Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը
շնորհակալ է ԱՄՆ պետդեպարտամենտին՝ հրապարակած «Մարդու իրավունքների վիճակը 2012թ.» տարեկան ընդհանրական զեկույցի համար, որտեղ ըստ նրա, օբյեկտիվորեն է ներկայացված դատական համակարգը:
«Ես խոստացել էի, որ իմ դեմ հարուցված 3 դատական գործերով բացահայտվելու է մեր դատաիրավական համակարգի ամբողջ անատոմիան, եւ դատաիրավական համակարգի կախվածությունը գործադիր իշխանության կողմից իջեցվող պատվերների եւ դատաիրավական համակարգի բոլոր արատները նույնպես: Ինձ զարմացրեց այն, որ զեկույցում այդքան ճշգրիտ ներկայացված են այդ արատները: Զարմացրեց, որովհետեւ վերաբերվում էր իմ դեմ սարքված գործերին, դատական հետապնդմանը, այնտեղ ուղղակի ես գտա այն բոլոր բացահայտումները, որոնք մինչ այդ արել էի վերջին 1 տարվա ընթացքում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը, ըստ որի՝
զեկույցը պատրաստողները կարծես իրենց աչքի առաջ ունեցել էին իր դեմ «թխված» գործերը:
«Ես ապշել էի, թե որքան օբյեկտիվ է գտնվել պետդեպարտամենտը, քաղաքագետների միությունը պատրաստվում է հայտարարություն անել, հատուկ շնորհակալություն հայտնել»,- ասաց նա:
Քաղաքագետների միության նախագահը համոզված է՝ «Մեր դատական համակարգը հաշվի չնստեց Սերժ Սարգսյանի անցյալ տարվա վերջում դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցրած կոշտ քննադատության հետ, երբ նա բացահայտ քննադատեց համակարգն ու աշխատակիցներին, կարծելով, որ գուցե Սերժ Սարգսյանը դա արել է հասարակական նկատառումներից ելնելով, կամ՝ գուցե ներքին պայմանավորվածություն ունեին, որ նա կասի, բայց իրենք հաշվի չեն նստի… Բայց ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտին, ապա նրա հետ այդպիսի գործարք, պայմանավորվածություն չկա, թե դուք ասեք, մենք կլսենք, բայց բանի տեղ չենք դնի»:
Հովհաննիսյանը հավելեց, որ պետդեպարտամենտը նշել է, որ մեր դատական համակարգում արդարացումներն ընդամենը 1.5 տոկոս են կազմում, ինչը ըստ նրա՝ ստալինյան, բերիական ժամանակներից մնացած դատաիրավական համակարգ է, որը գուցե իր ձեւով փոխվել է, բայց բովանդակությամբ նույնը մնացել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Բոլոր իրավական ակտերը Հայաստահում 21-րդ դարասկզբից պետք է բերել,՝ ռոբիկա-շեռժիկա-շաշիկա-լֆիկա-զիբիլաբարո տալմուտների: