Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր սխալ որոշումը կոծկո՞ւմ է

Ապրիլ 24,2013 17:15

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մի որոշում է ընդունել, որով «Երեւան Ջուր» ընկերությանը թույլտվություն է տվել համակարգը շահագործելու, սակայն հանձնաժողովն իր որոշման մեջ համակարգի նկարագրություն չի տվել, եւ որեւէ ձեւով չի նշել, թե համակարգի սկիզբը եւ վերջը որն է, այսինքն` «Երեւան Ջուր» ընկերությունը որտեղից մինչեւ որտեղ պիտի համակարգը շահագործի:

Հանձնաժողովի այս որոշման դեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին բողոքել է Համատիրությունների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանը, սակայն ո’չ նախագահը ո’չ էլ վարչապետը ուշադրության չեն արժանացրել:
«Օրերս էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել ջրամատակարարման ծառայությունների մատուցման որակի վերաբերյալ: Մինչեւ այդ որոշումը, 3-4 ամիս առաջ սպառողներն էին ջրամատակարարման որակի վերաբերյալ հարցեր ուղղել հանձնաժողով, սակայն նրանց նամակը քննարկման չի դրվել: Այսինքն` ի՞նչ է ստացվում, որ հանձնաժողովը սպառողների բարձրացրած հարցերը հաշվի չի առնում, դրանք բանի տեղ չի դնում, իսկ ընկերությունների բարձրացրած հարցերի վերաբերյալ ամեն անգամ որոշում է ընդունում, մինչդեռ օրենքի պահանջն է, որպեսզի հանձնաժողովը հավասարակշռի սպառողների եւ ընկերությունների շահերը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արամ Գրիգորյանը:

Ըստ նրա, սպառողները հանձնաժողովին գրած դիմումում դժգոհություն էին հայտնել Երեւան քաղաքի ջրամատակարարումից` նշելով, որ ջրամատակարման որակը գնալով ոչ թե լավանում, այլ վատանում է: Սպառողները մասնավորապես` մատնանշել են, որ ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրով «Երեւան Ջուր» ընկերությունը պարտավորվել է շահագործել համայնքային սեփականություն համարվող ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը` մինչեւ բազմաբնակարան շենքերի պատերի սահմանը, ինչը չի արվում:

«Հանձնաժողովը հանրային ծառայությունների կարգավորում չի իրականացնում, որովհետեւ կարգավորում նշանակում է սպառողների եւ ընկերությունների շահերի հավասարակշռում, դա օրենքն է պահանջում, այսինքն` հանձնաժողովը սպասարկում է միայն ընկերությունների շահերը»:

Արամ Գրիգորյանի ներկայացմամբ, կա ՀՀ կառավորության որոշում, կա նաեւ հանձնաժողովի որոշում, ըստ որի համայնքային սեփականությունը պետք է սպասարկի «Երեւան Ջուր» ընկերությունը, որը 10 տարով վարձակալությամբ վերցրել է այդ համակարգը: Սակայն օգտվելով հանձնաժողովի սխալ որոշումից, որտեղ հստակեցված չեն շահագործման սահմանները, ընկերությունը Համատիրությունների ասոցիացիային գրավոր պատասխանել է, որ իրենք չեն շահագործելու սպառողների նշած հատվածները.
«Այսինքն` շահագործման ծախս ներառված է ջրի սակագնի մեջ, բայց «Երեան Ջուրը» հրաժարվում է իրեն հասանելիք գործն անել: Մեր դիմումներին Երեւանի քաղաքապետարանից գրավոր պատասխանում են, որ այդտեղ խնդիրներ կա, Ջրային տնտեսության պետական կոմիտեն գրում է, որ այդ հարցը պետք է քննարկենք, սակայն հանձնաժողովը որեւէ բան հաշվի չի առնում: Ինչո՞ւ հաշվի չի առնում, չի անդրադառնում, որովհետեւ կպարզվի, որի ինքը օրենք է խախտել եւ ինքը խախտում է այլ օրենք, դրան համապատասխան, որովհետեւ հանրային ծառայության կարգավորման սկզբունքն էլ է խախտվում: Եթե պետական կառավարման մարմիններն անթաքույց արհամարում են հասարակության իրավունքներն, ապա հասարակության մոտ առաջանում է դրան համապատասխան վերաբերմունք: Ահա թե ինչու է հայ հասարակության մոտ ստեղծվել «գաղջ» մթնոլորտ: Սա օրինակներից մեկն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ.Գ. Պատրաստ ենք լսել նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ «Երեւան Ջուր» ընկերության պարզաբանումները այս հարցի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930