Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջավախքում մարդիկ իրենց «առաջին կարգի» քաղաքացիներ չեն զգում»

Ապրիլ 24,2013 14:12

Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանի կարծիքով՝ սա ամենամեծ խնդիրն է

– Ջավախքի հայերը վերջերս ցույց էին կազմակերպել Թբիլիսիում: Վրաստանի հայերը վերջին անգամ մայրաքաղաքում բողոքի ակցիա կազմակերպելու փորձ իրականացրել էին Շեւարդնաձեի իշխանության վաղ շրջանում՝ 90-ականների կեսին: Վրաստանի վարչապետի նստավայրի առջեւ հավաքել էին Ջավախքից ժամանած առնվազն 400 ցուցարարներ, նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, սակայն փոխարենը ակցիայի մասնակիցներին ընդունել էր Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին, ապա պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Պ. Զաքարեիշվիլին անձամբ կժամանի Ջավախք՝ տեղում որոշակի լուծումներ գտնելու ակնկալիքով: Պարոն Ստեփանյան, այդ այցը տեղի ունեցա՞վ:

– Այո, ապրիլի 19-ին Պաատա Զաքարեիշվիլին ժամանեց Ջավախք, եւ ոչ միայն նա, նրա հետ էին նաեւ մի քանի նախարարներ, Իվանիշվիլիի տարածքային հարցերով խորհրդականը, պատվիրակությունն, իհարկե, բավական ներկայացուցչական էր:

– Եվ ի՞նչ արդյունքներ կան այդ այցից:

– Արդյունքների մասին դեռ վաղ է խոսել: Սակայն փաստն այն է, որ ինչպես նախարարը խոստացել էր՝ գնաց, ներկայացրեց իր մոտեցումները, պատասխանեց Ջավախքի հայերի հարցերին: Իմ կարծիքով՝ ամենակարեւոր պատասխանն այն է, որ խոստացել են, թե Ջավախքում ինքնակառավարման մարմինները կուժեղանան, եւ տեղի բնակչությունը կկարողանա մասնակցել հասարակական-քաղաքական կյանքին ավելի ակտիվորեն, եւ որ նոր ղեկավարությունը կտա այդ հնարավորությունը: Մինչդեռ նախորդ իշխանությունները նման հնարավորություն չէին տալիս: Սա ես կարեւորում եմ, եւ եթե դա հաջողվի կյանքի կոչել, ապա արդեն հնարավոր կլինի խոսել նաեւ զարգացումների մասին:

– Մի քանի օր առաջ Թբիլիսիի կենտրոնում Միխեիլ Սաակաշվիլին բավական մարդաշատ հանրահավաք անցկացրեց: Տեսանյութերում Վրաստանի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի դրոշների հետ ծածանվում էր նաեւ Ադրբեջանի դրոշը, իսկ Վրաստանի հայերը մասնակցե՞լ են այդ հանրահավաքին:

– Դժվարանում եմ կոնկրետ պատասխանել: Մեր կազմակերպությունը քանի որ մոնիթորինգ չի իրականացրել, ձեռնպահ կմնայի միանշանակ պատասխանելուց, բայց չեմ բացառում, որ նաեւ հայեր մասնակցած լինեին, բայց հազիվ թե դրանք մեծ թիվ կազմեն, քանի որ հանրահավաքում չէր նկատվում հայերի մասնակցությունը:

– Օրեր առաջ Հայաստանում էր Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, ով Երեւանում աբխազական երկաթուղու վերագործարկմանը վերաբերող հարցին ի պատասխան՝ նշեց. «Դեռ չենք սկսել աշխատել այդ ուղղությամբ: …Այժմ դեռ շատ վաղ է վերագործարկման մասին խոսելը: Դա ընդամենը գաղափար էր…»: Այս խնդրի ձգձգման պատճառները հայտնի են, ռուս-վրացական հարաբերություններում դեռ թերեւս բավական խնդիրներ կան, բայց, այնուամենայնիվ, ի՞նչը կարող է ազդել այս հարցի դրական լուծմանը:

– Մինչեւ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չբերվեն այլ հարցերով՝ այս հարցին որեւէ մեկը չի անդրադառնա: Ռուս-վրացական հարաբերություններում բեկում պետք է լինի, որպեսզի այս հարցն էլ լուծվի: Եվ Թբիլիսին, եւ Մոսկվան, եւ Սուխումը շահագրգռված են, որ երկաթուղին վերագործարկվի, սակայն կան նաեւ դրա մեծ հակառակորդները։ Այսինքն՝ այստեղ հարցը առավելապես հետեւյալն է՝ ինչը ինչի դիմաց, եւ առայժմ կողմերից ոչ մեկը ոչինչ չի ցանկանում փոխել: Թե արդյոք աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ հստակություն կարո՞ղ է լինել՝ դրա պատասխանը մենք կունենանք մեկ-երկու ամսից թերեւս, այդ ժամանակ ավելի որոշակի կլինի այդ հարցը: Սակայն ասել, որ մեկ-երկու ամսից կգործի, իհարկե՝ դա այդպես չէ, քանի որ կողմերի միջեւ հարաբերությունների իրական մերձեցում պետք է արձանագրվի:

– Պարոն Ստեփանյան, Վրաստանի ազգությամբ հայ եւ վրացի քաղաքացիների միջեւ «թշնամանք սերմանելու» մասին ակնարկներ, երկու ժողովուրդների հարաբերությունների միջեւ «սեպ խրելու» փորձերի վերաբերյալ շարունակական հայտարարություններ ենք լսում, ապա պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները դրանք դատապարտում են եւ այսպես շարունակ: Ջավախքը ի՞նչ խնդիրներ ունի, որոնք ժամանակ առ ժամանակ երկու ժողովուրդների միջեւ այսպիսի խնդիրների ծագման վտանգների համար կարող են հիմք հանդիսանալ:

– Խնդիրները բավական են, եւ դժվար է ասել, թե դրանցից որոնք կարող են հիմք ծառայել Ջավախքը «պայթեցնելու» համար: Ջավախքի համար ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ իրենց այդ երկրում «առաջին կարգի» քաղաքացիներ չեն զգում: Դրա պատճառն այն է, որ նրանք մինչեւ այժմ քաղաքականապես մեկուսացած են, հասարակությունը ինտեգրված չէ վրաց հասարակությանը, նրանք գտնվում են այլ երկրների տեղեկատվական միջավայրում, ոչ թե Վրաստանի, շփման խնդիրներ կան՝ լեզվի հարցը, թեեւ առաջընթաց կա տնտեսական ոլորտներում, ճանապարհների հարցում, եւ նոր իշխանությունների մոտ ցանկություն կա շարունակելու աշխատանքներն այս ուղղությամբ: Բայց կան սպեցիֆիկ խնդիրներ, որոնց վրա ուշադրություն կցանկանայի հրավիրել։ Մարդիկ, ովքեր բնակվում են Ջավախքում, նրանք այնպիսին չեն, ինչպիսիք ապրում են Վրաստանի արեւմտյան մասում, այսինքն՝ էթնիկ հարցը սպեցիֆիկ խնդիր է, որը չի լուծվում: Իսկ միակ մեթոդը, որը կիրառվում էր նախորդ իշխանության ժամանակ, խիստ հսկողությունն էր, դիկտատորական ռեժիմն էր, այսպես կոչված՝ «մահակների քաղաքականությունն» էր, ինչը որեւէ խնդիր չկարգավորեց, եւ դրանք կարող են վաղ թե ուշ պայթել, եթե իշխանությունները ուշադրություն չդարձնեն դրանց եւ դրական լուծում չտան:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930