«Ս… էղի», հայերենով ասած՝ «Գնա գրողի ծոցը».- Կադաստրի պետական կոմիտեի գլխամասում այսպես են պատասխանել քաղաքացի Կարեն Հեքիմյանին, որը պահակակետի ոստիկանին հորդորել է ներկայանալ: Հանդիպման նախնական պայմանավորվածություն ունենալով Կադաստրի վարչության պետերից մեկի հետ՝ քաղաքացին ընդհանուր մուտքում փորձել է կոմիտեի հեռախոսից օգտվել՝ տվյալ պաշտոնյայի մոտ բարձրանալու համար: Այդ ընթացքում պահակակետի ոստիկանը հետաքրքրվել է, թե Հեքիմյանն ում է համառորեն զանգահարում, եւ ճշտելուց հետո, թե խոսքն ում մասին է, հայտնել է, որ տվյալ պաշտոնյան տեղում չէ եւ չի գալու: Երբ Կ. Հեքիմյանը որոշել է մեկ այլ պաշտոնյայի զանգահարել՝ ընդունելության համար, պահակակետի կին ոստիկանը նրան առաջարկել է օգտվել ներքին հեռախոսակապից:
«Վայրկյան չանցած, ես նույնիսկ չգիտեի, թե այդ կինն ում է զանգել եւ լսափողը ինձ տվել, սկսեց զայրացած ու իրար խառնված հեռախոսը հետ ուզել, երբ ես ասացի, որ դեռ չեմ խոսել, պատասխանեց, որ նախագահն է գալիս, գա-գնա՝ հետո կխոսեմ: Ոստիկան Էռնեստ Դադոյանն էլ վստահեցրեց, որ կոմիտեի նախագահը հենց անցնի գնա, ինձ կթույլատրեն վերեւ բարձրանալ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Կ. Հեքիմյանը: Բայց Կարեն Հեքիմյանին ասել է. «Գնա երկուշաբթի կգաս»: Հեքիմյանի ներկայացմամբ՝ «Նախագահը երբ անցնում էր, ոստիկանները կարծես աստծո գառ լինեին, հենց գնաց, նրանք կերպարանափոխվեցին, ագրեսիվացան եւ ինձ արգելեցին վերեւ բարձրանալ կամ զանգահարել: Ինձ խոստանալու եւ խաբելու համար, երբ փորձեցի ճշտել այդ ոստիկանի անունը, նա ինձ ասաց՝ «ս… էղի» (ոստիկանը բառն ամբողջությամբ է օգտագործել Ն. Բ.): Հետո պարզեցի որ հայհոյախառն բառապաշարով ոստիկանը Էռնեստ Դադոյանն է»:
Ոստիկանի նման պահվածքից վիրավորված՝ Կարեն Հեքիմյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ մանրամասն ներկայացրել խնդիրը: Քաղաքացուն հրավիրել են ոստիկանություն եւ նրանից բացատրություն վերցրել: Մի քանի օր հետո Կարեն Հեքիմյանին ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունից ոստիկանության գնդապետ Ա. Հակոբյանի ստորագրությամբ պատասխան է եկել, ըստ որի՝ պարզվել է, որ հայհոյող ոստիկանն իրեն ճիշտ է պահել. «…..ոստիկանները իրենց ծառայողական պարտականությունները կատարել են սահմանված հրաման-հրահանգի պահանջներին համապատասխան եւ կարգապահական բնույթի խախտումներ թույլ չեն տվել, ուստի ուսումնասիրության արդյունքները թողնվել են անհետեւանք…»:
Կարեն Հեքիմյանի խոսքերով. «Փորձեցի նույնիսկ ՀՀ ոստիկանապետից ճշտել՝ արդյոք «ս…ր» բառն օգտագործելը հրաման-հրահանգի պահանջներին համապատասխա՞ն է: Ես նորից մանրամասն նկարագրությամբ նամակ գրեցի ոստիկանապետին՝ հետեւյալ հարցադրումներով. արդյոք «ս…ր» բառը վիրավորական չէ՞, ո՞ւմ նկատմամբ եւ ի՞նչ պայմաններից ելնելով կարելի է այն օգտագործել, կարո՞ղ է ՀՀ քաղաքացին այդ բառն օգտագործել ոստիկանի հետ շփվելիս»:
Կարդացեք նաև
Կ. Հեքիմյանը իր վերջին նամակն ուղղել է մարտի 20-ին, սակայն առ այսօր պատասխան չի ստացել:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ