Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնվել եք Հայկական ԽՍՀ-ում, Դուք Հայաստանում փախստական չեք»

Ապրիլ 24,2013 13:53

Քույր եւ եղբայր՝ Շուշանիկ Կարակոզյանը եւ Գեւորգ Ղարագյոզյանը դիմում էին գրել ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանին:

Դիմումի բովանդակության մեջ նրանք շեշտել էին այն փաստը, որ դատարանի կայացրած վճռով ՄՊԾ-ի պետ Գագիկ Եգանյանը չի տրամադրում իրենց փախստական համարվելու մասին տեղեկանք: Պատասխանը ստացվել է ոչ թե տարածքային կառավարման նախարարից, այլ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի ստորագրությամբ:

Մասնավորապես ասվում էր. «Հաշվի առնելով, որ Դուք ծնվել եք Հայկական ԽՍՀ-ում եւ Ձեր մշտական բնակության վայրի պետությունը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, գործակալությունն իր 2009 թվականի հունիսի 23-ի թիվ 1/7-815 գրությամբ պատասխանել է, որ Դուք ՀՀ-ում չունեք փախստականի կարգավիճակ»: ՄՊԾ-ն Շուշանիկին եւ Գեւորգին չի տրամադրել տեղեկանք՝ նկատի ունենալով այն, որ նրանք ծնվել են Հայկական ԽՍՀ-ում…

Շուշանիկի եւ Գեւորգի մայրը՝ Թամարան, բժշկի խորհրդով, ծննդաբերության նպատակով գալիս է Հայաստան: Գեւորգը ծնվում է 1985 թվականին, իսկ 1987-ին՝ Շուշանիկը: Երեխաների ծննդից հետո Թամարան վերադառնում է Ադրբեջան: 1988թ. ընտանիքով բռնագաղթվում են Հայաստան եւ դիմելով պետական լիազոր մարմնին՝ հաշվառվում են որպես փախստականներ, մինչդեռ այն ժամանակ չկար այնպիսի օրենք, որտեղ անձի ծննդյան վայրով որոշվեր նրա քաղաքացիությունը: Բացի դա, եթե ՄՊԾ-ն հաստատում է, որ քույր ու եղբայրը համարվում են ՀՀ քաղաքացիներ, ապա ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը (ԱՎՎ) հերքում է եւ գրությամբ պատասխանում. «Գեւորգ Ղարագյոզյանը եւ Շուշանիկ Կարակոզյանը ՀՀ քաղաքացու անձնագրով չեն փաստաթղթավորվել, ավտոմատացված համալիրի պահոցում քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ չկան»: Հավելենք, որ Շուշանիկն ու Գեւորգը փախստականի կարգավիճակը վերականգնելու մասով հայց էին ներկայացրել վարչական դատարան: Դատարանը վճռել էր հայցը բավարարել մասնակի: Այն մասով, որ պետք է անվավեր ճանաչվեր Շուշանիկի եւ Գեւորգի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին վարչական ակտը, դատարանը բավարարել է, իսկ ինչ վերաբերում է, որ դատարանը պետք է կայացներ վճիռ, որով պարտավորեցներ ՄՊԾ-ին կայացնել բարենպաստ վարչական ակտ եւ վերականգներ նրանց փախստականի կարգավիճակը ՀՀ-ում, ապա դատարանը մերժել էր:

Վերջինի հետ կապված՝ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը պատասխանել էր. «Անվավեր ճանաչել եւ վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական գործակալության 23.07.2009 թվականի թիվ 1/7-815 վարչական ակտը: Հայցը՝ Գեւորգ Ղարագյոզյանի եւ Շուշանիկ Կարակոզյանի փախստական հանդիսանալու փաստը հաստատող բարենպաստ վարչական ակտ ընդունելուն ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը պարտավորցնելու պահանջի մասով, մերժվել է: Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունն ապահովել է դատարանի վճռի կատարումը, այն է՝ 2010 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն նախկին գործակալության 23. 07. 2009 թվականի թիվ 1/7-815 վարչական ակտը ճանաչվել է անվավեր եւ վերացվել է: Ելնելով վերոգրյալից՝ Ձեզ փախստական հանդիսանալու փաստը հաստատող տեղեկանք չի կարող տրամադրվել, քանի որ այդ տեղեկանքի տրամադրման պահանջը դատարանի վճռով մերժվել է»: Ուշագրավ է, որ ԱՎՎ-ն հերքում է Շուշանիկի եւ Գեւորգի ՀՀ քաղաքացի համարվելու հանգամանքը, ՄՊԾ-ն հաստատում է, որ ԱՎՎ-ի տված պատասխանի հիման վրա է դադարեցրել իրենց փախստականի կարգավիճակը, քանի որ համարում են ՀՀ քաղաքացիներ: Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ դատարանը կայացնում է վճիռ՝ բավարարում է փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին վարչական ակտը համարել անվավեր, իսկ ՄՊԾ-ին չի պարտավորեցնում կայացնել բարենպաստ վարչական ակտ, որպեսզի վերականգնվի նրանց փախստականի կարգավիճակը ՀՀ-ում:

Եթե Շուշանիկն ու Գեւորգը ՀՀ քաղաքացիներ չեն եւ փախստականներ էլ չեն, ապա ովքե՞ր են իրենք Հայաստանում եւ ի՞նչ կարգավիճակով են պահպանում իրենց իրավական գոյությունն այն դեպքում, երբ արդեն 3 տարի է, որ նրանք չունեն անձնագիր կամ ի՞նչ է նշանակում անվավեր ճանաչել նրանց փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշումը եւ չպարտավորեցնել կայացնել բարենպաստ վարչական ակտ:

Վարչական ակտը երբ դատարանի կողմից համարվում է անվավեր, ապա, բնականաբար, նրանք համարվում են փախստականներ, սակայն փաստացի՝ մինչ օրս քույր ու եղբայրը չեն կարողանում ստանալ փախստականի մասին տեղեկանք ՄՊԾ-ի կողմից, իսկ նրանց գոյությունը Հայաստանում շարունակվում է մնալ միայն ֆիզիկապես՝ իրավական նորմից դուրս, առանց որեւէ անձը հաստատող փաստաթղթի:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930