Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատվիրակները ԵԽԽՎ-ում քննադատում են ՀՀ նախագահական ընտրությունների անցկացումը

Ապրիլ 24,2013 15:33

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի երեկվա նիստում մի շարք պատվիրակներ հերթագրված էին Հայաստանի նախագահական ընտրություններին առնչվող զեկույցի շուրջ քննարկման ընթացքում ելույթ ունենալու համար, սակայն նրանց հերթը այդպես էլ չի հասել, ուստի նրանց ելույթները կցվել են նիստի արձանագրությանը:

Մասնավորապես ելույթ էր պատրաստել ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը (լուսանկարում), ով անդրադառնալով 1915-ի Հայոց ցեղասպանության հարցին, գրել է, թե փաստերը չափազանցված են, ու հայերի նկատմամբ ցեղասպանությունը կազմակերպվել է ոչ թե 100 տարի առաջ, այլ այն տեղի է ունենում մեր օրերում, մեր աչքի առաջ Հայաստանի իշխանությունների կողմից: Նա գրել է. «Տառացիորեն վերջերս Հայաստանում կազմակերպվեցին նախագահական ընտրություններ, որոնք ընթացան օրենսդրական բազում բացթողումներով, բռնություններով, համատարած ցույցերով, որը իմ նշած ցեղասպանության մի փոքր մասնիկն է կազմում: ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ երկիրը դրել է շրջափակման մեջ՝ այդպիսով Հայաստանի բնակչությանը հասցնելով ծայրահեղ աղքատության: Տնտեսական անկումը, աղքատությունը ծայր են առնում երկրում, այնինչ ՀՀ իշխանությունները մի շարք հեռանկարային տնտեսական ծրագրերից հրաժարվեցին հանուն իրենց վարած անհասկանալի և ագրեսիվ քաղաքականության»:

Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ ելույթի տեքստում ներկայացրել է, որ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում Սերժ Սարգսյանի կեղծ երդումը՝ որպես ՀՀ նախագահ: Զ. Փոստանջյանը նշում է, որ Ր. Հովհաննիսյանը հաղթանակ է տարել ամբողջ ՀՀ-ով մեկ, սակայն ԿԸՀ-ն չի ճանաչում ոչ նրա հաղթանակը, ոչ էլ ժողովրդի: Տիկին Փոստանջյանը գրում է ՀՀ նախագահական ընտրություններից հետո կազմակերպված բողոքի ակցիաների, Ր. Հովհաննիսյանի՝ 21 օր շարունակ Ազատության հրապարակում հացադուլ անելու և ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ նրա պահանջի մասին: Նա գրել է նաև ապրիլի 19-ին տեղի ունեցած «Նոր Հայաստանի» շարժման և այլընտրանքային երդմնակալության, այդ օրը ընդունված «Նոր Հայաստանի հռչակագրի» մասին, որով քաղաքացիները հրաժարվում են ներկա ռեժիմից, ժողովուրդը չի ճանաչում նոր իշխանություններին:

Անդրադառնալով ընտրություններում արձանագրված ընտրախախտումներին՝ տիկին Փոստանջյանը գրում է. «Ընտրախախտումների իրականացման հիմնական գործիքը ընտրացուցակներն են: Ընտրողի ստորագրությունը գաղտնի է, որը սահմանված է ՀՀ ընտրական օրենսգրքով: Այնինչ ընտրողների ցուցակի հրապարակումը, նրանց ստորագրություններով հանդերձ, հնարավորություն կտա ՀՀ իշխանություններին վերականգնել ժողովրդի կորցրած վստահությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ են ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ: Այդ հարցում ակնկալում ենք Վեհաժողովի աջակցությունը»:

Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթի ամբողջական տեքստն արդեն հրապարակել ենք :

Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էլ ի պատասխան ՀՀ ընդդիմադիր կուսակցությունները ներկայացնող անդամների դիտարկումների՝ ելույթի գրավոր տեքստում շեշտել է այն հանգամանքը, որ ընտրատեղամասերում գտնվող նրանց վստահված անձինք, հանձնաժողովի անդամները ստորագրել են արձանագրությունները, ինչը նշանակում է, որ համաձայնել են ընտրությունների արդյունքներին: Նա ուշադրության է հրավիրել նաև այն փաստը, որ Ր. Հովհաննիսյանը ստացել է ձայների 37 տոկոսը, ինչը նշանակում է, որ ընտրություններն անցել են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան՝ վկայելով, որ ժողովրդավարական երկրներում ընդունված է այն, երբ հաղթած և երկրորդ տեղում գտնվող թեկնածուների օգտին ձայների տարբերությունը 1 տոկոս է կազմում:

Ադրբեջանցի պատվիրակ Սայիբա Գաֆարովան էլ, չհամաձայնելով այն կարծիքին, թե ՀՀ-ում նախագահական ընտրությունների կազմակերպումն ընթացել է խաղաղ, իր ելույթում հիշեցնում է, որ թեկնածուներից մեկի նկատմամբ մահափորձ է կազմակերպվել, կամ մյուսին համարում են այդ մահափորձի պատվիրատուն: Ըստ նրա՝ ՀՀ-ում կազմակերպված ընտրություններն աչքի են ընկնում ընտրողների հետաքրքրվածության ցածր աստիճանով. «Չնայած դրական կարծիքների՝ ՀՀ-ում ընտրությունների անցկացման ժամանակ գրանցվել են բռնության, ընտրախախտումների, բազմակի քվեարկությունների, այլոց փոխարեն քվեարկությունների դեպքեր, ու այս բոլոր բացթողումները ինչպես որ հարկն է չեն ուսումնասիրվել ՀՀ պետական կառույցների կողմից: Ուստի ՀՀ ընտրություններին գնահատական պետք է տալ այս համատեքստում: Իսկ այդ դիտանկյունից հարցին մոտենալու պարագայում կարծում եմ, որ ՀՀ նախագահական ընտրությունների կազմակերպման գործընթացը այնքան էլ մխիթարական չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչպես երևում է, գալու է մի պահ, երբ Հայաստանի բոլոր առողջ ուժերը, մեր հարևան թշնամիների
    հետ համախմբվելով, պայքար ենք մղելու ղարաբաղյան,՝ Անգլյական բուլդոկների համառությամբ
    իշխանական աթոռի համար պայքարող կլանի դեմ, որպեսզի նրանց երախներից երկիրը փրկենք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930