Aravot.am-ի տեղեկություններով, «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցերի աշխատակիցներին ձեւաթղթեր են բաժանվել: Յուրաքանչյուր աշխատակցից պահանջվել է 20 մարդու՝ Երեւանում ընտրող, անուն-ազգանուն եւ անձնագրային տվյալներ ներկայացնել:
Աշխատակիցներին չի մանրամասնվել, թե ի՞նչ նպատակ ունի սույն «հավաքագրումը», բայց քանի որ դա տեղի է ունենում Երեւանի ավագանու ընտրությունների շեմին, հավանաբար, «ընտրական տեխնոլոգիաներում» օգտագործելու նպատակ ունի:
Հիշեցնենք, որ «Երեւան սիթի» սուպերմարկետների սեփականատերը ԱԺ ՀՀԿ խմբակցության օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:
Պարոն Ալեքսանյանից այս տեղեկությունը ճշտել չհաջողվեց, նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Կարդացեք նաև
Իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի ղեկավար, Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակում ընդգրկված Դավիթ Օհանյանն ի պատասխան մեր հարցադրման՝ ասաց. «Անձնագրային տվյալները վերցնում են, որ ի՞նչ անեն»: Նկատեցինք, որ այդ հարցի պատասխանը հենց իրենից ենք ակնկալում՝ հավելելով, որ հավանաբար «ընտրական տեխնոլոգիա է»: Պարոն Օհանյանը հարցին կրկին հարցով պատասխանեց. «Էդ ո՞ր ընտրություններում ենք մենք նման բան արել»: Հիշեցրեցինք, որ բոլոր ընտրությունների ժամանակ էլ նման ահազանգեր եղել են: Պարոն Օհանյանը կրկին հարցով պատասխանեց. «Իսկ դուք հավատո՞ւմ եք»: Նաեւ հավելեց. «Ինֆորմացիա չունեմ, բայց շատ քիչ հավանական եմ համարում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ