Քիչ առաջ Սարյան պուրակից ՀԱԿ համակիրները սկսեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իրենց ամենամյա երթը: Երթին մասնակցում են ՀԱԿ ավագանու թեկնածուները՝ Վահագն Խաչատրյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:
ԱԺ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին, ասաց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը լեգալ հնարավորություն է ընձեռել մեծ պետություններին՝ հայտարարել, թե նպատակահարմար չէ ցեղասպանության խնդրին անդրադառնալ, որովհետեւ Հայաստանը եւ Թուրքիան ունեն միջկառավարական ստորագրված փաստաթղթեր, որով պարտավորվել են ցեղասպանության հարցը ուսումնասիրել պատմաբանների հանձնաժողովի կողմից: «Ինչը եթե չի բացառել, առնվազն կասեցրել է ցեղասպանության ճանաչման միջազգայնացումը»:
Թե այս տարիների ընթացքում իրավական առումով հարցի լուծման ի՞նչ առաջընթաց ենք ունեցել, պարոն Ջհանգիրյանն ասաց. «Մի շարք երկրներ ճանաչել են, իսկ ճանաչման իրավական հետեւանքները չեմ տեսնում»:
Մեր հարցին՝ ի՞նչ տեղի ունեցավ, որ պայքարը հողերի պահանջատիրությունից փոխարինվեց ցեղասպանության ճանաչման հարցի, պարոն Ջհանգիրյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ ճանաչումը բերելու է ավտոմատ հողերի վերադարձման: Հիմա Հայաստանն ինքը դատարկվում է, լրացուցիչ հողերն ի՞նչ ենք անում: Խնդրեմ՝ ազատագրված տարածքները դատարկ են, շրջաններն ու գյուղերը դատարկվում են, դուք տարածքները վերցնում եք որ ի՞նչ անեք»:
Կարդացեք նաև
Պարոն Ջհանգիրյանի կարծիքով՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման որոշումը էապես խանգարեց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ ցեղասպանության հարյուրամյակ թե հարյուրտասնամյակ էլ անցնի, դժվար թե ինչ-որ բան փոխվի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հայտնի է, որ մի գդալ կեղտը բավարար է, որ մի տակառ մեղրը փչաչնի: Եթե նույնիսկ ՀԱԿ-ում բոլորը հրեշտակներ լինեին, միայն այս անձը հերիք է, որ այդ ուժը համարեմ զզվելի և ապազգային: Ընդ որում սա ոչ թե շարքային համակիր է, այլ “կառկառուն” գործիչ և դերակատար: Իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ ընտանիքներ հենց իր և իր պես մարդակերների երեսից են դժբախտացել կամ արտագաղթել: Սրան ճիշտ կլիներ նման սրբավայրեր ներս էլ չթողնել, ուր մնաց մի հատ էլ իր “մտքի գոհարները” լրագրողներին այս օրով հրամցնել:
Իսկ ինչ վերաբերվում է միջկառավարական արձանագրություններին, նախ այնտեղ ոչ մի խոսք չկա ցեղասպանության կամ դա քննարկող հանձնաժողովների մասին: Բացի այդ, դրանք ընդամենը նախաստորագրված են եղել և հետագայում կասեցվել են հենց Թուրքիայի խորհրդարանի կողմից` որպես իրենց շահերին չհամապատասխանող, իսկ այնուհետև նաև ՀՀ նախագահի կողմից` նախապես պայմանավորված ժամկետների Թուրքիայի կողմից խախտման համար: Ներկայումս դրանք չեն հանդիսանում իրավաբանական փաստաթղթեր: Մի բանի մասին խոսելիս գոնե պետք է ծանոթ լինել դրան: