Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ. Ցեղասպանության ճանաչման հասնելու համար Հայաստանին քաղաքական ծրագիր է պետք

Ապրիլ 24,2013 17:35

Ռամկավար ազատական կուսակցության Հարավային Ամերիկայի շրջանի վարչության անդամ Միհրան Սառաֆյանի կարծիքով, ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու հարցում Հայաստանին պակասում է ազգային, քաղաքական ծրագիրը:

«Մենք ցավակցություններով չպետք է ապրենք, որովհետեւ անիկա մեր բարոյականին համար լավ չէ: Պետք է մեր իրավունքները պաշտպանենք, մեր թեզը մեջտեղ հանենք եւ հստակեցնենք` ինչ միջոցների պետք է դիմենք, որ Թուրքիան վերջնականապես ճանաչի ցեղասպանությունը: Ձեւերը պետք է գտնենք»,- ասաց պարոն Սառաֆյանը` դժվարանալով նշել, թե ինչպես պետք է պաշտպանենք մեր իրավունքները եւ ճանաչմանը հասնելու համար ինչ ծրագիր է պետք:

Նա միայն հավելեց, որ «Իմ կարծիքով, մենք քսան տարի է ազատ եւ անկախ ենք, կարելի է մեր քաղաքականության մեջ սխալվում ենք, կարելի է`ոչ, բայց քննադատելը դյուրին բան է, այ երբ դուն ալ նստիս աթոռի վրա, կհասկնաս հարցի լուծման դժվարությունն ու լրջությունը»:

Անդրադառնալով հայ-թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման որոշմանը, պարոն Սառաֆյանը չհամաձայնեց, որ դա դանդաղեցնում է ցեղասպանության ճանաչման գործընթացը. «Ամենն ալ լավ բան է, բայց միայն ոչ մի կաթիլ արյուն չենք կրնար ծախել այս գործին մեջ: Ուրեմն պետք է ճիշտ մնանք մեր մտքին»:

Պարոն Սառաֆյանի խոսքերով, Հայաստանը չպետք է շտապի հատուցման եւ իրավատիրության հարցը զուգահեռել ցեղասպանության ճանաչման հարցի հետ. «Ամեն բան մտածված պետք է անենք, փուլով պետք է անել: Նախընտրելի է` մի քիչ ուշացումով, բայց ձեւավորված հարցադրումներ պետք է արվեն: Նախ ճանաչման հարցը, հետո Թուրքիայի հետ լեզու գտնիլ է հարկավոր, որ Թուրքիան վերագտնի իր պատմությունը. ասանկ բաները ոչ թե ատրճանակով պետք է արվին, այլ անուշ, կակուղ ձեւով»:

Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելը, պարոն Սառաֆյանը հնարավոր է համարում, այնքանով, որ. «Անկարելի բան չկա աշխարհում, աղջիկս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930