Ապրիլի սկզբին միաժամանակ անցկացվեցին ծանրամարտի երկու հեղինակավոր մրցումներ. Տաշքենդում՝ աշխարհի պատանիների եւ Տիրանայում՝ Եվրոպայի մեծահասակների առաջնությունները:
Հայաստանը երկուսում էլ ներկայացուցիչներ ուներ: Թե մեր ծանրորդներն ինչպե՞ս հանդես եկան, «Առավոտը» զրուցեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ:
– Պարոն Ալավերդյան: Դուք գտնվում էիք Տաշքենդում: Ինչպե՞ս եք գնահատում մեր ծանրորդների մասնակցությունն աշխարհի պատանիների առաջնությանը:
– Ընդհանուր առմամբ՝ բավարար, քանի որ մեր տղաների հավաքականը թիմային պայքարում 41 երկրների մեջ զբաղեցրեց 8-րդ տեղը եւ եկող տարի կայանալիք Եվրոպայի պատանեկան օլիմպիական խաղերի առավելագույն՝ երկու, ուղեգիր նվաճեց: Իսկ +94 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 365 կգ-ով դարձավ աշխարհի չեմպիոն՝ միեւնույն ժամանակ փոքր ոսկու արժանանալով հրում վարժությունում (200կգ) եւ փոքր արծաթի՝ պոկումում (165կգ):
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է աղջիկներին, նրանք, ինչպես ասում են, դեռեւս նորաթուխ ծանրորդներ են եւ առաջին լուրջ քայլերն են անում մարզաձեւում: Սա նրանց առաջին մասնակցությունն էր նման բարձր կարգի մրցումներին: Բայց աղջիկները կատարեցին իրենց առջեւ մարզիչների դրած խնդիրները, բարձրացրին իրենց հնարավորությունների մեջ մտնող կիլոգրամները, ինչը, սակայն, չբավականացրեց մտնել առաջին 15 երկրների մեջ եւ ուղեգիր ձեռք բերել (աղջիկների հավաքականը 36 երկրների մեջ հանգրվանեց թիմային 18-րդ հորիզոնականում- Ա. Հ.): Բայց նրանք դեռ մեկ հնարավորություն ունեն՝ Եվրոպայի առաջնությունում, եթե ուղեգիր չնվաճած երկրների մեջ տեղ զբաղեցնեն առաջին եռյակում:
– Հայ մարզասերը վերջին տարիներին սովորել է, որ մեր ծանրորդները յուրաքանչյուր առաջնությունում հանդես են գալիս ուժեղագույնների խմբում եւ տուն վերադառնում մեդալների հարուստ ավարով: Իսկ այս անգամ Տաշքենդում նրանց մեծ մասը ընդգրկված էր «B» եւ «C» խմբերում:
– Այո: Մեր ծանրորդները վերջին տարիներին, որպես կանոն, բերել են Հայաստանում բոլոր մարզաձեւերից նվաճված մեդալների գրեթե կեսը եւ ավելին: Դա մի կողմից լավ սովորույթ է, մյուս կողմից՝ վատ, որովհետեւ դրվել է նվազագույնի մի սահման, որից այն կողմ գնահատվում է որպես անհաջողություն: Բայց հնարավոր չէ մշտապես անցյալի ավանդույթներով առաջ ընթանալ:
– Հենց այդ ավանդույթներով Տաշքենդում մեր պատանի ծանրորդների մրցելույթները դիտվում են որպես անհաջող, թեեւ դուք գնահատեցիք բավարար:
– Հարցադրմանը համաձայն չեմ: Նայեք պատանիների աշխարհի նախորդ առաջնություններին: Հայաստանից ոչ մի աղջիկ, էլ չեմ ասում ամբողջական կազմով հավաքական թիմ, երբեք չի մասնակցել: Սա առաջինն էր: Ճիշտ է, մեդալ չկա, բայց ընդամենը մի քանի ամիս ծանրամարտի դահլիճում անցկացրած աղջիկների թիմը 36 երկրների մեջ ճանաչվեց 18-րդը: Դա վա՞տ է: Չեմ կարծում: Տղաների հարցով: Տաշքենդում ունեցանք աշխարհի մեկ չեմպիոն: Իսկ ավելի լավ արդյունք դրանից առաջ եղե՞լ է: Անցած տարի էլ մեկ չեմպիոն տվեցինք՝ Անդրանիկ Կարապետյանը, նախանցած տարի էլի մեկ՝ Գոռ Մինասյանը, դրանից առաջ էլ նույնը՝ Ռուբեն Ալեքսանյանը: Ասացեք, ո՞րն է անհաջողությունը, կամ նահանջը: Ինչպես ասվում է, նշաձողը պահպանվել է: Սպասենք օգոստոսին այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը եւ, թերեւս, դրանից հետո անցնենք գնահատականներ տալուն:
– Նույն օրերին Ալբանիայում ընթանում էր Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղ Հայաստանից հանդես էր գալիս ընդամենը երեք ծանրորդ՝ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը եւ գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Հայկ Հակոբյանը: Նրանց մասնակցության մասի՞ն ինչ կասեք:
– Ես Տիրանայում չէի: Բայց ասեմ, որ Անդրանիկն ու Գոռը պատանեկան տարիքից դեռ նոր են դուրս եկել: Եվ այն, որ նրանք արժանի պայքար մղեցին Եվրոպայի ուժեղագույնների հետ, արդեն լավ է եւ հուսադրող: 18 տարին դեռ չբոլորած Անդրանիկն, ինչպես գիտեք, պոկումում 160 կիլոգրամով փոքր արծաթ է նվաճել, իսկ երկամարտում ցույց տվել 365 կգ, այնքան, որքան 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված մոլդովացին ու ռումինացին: Եվ միայն անձնական քաշի պատճառով մեդալ չի նվաճել: Իհարկե, ափսոս է: Բայց դրա փոխարեն նա ապացուցեց, եւ մենք վստահ ենք, որ շատ շուտով իր մասին դեռ շատ խոսել կտա:
– Անդրանիկի մասին միայն դրվատանքի խոսքեր կարելի է ասել: Իսկ Գոռի եւ Հայկի՞…
– Տիրանայից ինձ ասացին, որ Հայկը դեռ պոկում վարժությունում վնասել էր ոտնաթաթը եւ, անգամ, ցանկություն էր հայտնել՝ չշարունակել պայքարը: Բայց հետո որոշվել է, որ նա հրաժարվելու պատճառով զրո չստանալու համար շարունակի: Սակայն վնասված հատվածում հոդախախտ է եղել ու նա չի կարողացել գրանցել 210 կիլոգրամը: Հիմա ես մտածում եմ, որ նա չի հասցնի պատշաճ չափով ապաքինվել եւ մասնակցել հուլիսին կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերին, ինչը ծրագրված էր:
Գոռի մասին: Նա երկամարտի 400 կգ-ով զբաղեցրել է 7-րդ տեղը, ինչը նրա տարիքի համար վատ չէ (ծանրորդի 19 տարին լրանալու է աշնանը): Գոռի մոտ էլ հրումում 215 կգ-ն կրծքին բարձրացնելիս ծնկահոդի հին վնասվածքն է զգալ տվել եւ այդ պատճառով է հրաժարվել երրորդ մոտեցումից: Ի դեպ, ասեմ, որ նա մայիսին Անդրանիկ Կարապետյանի եւ Իզաբելա Յայլյանի հետ միասին մեկնելու է Պերու՝ մասնակցելու աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությանը:
– Մի հարց էլ, որը շատ է հետաքրքրում մարզասերներին: Ինչո՞վ են զբաղված մեր արդեն տիտղոսակիր ծանրորդները՝ Տիգրան Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Առաքել Միրզոյանը, Մելինե Դալուզյանը, որոնք, որքան հայտնի է, մարզվում են, սակայն արդեն բավականին երկար ժամանակ ոչ մի կերպ չեն երեւում մրցումներում:
– Սկսեմ Հռիփսիմե Խուրշուդյանից եւ Նազիկ Ավդալյանից: Հռիփսիմեն պատրաստվում է մայր դառնալ: Նա այսօր մեր աղջիկների առաջատարն է եւ հիմա էլ մարզադահլիճի հետ շփվել չի դադարեցրել: Երբ բալիկ կունենա, մեկ տարի էլ կխնամի, դրանից հետո, ինչպես խոստացել է, կվերադառնա մրցահարթակ եւ համոզված եմ, խնդիրներ չի ունենա: Հռիփսիմեն այնքան հարուստ ներուժ ունի, որ կարճ ժամանակում լավագույն մարզավիճակի կգա, հաջող կմասնակցի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, իսկ 2016 թվականին կպայքարի օլիմպիական խաղերի ավելի ազնիվ մեդալների համար: Իսկ Նազիկի ճակատագիրը բժիշկների եւ իր ձեռքում է: Կթույլատրե՞ն մարզվել եւ մեծ ծանրաբեռնվածություններ վերցնել՝ խնդիր չկա: Մենք միայն ուրախ կլինենք: Մելինե Դալուզյանին դեռ անհանգստացնում են արմնկահոդի եւ խնկահոդի հին վնասվածքները: Անցած տարի մենք չհասցրինք նրա վնասվածքները բուժել, օլիմպիական խաղերի համար շտապեցինք: Այդուհանդերձ, նա պատրաստվում էր Եվրոպայի այս առաջնությանը: Բայց վերջին օրերին ցավերն այնքան ուժեղ էին, որ հրաժարվեց մեկնել: Ինչ վերաբերում է տղաներին, նրանք Լոնդոնից հետո Գերմանիայում եւ Ռուսաստանում բուժվելով, շարունակում են վերականգնողական կուրսեր անցնել: Հուսով ենք, որ շուտով կսկսեն ավելի ակտիվ մարզումները եւ կմասնակցեն աշխարհի առաջնությանը:
– Այսինքն՝ աշխարհի առաջնությունում մեր ծանրորդներից մեդալների ակնկալիքները քի՞չ են:
– Ես այդպիսի բան չասացի: Բայց ուզում եմ ձեզ եւ մարզասերներին տեղեկացնել, որ մեր ֆեդերացիայի ռազմավարությունը փոխվել է: Նոր օլիմպիական շրջափուլի առաջին երկու տարիներն անցկացնելու ենք համեմատաբար խաղաղ եւ այդ ընթացքում փորձելու ենք ձեւավորել ապագա հավաքականների հիմնական կազմերը: Այդ ընթացքում բոլոր հավանական թեկնածուներին, այսպես կոչված՝ հներին եւ նորերին հնարավորություն ենք ընձեռելու ցույց տալ իրենց, ապացուցել իրենց արժանիքները: Եվ երբ զտումը կկայանա, դրանից հետո արդեն նպատակաուղղված նախապատրաստվելու ենք Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ