Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սաակաշվիլիի վարկանիշը շարունակում է անկում ապրել

Ապրիլ 24,2013 14:24

«Ազատություն» ռադիոկայան. Դեռ երբեք Միխեիլ Սաակաշվիլիի վարկանիշն այսքան ցածր մակարդակի վրա չի եղել», – պնդում է վրացական մամուլը` վկայակոչելով ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի պատվերով անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվեցին Թբիլիսիում այս շաբաթասկզբին:

Դրանց համաձայն Վրաստանի նախագահի գործունեությունը հավանության է արժանանում երկրի բնակիչների միայն 25 տոկոսի շրջանում: Վրացիների մեծամասնությունը` 51 տոկոսը, բացասաբար է տրամադրված երկրի երբեմնի ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործչի նկատմամբ:

Հարկ է նկատել, որ հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց ժամանակ 2003-ից իշխանության ղեկին գտնվող «Ազգային միացյալ շարժումը» պարտություն կրեց, Սաակաշվիլիի աջակիցների թիվը անշեղորեն նվազում է։

Անցած տարվա աշնանը Սաակաշվիլիին աջակցում էր վրացիների մոտ 30 տոկոսը` այսօր արդեն 5 տոկոսով պակաս: Իսկ երկրում ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչ է շարունակում մնալ վարչապետ Բիձինա Իվանիվշիլին, որի վարկանիշն անհամեմատելի է Վրաստանի քաղաքական դաշտի որեւէ այլ ներկայացուցչին ցուցաբերվող հանրային աջակցության հետ:

Եթե հավատանք NDI-ի հարցման տվյալներին, ապա վրացիների ճնշող մեծամասնությունը` 75 տոկոսը, անվերապահորեն աջակցում է Իվանիշվիլիին, իսկ վարչապետի գործունեությունը չի հավանում վրացիների չնչին հատվածը` միայն 8 տոկոսը:

NDI-ի պատվերով անցկացված հետազոտության հեղինակները նաեւ փորձել են պարզել, թե ինչպես են բաշխվում վրացական ընտրազանգվածի նախապատվությունները` աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների շեմին: Հարցվածների 58 տոկոսը նշել է, որ կքվեարկի Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանքի» առաջադրած թեկնածուի օգտին:

Նշենք, որ ինքը՝ Իվանիշվիլին, կարծես չի ցանկանում մասնակցել նախագահական ընտրություններին, իսկ թե ով կլինի նրա աջակցությունը վայելող նախագահության թեկնածուն, դեռ հստակ չէ:

Նրա թիմակիցներից ամենալայն աջակցությունն այս պահին վայելում են արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Սաակաշվիլիի կուսակցությունը եւս դեռ չի հստակեցրել նախագահության ապագա թեկնածուի անունը: Անցկացված հետազոտության համաձայն, Սաակաշվիլիի կուսակցության կողմից առաջադրված ոչ մի թեկնածու հաղթելու իրական հնարավորություն չունի. Ազգային միացյալ շարժման առաջադրած թեկնածուի օգտին այսօր պատրաստ է քվեարկել վրացիների միայն 8 տոկոսը:

Դատելով հետազոտության արդյունքներից` Սաակաշվիլիի թիմակիցներից միայն խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն է ի վիճակի քիչ թե շատ լուրջ մրցակցություն ցուցաբերել «Վրացական երազանքին»: Բաքրաձեի վարկանիշը մոտ 48 տոկոս է, ինչը երկու անգամ ավելին է, քան Միխեիլ Սաակաշվիլիի հանրային աջակցության ցուցանիշը:

Դե իսկ անվերապահ աջակցություն վայելող հանրային գործիչը Վրաստանում մեկն է` Վրաց պատրիարք Իլիա երկրորդը: Տարիներ շարունակ նրա վարկանիշն անփոփոխ է` ավելի քան 90 տոկոս:

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930