգամ եղել են, արդեն խախտումը վերացրել են»:
Կարդացեք նաև
Դանիել Իոաննիսյանի ներկայացրած խախտումների մեջ նշված էր, որ Շիրազի փողոցի 30 հասցեում մի շենքի վրա առկա են ԲՀԿ-ի քարոզչապաստառները: Ըստ Դանիել Իոաննիսյանի, «ԿԸՀ-ից գնացել եւ նկարել են 3 պատերը, բայց այն մեկը, որի վրա էր նկարը, չէին նկարել: Նկարողները չգիտեին երեւի, որ 4 պատ ունի շենքը, ոչ թե 3»:
Ինչ վերաբերում է ոստիկանության կողմից «Բարեւ Երեւան» դաշինքի թեկնածուների, մասնավորապես Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ ոտնձգություններին, ԿԸՀ-ն ասել էր, որ դա քննելն իրենց լիազորությունների մեջ չի մտնում:
Կոմիտաս 51 հասցեում նույնպես խախտում էր արձանագրվել: Ըստ «Բարեւ Երեւանի», Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ-ի քարոզչապաստառները գերազանցում են 6 քմ-ն եւ չկա տպագրության մասին նշում. «Իրենք չգիտեմ ոնց են հաջողացրել, չափել են եւ ստացել են, որ 6-ից փոքր են, թեեւ իմ չափելով 7-ն են: Ես եւս մեկ անգամ կչափեմ եւ կնկարեմ տեսանյութով»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Դանիել Իոաննիսյանը այս բոլոր խախտումներն արձանագրելուց եւ ԿԸՀ-ի մերժումը ստանալուց հետո մտադիր է դիմել դատարան: Նա պատրաստվում է դատական կարգով բողոքարկել հատկապես քաղաքապետարանի կողմից ապրիլի 7-ին բաժանվող բացիկներն ու ծաղիկները Տարոն Մարգարյանի քարոզչության օգտին ծառայեցնելու փաստը, որի մասին կա տեսանյութ: Դանիելի խոսքերով՝ «Հիմա որոշում են՝ արդյո՞ք դատական կարգով բողոքարկելու ենք, թե ոչ, որովհետեւ ժամանակի խնդիր էլ կա: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այս հարցով վարչական դատարան եմ դիմելու»:
ԿԸՀ-ն, ուսումնասիրելով ապրիլի 7-ի այդ տեսանյութը, գտել է, որ դա չի կարող նույնացվել քարոզչության հետ եւ անհիմն է որակել դիմումը:
Այն տեսանյութը, որտեղ մանկապարտեզի ծնողներին ստիպողաբար տանում են Տարոն Մարգարյանի հավաքին, ԿԸՀ-ն նույնպես հիմք չի համարել խախտման համար՝ գտնելով, որ այդտեղ ոչինչ չկա:
Նշված խախտումների մեջ ամենաուշագրավներից մեկը «Կենտրոն» կանաչապատման աշխատակցի հետ էր կապված: Տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես է այդ աշխատակիցը օրը ցերեկով՝ իր համար աշխատանքային ժամին փակցնում Տարոն Մարգարյանի քարոզչապաստառները, ինչը, ըստ «Բարեւ Երեւան» դաշինքի, վարչական ռեսուրսի օգտագործման վառ օրինակ է: Սակայն այս դեպքում էլ Տիգրան Մուկուչյանը փոխանցել էր, որ պարզաբանում են վերցրել «Կենտրոն կանաչապատումից» եւ վերջինիս տնօրինությունից ասել են, թե իրենք ոչ մեկին ոչինչ չեն պարտադրել: Աշխատակիցն է անկարգապահ գտնվել եւ դա արել սեփական նախաձեռնությամբ: Այսինքն՝ այդտեղ առկա է զուտ աշխատանքային կարգապահության խախտում՝ աշխատակցի կողմից:
Դանիել Իոաննիսյանը նաեւ ընդգծեց. «ԵԱՀԿ-ն բազմիցս ասում է՝ պետության եւ իշխող կուսակցության տարանջատումը հստակ չէ: Մենք այստեղ տեսնում ենք նման մի բան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ