Աշխարհահռչակ The Rolling Stones-ը շարունակում է ընդլայնել 50 and Counting շրջագայության հյուսիսամերիկյան հատվածը՝ դրան նոր համերգներ ավելացնելով: Բացի այդ, խումբը հայտարարել է նոր DVD/Blu-Ray սկավառակի թողարկման մասին: Ի հավելումն Մոնրեալի Bell Centre-ում հունիսի 9-ին ավելացրած համերգին, The Rolling Stones-ն անցած շաբաթ նաեւ հայտարարեց նոր համերգների մասին՝ Բոսթոնի TD Garden-ում հունիսի 14-ին, Ֆիլադելֆիայի Wells Fargo Center-ում հունիսի 21-ին, Անահայմի Honda Center-ում մայիսի 18-ին եւ Լոս Անջելեսի Staples Center-ում մայիսի 20-ին:
Խումբն իր պաշտոնական կայքի միջոցով նաեւ հայտնի դարձրեց, որ Eagle Rock ընկերությունը կթողարկի The Rolling Stones-ի երկար սպասված Crossfire Hurricane DVD/Blu-Ray սկավառակը մայիսի 21-ին:
Crossfire Hurricane տեսաֆիլմի ռեժիսորն է Բրետ Մորգենը եւ այն ցուցադրում է խմբի ստեղծագործական ուղին՝ սկսած ամենավաղ օրերից՝ Անգլիայի 60-ականների երաժշտական ասպարեզում, մինչեւ համաշխարհային ռոք լեգենդներ դառնալը: Eagle Rock ընկերությունը վստահեցնում է, որ ֆիլմը հագեցած կլինի պատմական տեսանյութերով, որոնց մեծամասնությունը մինչ այդ երբեւիցե լույս չի տեսել: Բացի այդ, տեսաֆիլմում տեղ են գտել խմբի ներկա եւ անցած կազմերի անդամների մեկնաբանություններ: The Rolling Stones-ի կայքում տեղադրված պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. Crossfire Hurricane-ը գեղադիտակային նոր ֆիլմ է, որ պատմում է Rolling Stones-ի կարիերայի առանցքային շրջանների եւ նրանց անհավատալի ճանապարհորդության մասին: Բրետ Մորգենի կողմից դրված՝ Crossfire Hurricane-ն իրենից հրաշալի նոր հեռանկար է ներկայացնում խմբի չտեսնված ճանապարհորդության վրա՝ բլյուզով տարված դեռահասներից՝ վաղ 60-ականներին, մինչեւ ռոք արքայություն: Ամեն ինչ այստեղ է համապատկերային անաչառությամբ. Marquee ակումբից մինչեւ Հայդ-Պարկ, Ատլամոնտից մինչեւ Exile, ակումբային ելույթներից մինչեւ մարզադաշտային ներկայացումներ: Ինչպես եւ հարիր է ռոք խմբին, որը հասել է 50-ամյա տարիքին՝ նրանց դիրքն ավելի բարձր է, քան երբեւէ: Ֆիլմը համադրում է ծավալուն պատմական տեսանյութեր, որոնք հիմնականում հայտնի չեն: Այստեղ կան Միք Ջագերի, Քիթ Ռիչարդսի, Չարլի Ուոթսի, Ռոնի Վուդի եւ նախկին Սթոունզի անդամներ Բիլ Ուայմանի եւ Միք Թեյլորի մեկնաբանություններ:
DVD-ի եւ Blue-Ray-ի բոնուսային նյութն ընդգրկում է նախկինում չթողարկված համերգային տեսագրություն՝ Live in Germany ’65, NME Poll Winners համերգային տեսագրություններ 1964թ.-ից ու 1965-ից, ռեժիսոր Բրետ Մորգենի հետ հարցազրույց՝ The Sound and Music of Crossfire Hurricane, տեսագրություն The Arthur Haynes Show (1964) եւ կինոթատրոնային թրեյլերը: Crossfire Hurricane-ի համաշխարհային պրեմիերան կայացավ Լոնդոնի կինոփառատոնի ժամանակ՝ հոկտեմբերին, երբ Միք Ջագերը, Քիթ Ռիչարդսը, Չարլի Ուոթսն ու Ռոնի Վուդը՝ բոլորն անցան կարմիր գորգի վրայով՝ ուրախություն պատճառելով երկրպագուներին ու լրատվամիջոցներին ամբողջ աշխարհում: Ֆիլմը նմանատիպ պրեմիերա ունեցավ հաջորդ ամիս ԱՄՆ-ում՝ Ziegfeld թատրոնում: Եվ DVD-ն, եւ Blue-Ray-ը հասանելի կլինեն նախապատվիրելու համար ապրիլի 26-ից: Ընդ որում՝ արտադրողի առաջարկված մանրածախ արժեքը կկազմի $14.98 DVD-ի եւ $19.98 Blu-Ray-ի համար:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ