«Մարտի 1»-ի նոր հանձնաժողովը մնացել է ՀՀԿ-ի կոկորդին
Ապրիլի 29-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյան կշարունակվի խորհրդարանում 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող նոր հանձնաժողով ձեւավորելու հարցի քննարկումներով: Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարեվերջին իշխող մեծամասնության եւ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության միջեւ համաձայնություն ձեռք բերվեց՝ նախագահական ընտրություններից հետո խորհրդարանում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ձեւավորելու մասին: Հանձնաժողովի քննության առարկան, ըստ նախագծի, պետք է դառնա Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատողներին եւ զինծառայողներին հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի, ինչպես նաեւ դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող հանգամանքները ուսումնասիրելը ու ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ: Հանձնաժողովի խնդիրներից է լինելու նաեւ պարզել այդ դեպքերին պետական պաշտոնյաների ունեցած առնչությունները: Երբ նախագահական ընտրություններից հետո այս հանձնաժողովի ձեւավորման հարցը ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ընդամենը մի քանի ժամվա քննարկումից հետո ընդգրկվեց ԱԺ լիագումար, նաեւ քառօրյա նիստերի օրակարգ, ակնհայտ էր, որ հարցը նույն արագությամբ քննարկվելու է խորհրդարանի դահլիճում եւ ճիշտ այնպես, ինչպես հանձնաժողովի նիստում, խորհրդարանի դահլիճում էլ միաձայն հավանության է արժանանալու: Բայց խորհրդարանի դահլիճում հետաքրքիր բան տեղի ունեցավ: Նախագիծը հանդիպեց հենց ՀՀԿ-ական մեծամասնության դիմադրությանը:
Ավելի ուշ «Առավոտին» տված հարցազրույցում (13.04.2013) ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ մի քանի սկզբունքային հարցեր կան, որոնց բացառման դեպքում միայն ՀՀԿ-ն «կողմ» կքվեարկի այդ հանձնաժողովի ստեղծմանը: Դրանք են՝ գործին կարելի է ծանոթանալ միայն վարույթ իրականացնող մարմնի թույլտվությամբ, հանձնաժողովի նիստերին դատախազի հրավիրելու հարցը: ՀՀԿ-ում համարում են, որ նման հնարավորություն ընձեռելով՝ մենք կընդունենք իրականում հակասահմանադրական որոշում, քանի որ դատախազները, քննիչները կարող են հանձնաժողովին պարզաբանումներ տալ միայն իրենց նախաձեռնությամբ, որովհետեւ հանդիսանում են ինքնուրույն սուբյեկտ, ինքնուրույն են կայացնում որոշումները: ՀԱԿ-ում էլ այս հարցերն իրավացիորեն համարում են սկզբունքային, քանի որ առանց դրանց ապահովման՝ գործնականում անհնար է որոշել քննչական մարմինների գործողությունների իրավաչափության հարցն այդ իրադարձությունների ժամանակ: Այս ամենում ուշագրավն այն է, սակայն, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում հարցի քննարկումների ժամանակ ոչ Դավիթ Հարությունյանը, ոչ հանձնաժողովի որեւէ ՀՀԿ-ական անդամ այդ հարցերի մասին չխոսեցին: Դավիթ Հարությունյանը միայն Գագիկ Ջհանգիրյանին հորդորեց նախագծից հանել քաղաքական գնահատականները, ինչին Գագիկ Ջհանգիրյանը չընդդիմացավ: Հիմա պարզվում է՝ նաեւ իրավական խոչընդոտներ կան: Մինչդեռ սահմանված կարգի համաձայն՝ այդ «սկզբունքային» կոչվող հարցերը ՀՀԿ-ական մեծամասնությունը՝ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, պետք է հենց հանձնաժողովում քննարկման առարկա դարձներ: Այդ առաջարկություններն իրենք պարտավոր էին անել հենց հանձնաժողովի նիստում: ՀՀԿ-ն պատշաճ պետք է ներկայացներ իր բոլոր առաջարկները, ապա՝ ՀԱԿ-ի համաձայնությունից հետո, փոփոխություններ կատարվեին նախագծի տեքստում, որը եւ պետք է բաժանվեր խորհրդարանի դահլիճում: Այլապես այսպիսով, մեղմ ասած, Դավիթ Հարությունյանն անհարմար իրավիճակի մեջ է գցել խորհրդարանական մեծամասնության մնացյալ անդամներին: Արդյոք մտածվա՞ծ է դա արել Դավիթ Հարությունյանը: Ինչո՞ւ: Բայց փաստ է, որ նա հաստատ այն գործիչը չէ, ով կարող էր անտեղյակությունից, անփութությունից կամ միամտաբար շփոթվել:
Ասում են՝ Դավիթ Հարությունյանը նախագահ Սերժ Սարգսյանին բացատրել է, որ նախնական այդ համաձայնությունը ենթադրում է, որ ՀՀԿ-ի բոլոր առաջարկները ՀԱԿ-ը պետք է ընդունի մեքենայաբար: Մինչդեռ եթե ՀՀԿ-ի առաջարկները հանձնաժողովի նիստում չընդունվեին, ՀՀԿ-ն դեմ կքվեարկեր, եւ հարցը չէր մտնի լիագումար նիստերի, նաեւ քառօրյայի օրակարգ: Այսպես ստացվում է՝ Դավիթ Հարությունյանը լավամարդ է եղել՝ փաստի առջեւ կանգնեցնելով իր կուսակիցներին եւ խորհրդարանի դահլիճում շոու ապահովելով: Ի դեպ, շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ խորհրդարանի այդ քառօրյային հաջորդած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ նախագահը խիստ դիտողություն է արել Դավիթ Հարությունյանին՝ նման «անփութության» համար:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ