Aravot.am-ը ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ քանի՞ տարեկանից սկսած կարելի է երեխայի հետ խոսել Եղեռնի թեմայով եւ նրա հետ այցելել Ծիծեռնակաբերդ:
«Խնդիր չկա, տարիքային սահմանափակում՝ նույնպես: Մանավանդ մեզ մոտ հիշողության մի մեխանիզմ է աշխատում, որ անպայման չէ գիտակից լինել, որպեսզի մարդ դա ընկալի եւ գիտակցության մեջ տեղ գտնի»,-ասաց հոգեբանը՝ հավելելով, որ ցանկացած տարիքում երեխան կարող է տեղեկանալ համազգային վշտի մասին:
Հարցրինք՝ դրանից երեխան հոգեպես չի՞ ճնշվի: «Ցանկացած տարիքում էլ երեխան կարող է գնալ Ծիծեռնակաբերդ: Ինչ վերաբերում է երեխայի հետ այդ թեմայով զրույցին, մատուցելու ձեւն է կարեւոր: Եթե մատուցել, որ դա վրեժ լուծելու հետ է կապված, բնականաբար ճիշտ չի լինի, իսկ եթե կապվի հիշատակի, ազգային տուրքի հետ, նորմալ է: Ագրեսիվ նյութ չպետք է լինի: Ես հատկապես ողջունում եմ, երբ ընտանիքով է այցը տեղին ունենում, այս դեպքում նաեւ ընտանիքի ներսի կապը, որ իրենք ունեն ընդհանուր խնդիր, որի շուրջ միավորված են, ընտանիքն ամրացնելու իմաստով է կարեւորվում»,-նշեց Հրանտ Ավանեսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ