Լրահոս
Օրվա լրահոսը

139 մանկապարտեզում դրամահավաք է. 210 հազար դրամ՝ 1 խմբից (Տեսանյութ)

Ապրիլ 24,2013 17:06

Aravot.am-ին է ահազանգել Շենգավիթի թիվ 139 մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի՝ Համլետ Հովհաննիսյանի ծնողը՝ Արա Հովհաննիսյանը: Նրա երեխան ավագ խմբից է եւ այս տարի ավարտելու է մանկապարտեզը:

Տնօրինությունն էլ որոշել է դրամահավաք իրականացնել՝ ավարտական լուսանկարների հուշալբոմի անվան տակ: Երեխայի հոր պատմելով՝ «Երկու տղա ունեմ, երկուսն էլ նույն մանկապարտեզն են հաճախում: Մեկը ավագ խմբում է: Ինչ-որ նկարիչ է եկել, եւ տնօրենը դաստիարակներին հայտարարել է, որ յուրաքանչյուր երեխայից պետք է հավաքեն 7000-ական դրամ՝ 1 վինետկայի համար: Մեծ տղայիս խմբում 30 երեխա է, 30-ը եթե բազմապատկենք 7000-ով, կստացվի 210 հազար դրամ: Հետաքրքիր է՝ էդ ի՞նչ վինետկա է, ի՞նչ մատերիալի է, որ 7000 դրամ մանկապարտեզը երեխայից գումար է հավաքում՝ 1 վինետկա հատկացնելու համար»:

Ծնողները որոշել են զանգել քաղաքապետարանի թեժ գիծ, բայց զանգերին պատասխանող չի եղել:

Մեր հարցին՝ միայն դո՞ւք եք անհամաձայնություն հայտնել, թե՞ մնացած ծնողներն էլ՝ Արա Հովհաննիսյանը պատասխանեց. «Չէ, մնացած ծնողներն էլ համաձայն չեն, որովհետեւ անակնկալի են եկել, բայց ոչ մեկը, ճիշտն ասած, ռիսկ չի անում, վախենում են բարձրաձայնել: Ես վախենալու ոչ մի բան չունեմ, որովհետեւ ես միշտ էլ արդարության կողմնակից եմ»:

Համլետի հայրը նաեւ պատմեց, որ նույն մանկապարտեզում փոքր տղայի խմբում էլ սեղան-աթոռները պահանջել են երեխաներից մեկի ծնողներից, որը ստիպված գնել է իր գրպանի հաշվին: Ծնողը վստահեցրեց, որ այդ մանկապարտեզում հաճախ է լինում դրամահավաք:

Ուշագրավ է, որ մարտի 29-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր խստորեն վերահսկել հանրակրթական դպրոցներում տարբեր առիթներով դրամահավաքության երեւույթները: Նկատի ունենալով, որ ուսումնական տարին մոտենում է ավարտին եւ հատկապես ավարտական դասարաններում սպասվում են միջոցառումներ, Տարոն Մարգարյանը հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին հանձնարարել էր ծնողական կոմիտեների հետ խորհրդակցություններ անցկացնել եւ հորդորել, որ նմանատիպ նախաձեռնությունները իրականացնեն առանց դպրոցների տնօրեններին եւ դաստիարակներին ներգրավելու: Քաղաքապետն այդ խորհրդակցության ժամանակ չէր արգելել դպրոցներում ավարտական հուշալբոմներ պատրաստել՝ աշակերտների համար: Սակայն խոսքը դպրոցների մասին էր, ոչ թե մանկապարտեզների: Բացի այդ, քաղաքապետը չի համակարգել գները, թե ինչ գին կարող է «կրակել» իր սաների համար մանկապարտեզի տնօրենը:

Կոնկրետ Համլետի հայրիկը մի քանի լուսանկարչական ծառայությունների կետեր է մտել եւ հետաքրքրվել, թե 30 երեխայի համար ավարտական հուշալբոմն ի՞նչ կարժենա: Մասնագետն ասել է, որ գեղեցիկ դիզայնով հանձերձ, իր ծառայությունները գնահատվում են 20 հազար դրամ:

Ստացվում է, որ մանկապարտեզը որոշել է հավաքել ավելի քան 10 անգամ բարձր գումար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930