Լրահոս
Օրվա լրահոսը

«Զեկույցն իրողություններից կտրված չէ, բայց դրանում շեշտադրված են ամերիկյան շահերը». Արմեն Մինասյան

Ապրիլ 24,2013 15:45

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Մինասյանն անդրադառնալով անցյալ շաբաթ ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից հրապարակված «Մարդու իրավունքների վիճակը 2012թ» տարեկան ընդհանրական զեկույցին, որտեղ ներկայացվում է մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը, ասաց.  «Այնպես չի, որ այն իրողություններից կտրված է, բայց բոլոր դեպքերում պետք է հաշվի առնել, որ ոչ միայն այս, այլեւ մնացած բոլոր զեկույցները գրվում են ԱՄՆ կառավարության կողմից եւ բնականաբար դրանցում պետք է արտացոլված, կամ շեշտադրված լինի ամերիկյան շահերը: Դրան պետք է նորմալ վերաբերվել, բայց գրված խնդիրներն էլ պետք է հասկանալ՝ դրանք գոյություն ունեն, թե ոչ»:

Հարցին, այս զեկույցը համեմատելով նախորդ տարվանի հետ, ինչպիսի՞ տարբերություններ կան. նախորդ տարի չկային ընտրություններ, իսկ սրանում արտացոլված է այն, որ Հայաստանում տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանությունը փոխելու իրավունքի սահմանափակումները, Մինասյանը նշեց. «Դուք ինքներդ էլ նշեցիք, որ երկու տարիներինը համեմատելի չեն: Եթե համեմատելու լինենք այս ընտրական ցիկլը, պետք է վերցնենք նախորդ ընտրական ցիկլի հետ կապված զեկույցները, մասնավորապես 2009-ին հրապարակված զեկույցը, որտեղ արտացոլված են 2008-ի նախագահական եւ 2007-ի խորհրդարանական ընտրությունները: Ինչ վերաբերվում է խնդիրներին, ապա խնդիրներ իհարկե կան, ավելին՝ պետք է համեմատել, առանձնացնել այն խնդիրները, որոնցում կա առաջընթաց կամ հետընթաց: Օրինակ 2011-ի զեկույցը 2012-ի հետ համեմատելը ճիշտ չէ: 2012-ին լրագրողների հետ կապված բռնություններ էին ֆիքսել, որոնք բոլորն էլ առնչվում էին մայիսի 6-ի քվեարկության հետ եւ եթե 2011-ին չկար քվեարկություն, բնականաբար չէին կարող լինել քվեարկության հետ կապված բռնություններ»:

Դիտարկմանն էլ՝ զեկույցում անդրադարձ կա դատական համակարգին, ուսումնասիրելով դա, կարո՞ղ ենք ասել, որ այս առումով այն մեղմ է ներկայացված, Արմեն Մինասյանն այսպես արձագանքեց. «Դատական համակարգում ինչ խնդիրներ որ կան, մեր հասարակությունը, մասնագետներն ավելի լավ են պատկերացնում, քան դա կարելի էր նկարագրել պետքարտուղարության զեկույցում: Բոլոր դեպքերում՝ կան օրենքներ, եւ դրանց իրացման հետ կապված խնդիրներ, ուղղակի զեկույցին պետք է վերաբերվել որպես զեկույց, հասկանալ խնդիրները եւ առաջ գնալ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի խմբագրություն, էս դատարկաբանությունը իմաստ ունե՞ր տպել:
    Որևէ բան կարելի՞ է եզրակացնել սրանից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930