Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին հայկական՝ մանսուրյանական ռեքվիեմը կհնչի այսօր

Ապրիլ 24,2013 13:33

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային եւ «Հովեր» երգչախմբերը (ղեկավարներ՝ Ռոբերտ Մլքեյան, Սոնա Հովհաննիսյան), մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն) Հայաստանում առաջին անգամ կներկայացնեն առաջին հայկական՝ Տիգրան Մանսուրյանի ռեքվիեմը:

«Առավոտը» ներկա գտնվելով այս մեծակտավ ստեղծագործության գլխավոր փորձին, կոլեկտիվների ղեկավարներից խնդրեց կարծիք հայտնել: Էդուարդ Թոփչյանը, Ռոբերտ Մլքեյանը եւ Սոնա Հովհաննիսյանը նշեցին, որ ինչպես հայտնի բոլոր ռեքվիեմները, այնպես էլ մանսուրյանականը, գրված է կանոնական ավանդական լատինական տեքստով, միաժամանակ շեշտելով, որ հայկականը համադրված է հանճարեղ հայ հոգեւոր երաժշտության ինտոնացիաներով, ինչի մեծ վարպետն է Տիգրան Մանսուրյանը:

Ռոբերտ Մլքեյանը հավելեց, որ ինքը 6-7 տարի առաջ ներկա է եղել Մանսուրյանի ռեքվիեմի էքսպերիմենտներին եւ հիմա է հասկանում, թե ինչու միայն այսօր այն ծնվեց. «Մաեստրոն ներքին կռիվ ուներ, չէ՞ որ նրա ընտանիքի անդամներն էլ այն միլիոնավոր անմեղ զոհերի թվում էին եւ համազգային ցավն արտահայտող երաժշտական այս կտավի վրա կդրոշմվեր համամարդկայինը՝ անձնականի հետ»:

Մեզ հետ զրույցում Տիգրան Մանսուրյանը նշեց, որ ռեքվիեմ գրելու միտքը վաղուց էր զբաղեցրել իրեն եւ արժեցել իր կյանքի 10 տարին, մեծակտավ այս ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է 2011-ին՝ պատվիրատու երկրում՝ Մյունխենի կամերային նվագախմբի, Բեռլինի RIAS երգչախմբի ու մեներգիչների կատարմամբ: Կոմպոզիտորը հատուկ շեշտեց, որ ըստ պայմանագրի՝ մեկուկես տարի այն կատարելու իրավունք ուներ միայն պատվիրատուն: Մեր զրուցակիցն ասաց, որ Բեռլինում գլխավոր փորձից հետո գերմանացի երիտասարդները զրույց են վարել ռեքվիեմի, ինչպես նաեւ շուրջ մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության շուրջ: Պրեմիերայի հաջորդ օրը Բեռլինի հանրային ռադիոյով հեռարձակվել է հայկական ռեքվիեմը:

Անդրադարձ եղավ տարիներ ձգվող այս ստեղծագործության աշխատանքներին: Մաեստրոյի ձեւակերպմամբ, մինչ ռեքվիեմի պատվեր ստանալը, «Երեք անգամ սկսել եմ տարբեր նյութերով, բայց ինձ չի բավարարել: Ես դա համարում եմ պրպտումների նախնական փուլ…»: Հետո էլ համեստորեն, մանկան միամտությամբ  ասաց. «Երջանիկ կլինեմ, եթե սա ընդունի հայ հանդիսատեսը, մանավանդ որ հնչում է այսպիսի մի պատասխանատու օր՝ ապրիլի 24-ին, Հայոց եղեռնի հիշատակի օրը»:

Հարցին, թե ինչո՞վ է տարբերվում երաժշտական լեզվով, կոնկրետ՝ ռեքվիեմով Աստծուն իր աղերսը հղող հայը այլազգիներից, անվանի կոմպոզիտորն ասաց. «Ես գտա ռեքվիեմիս հերոսներին, դրանք պատկերված են հայկական մանրանկարչության մեջ. մի տեսակ կլոր աչքերով ու սեւ հոնքերով… կերպարներ են, որոնք ապրում են խաղաղ ու միամիտ: Ես հենց նրանց էլ վստահեցի «երգել» ռեքվիեմը, ինչը լատիներենից եկել է հյուսվելու հայ մելոսին, ասելու համար՝ Agnus dei (Գառն Աստծոյ): Անձնապես էլ վստահ եմ ու հպարտ, որ ռեքվիեմս ներառել է նաեւ հայ հոգեւոր երաժշտության դարավոր փորձն ու հավատացյալ մեր ժողովրդի հոգեբանությունը»:

Դիտարկմանը, թե չգիտես ինչու, մեզանում ռեքվիեմները հնչում են միայն հիշատակի օրերին, մաեստրոն պատասխանեց. «Չեմ կարծում, թե խելացի կլիներ մեզանում ռեքվիեմներ հնչեցնել ոչ սգո օրերին, քանի որ մեր իրականությունում դեռեւս այնքա՜ն չլուծված հարցեր կան՝ սոցիալականից մինչեւ…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լրագրությունը մեծ ուժ է, և եթե լրագրողը օբեկտիվ չէ, ամեն ինչ խառնվում է իրար: Բանն նրանումն է, որ առաջին հայկական Ռեքվիեմը ստեղծվել է, դերևս, 1984 թվին, ընդվորում՝ հայերեն լեզվով: Հեղինակը՝ Աշոտ Բաբայանն է…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930