Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կասի Բարաք Օբաման, եթե ցեղասպանության ճանաչման հարցով Հայաստանը դիմի. Արամ Մանուկյան

Ապրիլ 24,2013 15:58

ԱԺ ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը զրո է գնահատում կառավարության աշխատանքը ցեղասպանության ճանաչման միջազգայնացման հարցում:

«Շշմած եմ: Վայ-վայ հուզված եմ, զրո եմ գնահատում, ի՞նչ գնահատեմ: Նախ ինքը` նախարարը, էդքան մեղավոր չէ, որովհետեւ թիվ մեկ խնդիրը մի քիչ ավելի վերեւ է: Եվ այդ թիվ մեկ խնդիրը պատմական նենց բան ստորագրեց, որ հարյուր արտգործնախարար էլ փոխվի, չեն կարող լուծել: Հարցը պատմաբանների հանձնաժողովի ստեղծումն էր հայ-թուրքական արձանագրությունների մեջ: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մի քանի փաստաթուղթ ստորագրվեց Թուրքիայի տարածքային ամողջականության մասին եւ հողային չպահանջների մասին: Սերժ Սարգսյանն էլ հետ չմնալու համար ստորագրեց պատմաբանների հանձնաժողով ստեղծելու փաստաթուղթը, որը կասկածի տակ է դնում ցեղասպանության գոյության խնդիրը: Որեւէ արտգործնախարար չի կարող թռնել ավելի վերեւ, քան Սերժ Սարգսյանի ստորագրած թուղթն է: Ամբողջ աշխարհի առջեւ ասացիր` դեռեւս մեր պատմաբանները պետք է քննարկեն ցեղասպանության գոյության խնդիրը» ,- այսօր Ծիծեռնակաբերդի ճանապարհին ասաց պարոն Մանուկյանը:

Նրա խոսքերով՝ ճանաչման գործընթացը դանդաղում է, բայց չի մարելու. «Որովհետեւ կա Սփյուռք, հայ ժողովուրդ, ապրիլի 24, այդ կրակը միշտ կվառվի , բայց կդանդաղի: Շատ ավելի վատ է, որ դա 100- ամյակի նախօրեին եղավ»:

Նա կարծում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հաջողություններ չունենալու պատճառը նաեւ Հայաստանում ժողովրդավարության վիճակով է պայմանավորված. «Եթե դրսում դիտարկվում ես որպես ուժեղ երկիր, վստահելի գործընկեր, կարող ես միջազգային հանրության առջեւ խնդիրներ բարձրացնել: Երբ այդպիսին չես, զրկվում ես այդ իրավունքից: Հայաստանն այսօր այդ իրավունքը չունի, չի կարող գնալ Ռուսաստան եւ ասի` պահանջում եմ այդ խնդիրը քո օրակարգում դիր: Իմունիտետ չունեցող երկիր ենք, խոցելի»:

Նա անիմաստ է համարում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ցեղասպանություն բառը արտասանելուն սպասելը, որովհետեւ. «Լուրջ գործոն չենք Ամերիկայի համար: Եթե ճանաչման հարցով դիմենք, կասեն` բայց չէ՞ որ դուք ստորագրել եք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու փաստաթուղթը: Եթե դու լավ տղա ես, քո երկրի բնակչությանը պահիր քո երկրում: Այսօր քո երկիրը դատարկում ես ու դեռ մտածում ես հարյուր տարի առաջ ի՞նչ է եղել: Տարեկան 100 հազար մարդ արտահանող երկիրը ինչպե՞ս կարող է այլ հարցերի մասին խոսել: Դու ապրելու համար ոչ նպաստավոր երկիր ես»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930